Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է կառչած լինենք մեր ազգային արժեքներից, դրանք են մեր իրական հարստությունը

Փետրվար 17,2025 11:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում արագացված տեմպերով փոփոխություններ են կատարվում, որոնք իշխանությունները փորձում են ներկայացնել որպես հաջողված բարեփոխումներ։ Գուցե Հայաստանում հասարակության որոշ հատվածին նրանց հաջողվում է դրանում համոզել, սակայն երբ այդ նույն փորձերը, հատկապես «գաղափարական տրանսֆորմացիայի» հետ կապված, կատարվում են Հայաստանից դուրս, ապա զայրույթ ու զարմանք է հարուցում սփյուռքի հայության լայն շրջանակներում նույնպես։ Փոխելն ու բարեփոխելը տարբեր հասկացություններ են։

Բերեմ պարզ օրինակ։ Եթե Հայ Եկեղեցու պատմություն առարկան ոչ թե դուրս մղվեր պետական ուսումնական հաստատություններից, այլ կատարելագործվեր այն ուսուցանելու մեթոդը, ուշադրություն դարձվեր դասագրքերի բովանդակության և ուսուցիչների վերապատրաստման վրա ու դասաժամերն էլ տրամաբանական քանակի հասցվեին, ապա կատարված փոփոխությունները կդիտվեր որպես բարեփոխություն։ Բայց այն ինչ կատարվեց Հայ Եկեղեցու պատմություն առարկայի հետ, դա ո՛չ թե բարեփոխություն էր կրթական համակարգում, այլ «գաղափարական տրանսֆորմացիայի» մաս էր կազմում, այսինքն` դրանով փորձ կատարվեց քրիստոնեական աշխարհայացքի վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսությունը կտրել իր արմատներից։ «Գաղափարախոսական տրանսֆորմացիա» կատարելը աղանդավորական շարժումների ձեռագիրն է։

Այժմ գոնե ինձ համար արդեն պարզ է, որ իշխող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը, նույնիսկ մինչև իր իշխանության գալը, գաղափարախոսական պայքար էր մղում հայ ժողովրդի դեմ։ 2018 թվականից սկսած հայրենասեր ու եկեղեցասեր հայորդիներ իրենց ազնիվ հորդորներով փորձել են դարձի բերել ՔՊ կուսակցությանն ու նրա ղեկավարին, սակայն, ինչպես և սպասելի էր, նրանք այդ խոսքերին պարզապես ուշադրություն չեն դարձրել, ընդ որում սա այն դեպքը չէ, որ նրանք չեն հասկանում թե ինչ են անում։ Որևէ աղանդի առաջացումը սկսում է ժողովրդի մեջ սին հույսեր առաջացնելու մեթոդով արհեստածին գաղափարախոսություն ներարկելու ինչ որ մեկի կամ մի խումբ մարդկանց հիվանդագին նկրտումներից։ Երբ այդ նկրտումները հակադրվում են քրիստոնեական ավանդական վարդապետությանը, ապա գործ ունենք կրոնական աղանդի հետ, իսկ երբ դրանք հակադրվում են ավանդական ազգային գաղափարախոսությանը, ապա գործ ունենք քաղաքական աղանդի հետ։

Այն քաղաքականությունը, որը հիմա իրականացնում է ՔՊ կուսակցությունը, ըստ իս, թույլ է տալիս բնութագրելու նրան որպես քաղաքական աղանդ, քանի որ ակնհայտ է այդ կուսակցության վարած ապազգային քաղաքականությունը։ Սակայն նկատի ունենալով նաև, որ նրա կարկառուն ներկայացուցիչները հակված են դեպի կրոնական բնույթի շեղումները նույնպես, ապա նշածս կուսակցությանը, կարծում եմ, կարելի է դիտարկել ո՛չ թե զուտ քաղաքական, այլ որպես կրոնա-քաղաքական աղանդ, ինչը շատ ավելի վտանգավոր է հայապահպանման տեսակետից։

Մենք պետք է կառչած լինենք մեր ազգային արժեքներից, դրանք են մեր իրական հարստությունը, Աստծու և այդ հարստությունների հետ է պետք հույսեր կապել, այլ ո՛չ թե արդեն իսկ հարստահարված հայ ժողովրդից կեղեքված կամ հարկված գրոշներին ապավինել։ Շատ դեպքերում հակաքարոզչությունը նույնպես քարոզչության ֆունկցիա է կատարում, ուստի ընդհանրապես հայաստանյան ընդդիմադիր դաշտը, կարծում եմ, պետք է յուրատեսակ բոյկոտի ենթարկի նաև «գաղափարախոսական տրանսֆորմացիա», «իրական Հայաստան», «Արարատ-Արագած» և նմանատիպ այլ խոսույթներին, որոնք ՔՊ կուսակցության ղեկավարը փորձում է փաթաթել իր ապագա ընտրողների վզին։ Այսինքն` պետք է ձեռնպահ մնալ հայկականությունից կտրված խոսույթները չափից ավել մեկնաբանելուց ու տարածելուց։

Գուցե լինեն ՔՊ կուսակցության որոշ անդամներ կամ համակիրներ, ովքեր ասածս վիճարկելի կհամարեն, բայց վստահ եմ, որ եթե այդ մարդիկ թեկուզ հպանցիկ անդրադարձ կատարեն իրենց կուսակցության ղեկավարի խոսքերին ու գործերին, ապա իրենք էլ կարող են համոզվել դրանում, ինչպես դրանում արդեն համոզվել են ՔՊ կուսակցության որոշ նախկին պատգամավորներ, ովքեր ժամանակին, պայմանականորեն ասած, այդ կուսակցության ղեկավարի անունով էին երդվում։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728