Արցախյան բոլոր պատերազմներն այնտեղ ծնված ու ապրած յուրաքանչյուր հայի կենսագրության անջնջելի մասն են, որոնք այսօր որպես ծխացող մի ցավ կսկծացնում են հոգին
Հեռախոսի էկրանին՝ որդու զինվորական համազգեստով նկարն է, իր հագին՝ Արցախի տատիկ-պապիկի արձանի նկարով շապիկ, արտաքինից խիստ է երեւում, միայն բարի ու հուզմունքը խորը թաքցրած աչքերը մատնում են ներսի փոթորիկներն ու խոսում բարի սրտի մասին, սրտի, որի վրա անբուժելի են կյանքի թողած վերքերը, չսպիացող, մորմոքող ցավը, կորուստն ու կարոտները…
Որդին սպանվեց դիպուկահարի կրակոցից, որպես աչքի ընկնող զինվորական վաղուց էր թշնամու նշանառության տակ ու անգամ գլխագին էին սահմանել. մայրը պարզել էր, որ այդ ուկրաինացի վարձկան դիպուկարուհուն հետո Բաքվում բնակարանով վարձահատույց էին եղել՝ Աշոտին շարքից հանելու համար:
Անհետ կորած ամուսինը, Արցախում թողած որդու շիրիմը, իր մի ամբողջ կյանքն ու ապրածը, դրած տուն ու տեղը, իր վրեժը… Երանիկ Բաղրյանը, ով մասնագիտությամբ հաշվապահ էր, որդու զոհվելուց հետո անցավ ծառայության Արցախի բանակում, որդու կիսատ թողածի ետեւից էր ուզում գնալ, լրացնել նրա տեղը բանակում, ինչ-որ կերպ առնել որդու կարոտը մյուս զինվորներից, մայր լինել նրանց համար, նրանց կողքին լինելով, այդպես խելագարեցնող կարոտը ինչ-որ կերպ մեղմել:
Կարդացեք նաև
Երանիկը, մոր, եղբոր մի հատիկ դստեր հետ միասին, արցախցու իր հպարտությամբ ու պատվախնդրությամբ այսօր վարձով բնակարանից բնակարան տեղափոխվելով՝ Հայաստանում շարունակում է իր կյանք ու կռիվը, աշխատում է մաքրուհիների մի կազմակերպությունում, որտեղ նրա աշխատանքից մեկ անգամ օգտվող յուրաքանչյուր պատվիրատու առանց Երանիկի մասնակցության կանչ չի գրանցում: Իր գործը՝ ինչ էլ որ անի, անում է տեղը-տեղին, ինչպես ինքն է ասում՝ «իմ վաստակս պիտի արդար լինի»: Հաշմանդամություն էլ ունի, սպառողական զամբյուղին չհերիքող իր վաստակին կից մի ցանկ դեղեր, որոնք նրա կյանքի որակն են փոքր-ինչ բարելավում, որպեսզի կարողանա պահել մորը, Հայաստանում մահացած, զինհաշմանդամ եղբոր, արդեն երկկողմանի ծնողազուրկ դստերը, ով փայլուն առաջադիմությամբ ընդունվեց Երեւանի տնտեսագիտական համալսարան եւ այսօր ամենօրյա կարիքների մեջ աշխատելով պայքարում են, որ կարողանան վարձավճարը հասցնել: Տաթեւը երազանքներ ունի, գիտական ճանապարհով գնալու, ամուսնությունն ու երեխան կսպասեն, ամեն ինչ էլ իր ժամանակին կհասցնի, միայն թե հիմա լավ ու հիմնավոր, իր ուզած որակի ուսումը պետք է ստանա, լեզուների ուսումնասիրությամբ է զբաղվում նաեւ, կատարելագործում անգլերենն ու ֆրանսերենը: Երանիկը հպարտությամբ է խոսում եղբոր դստեր մասին, ձեռքով անդադար շոյելով հեռախոսի էկրանից ժպտացող Աշոտի նկարը: Ցավի մեջ անգամ զուսպ է Երանիկը:
«Երբ հաշմանդամ զինվոր եմ տեսնում, մտածում եմ. մայրդ պիտի փառք տա Աստծուն, որ քեզ ունի, երանի ես էլ իմ որդուն այսպես ունենայի»,- արցունքները կոկորդում պինդ սեղմած ասաց Երանիկը, ում համար զինհաշմանդամ զինվոր եղբորը տասնամյակներով խնամելը լցրել էր մարդու հանդեպ մեծագույն սիրով, համբերատարությամբ, դիմացինի ցավն ու կորուստը հասկանալու հոգեբանական խորը նրբերանգներով:
Ծով դժվարությունների մեջ ապրած ու բյուրեղացած մի կյանք, որի առջեւ գլուխ խոնարհելը քիչ է, այսպիսին են մնում միայն իսկապես բարի ու ազնիվ մարդասեր մարդիկ:
«Երանիկ Բաղրյան, 51 տարեկան եմ, ծնվել եմ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում։ Սովորել եմ տեղի միջնակարգ դպրոցում։ Հաշվապահական կրթություն ստացել։ Մի աղջիկ եւ մի տղա ունեմ։ Տղայիս մահից հետո որոշեցի դառնալ զինվորական. կոչումով սերժանտ եմ եղել։ Ծառայել եմ Մարտունու զինհոսպիտալում։ Եղբայրս իննսունականների զինվորներից էր, Արցախի ազատագրողներից, Ենոք Նարինյան։ Մասնակցել է Արցախի ազատագրության թեժ մարտերին, Աղդամ, Քարվաճառ։ 2011 թվականին Ջաբրայիլում էր ծառայում որդիս, Աշոտ Բաղրյան, զոհվել է մարտի ժամանակ, դիպուկահարի կռիվ է եղել։ Քառասունհինգ օր էր մնացել ծառայության ավարտին։ Դիպուկահարի կրակոցից զոհվեց տղաս, իսկական զինվորական էր, բոլոր հմտություններին տիրապետում էր, իր ծառայակից ընկերները մինչեւ այսօր հիշում ու պատմում են նրա մասին, բացառիկ տեսակ էր ու ազերին իր գլխի համար մեծ գին էր սահմանել, ասում են, որ ուկրաինուհի դիպուկահարի կրակոցից է խոցվել տղաս, ու այդ սպանողին տնով են պարգեւատրել Բաքվում: Ես կուզեի, որ որդիս կողքիս լիներ, այն ամենն, ինչ տեսանք, ինչ ապրեցինք՝ դարձավ երազ, օդ ցնդեց… Հանուն ինչի՞ այսքան կորուստներ, այսքան ցավ ու դառնություն, երբ մեր գերեզմաններն անգամ մնացին թշնամու ձեռքին։ Տուն ու տեղ, մի կյանք, ամեն ինչ օդ ցնդեց ու դարձանք փախստական մեր հայրենիքի մեջ։ Մարտունի, հոսպիտալում էինք 44-օրյայի ժամանակ: Ով ինչով կարող էր, օգնում էր, վազում, ամեն ինչ էիր, միայն վիրահատող բժշկի գործին էր, որ չէինք խառնվում։ Ածխացած դիակներ ու անհամար մարմիններ, մարմնի մասեր եմ տեսել, «Ուրալ» մեքենաներով էին բերում դիերը, որոնց թիվ ու տեղ չկար: Մեզ տեղափոխեցին Գիշի գյուղ, դպրոցի շենքում էինք, պալատկաներով ծածկված: Կարծես ակվարիումում լինեիր: Անհասկանալի պատերազմ էր, նահանջ էին տալիս ու գցում շրջափակման մեջ: Եղբայրս այստեղ, Հայաստանում մահացավ, ես մորս ասում եմ, դու երջանիկ մայր ես, որ կարողանում ես որդուդ գերեզմանին գնալ, ես ո՞ւր գնամ»:
Հարցերը սառել են կոկորդումս, խեղդում են, չեմ ցանկանում բորբոքել իր վերքերը, համառորեն ձեռքից վերցրած փոշեկուլի խողովակն եմ գետնին անիմաստ շարժում, գլխիկոր եմ այս կնոջ առաջ, որի ցավի մեջ ոչ մի կաթիլ իմ մեղքից չկա, բայց մեկ է՝ մեղավոր եմ զգում, որ նա այսքանով հանդերձ դեռ բախվում է մի իրականության, որտեղ մարդը իջնում է մինչ անմարդկայնության հատակը…
«Գիտես, Արմինե ջան, բոլորը ձեր պես չեն մտածում, ինձ ասում են՝ մենք արցախցիներին չենք սիրում: Ասացի, բայց դու ո՞վ ես, որ ինձ սիրես, հետո այդ նույն մարդը մի օր հետո եկել փաթաթվել է ինձ ու ասում է, դու լավ մարդ ես… Ասացի, ինչ իմացար, ինչից որոշեցիր, որ լավն եմ, դո՞ւ ես որոշում լավ ու վատը, որտեղ չկա վատը, ինչու եք հենց արցախցուն թիրախավորել, որտեղից էս ատելությունը, ինչու, էլ ի՞նչ պիտի տեսնենք, որ չենք տեսել: Մենք թուրքի հետ ապրել չուզեցինք ու մեկ մարդու պես հեռացանք, որ էդքան լավ իմացող լինեինք նրանց ու հետները մերվեինք, հենա կապրեինք էլի, անտուն չէինք թափառի այստեղ: Պատվախնդրության մասին մտածելու տեղ ունի հայը, որոշելու՝ արդյոք ո՞րն է անպատիվը»:
Սա մի ժողովրդի դաժան պատմություն է, որը որքան էլ հավատալու չէր, բայց կրկնվեց ու դասեր, ցավոք, կարծես թե չի քաղում հայ ժողովուրդը:
Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
արվեստաբան
«Առավոտ» օրաթերթ
15.02.2025