Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արագածոտնի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Գևորգ Սարգսյանը, ներկայացնելով Արագածոտնի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ նախորդ տարում նախաձեռնվել է 1928 քրեական վարույթ, մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել 4990 քրեական վարույթների նկատմամբ (2941 քրեական վարույթ փոխանցվել է նախորդ տարիներից):
Մարզի դատախազի խոսքով՝ քննված 4990 քրեական վարույթներից ավարտվել է 1619-ը, որից 645-ը՝ 666 անձի նկատմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 4-ը՝ 4 անձի նկատմամբ եզրափակիչ ակտով, ուղարկվել են իրավասու դատարան: «Համեմատության համար նշեմ, որ 2023 թվականին մարզի դատախազության կողմից ավարտվել էր 1210 քրեական վարույթ, որից 462-ն էր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել իրավասու դատարան»,- տեղեկացրել է Գևորգ Սարգսյանը՝ ընդգծելով, որ դատարան ուղարկված վարույթների քանակը 2023 թվականի համեմատ 2024 թվականին աճել է 185-ով կամ 41%-ով:
Կարդացեք նաև
2024 թվականի Արագածոտնի մարզի դատարանների կողմից 634 քրեական գործով՝ 646 անձի նկատմամբ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 240 քրեական գործով՝ 259 անձի վերաբերյալ):
Աննա Վարդապետյանն Արագածոտնի մարզի դատախազին և դատախազության դատախազներին հանձնարարել է մարզային իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ