«Շրջափակման ժամանակ ես մշտական կապի մեջ եմ եղել Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ։ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը՝ Արայիկ Հարությունյանը սկսել է քննարկել երեք ամիս, մինչեւ Ղարաբաղի անկումը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել Արցախում՝ հեղաշրջո՞ւմ, ինչպես ՀՀ իշխանություններն են ասում։
Ըստ Քոչարյանի՝ ամեն անգամ Արայիկ Հարությունյանն ասում էր՝ «Ես չեմ ձգում, խոսքս տեղ չի հասնում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է, հրաժարական եմ տալիս»։ Քոչարյանի խոսքով՝ ամեն անգամ Բակո Սահակյանը համոզում էր Արայիկ Հարությունյանին հրաժարական չտալ։
«Վերջին անգամ ինքն արդեն հավաքել էր ու հայտարարել, որ մեկ է՝ ինքը հրաժարական է տալու։ Սա է եղել։ Ինքն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որոնք պատրաստ կլինեին ստանձնել այդ իշխանությունը, եւ Սամվել Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու Արայիկ Հարությունյանն անձամբ էր համոզում։ Այսպես է եղել։ Եվ այդ հրաժարականի ժամանակ ես եւս մի քանի հեռախոսազրույց ունեցել եմ, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն ինձ պատմում էին հետեւյալը, որ Արայիկ Հարությունյանն այդքանն ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանին, բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի հետ»,- ասաց նա։
Ըստ նրա՝ այսօր շահարկել այդ ամենը ուղղակի անբարոյականություն է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ