Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովուրդը մինչեւ վերջ կռվել է, իսկ Հայաստանը չի կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականությունները». Վահրամ Բալայան

Փետրվար 17,2025 12:30

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

– Պարոն Բալայան, հայտնի դարձավ, որ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին։ Այսինքն՝ քանի որ հնարավոր չէ ընտրություններ անցկացնել, այդ պատճառո՞վ է երկարաձգվում գործող խորհրդարանի լիազորությունը։

– Երբ պատերազմական կամ արտակարգ իրավիճակ է լինում, եւ հնարավոր չի լինում ընտրություններ կազմակերպել, նախագահը Սահմանադրությամբ վերապահված այդ իրավասությունն ունի՝ երկրաձգել գործող ԱԺ լիազորությունները։ Օրենքում գրված է՝ շարունակել այնքան, մինչեւ կլինեն նոր ընտրություններ։ Այդ իրավունքից օգտվելով՝ նա նմանատիպ հրամանագիր է ստորագրել։

– Ստեղծված իրավիճակում Արցախի ԱԺ հետագա գործունեությունն ինչպե՞ս եք պատկերացնում։

– Իհարկե, ցանկալի կլիներ, որ ընտրություններ լինեին, դա կազմակերպվեր այնպես, ինչպես Սահմանադրությունը պահանջում է, բայց այսօր այնպիսի իրավիճակ է, որ դժվար է այդ ամենն իրականացնել։ Հետեւաբար, խնդիր է, որ ամեն գնով պետք է պահպանել Արցախի Հանրապետության իշխանության մարմինները, մանավանդ՝ ժողովրդի կողմից ընտրված։ Իհարկե, այս պահին Արցախը ֆիզիկապես մեր ձեռքում չէ կամ բռնազավթված է հակառակորդի կողմից, բայց կարծում եմ, որ գաղափարը միշտ վառ պետք է պահել՝ հնարավորության սահմաններում մեր հայրենիքի այդ հատվածին նորից տիրություն անելու համար։ Աշխարհն այսպես անշարժ մի բան չէ, անընդհատ փոփոխություններ են լինում, եւ հնարավոր է ստեղծվեն այնպիսի իրավիճակներ, նույնիսկ մեզ համար էլ անպատկերացնելի, որ մենք այդ հնարավորությունն օգտագործենք։ Կարծում եմ՝ հենց այդ տեսանկյունից իշխանության մարմինները պետք է շարունակեն գործել, որպեսզի նաեւ կարողանան ժողովրդի համահավաք կամքն իրողություն դարձնել։

– Այսօր սերտ կապ կա՞ Արցախի ԱԺ ու բռնի տեղահանված արցախցիների միջեւ, արցախցիներն արդյունավետ համարո՞ւմ են ձեր գործունեությունը։

– Իհարկե, տարբեր հարցերով մեզ շատ դիմողներ կան։ Այն իրավասությունները, որոնք նախկինում ունեին կառավարությունն ու Ազգային ժողովը, ցավոք սրտի, այսօր այդ հնարավորությունները չկան՝ մարդկանց հարցերը լուծելու համար։ Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ իշխանություններն են գործում, եւ հարցերի մի մասը լուծվում են ՀՀ իշխանությունների իրավասությունների շրջանակներում։ Օրինակ՝ բնակապահովման եւ սոցիալական ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից։ Մեր հնարավորությունները բավականին սահմանափակ են, բայց այստեղ ամենաէական հարցն Արցախի պետական մարմինները պահպանելն ու հետագայում այդ հնարավորություններն օգտագործելն է։ Ես նկատի ունեմ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցն իրականություն դարձնելը։ Պատահական չէ, որ այդ նույն իշխանության մարմիններից մեկը՝ Ազգային ժողովը համապատասխան հանձնաժողով է ձեւավորել, որը զբաղվում է այդ հարցերով։ Տարբեր երկրներում ու ատյաններում քննարկումներ են իրականացվում այդ հնարավորությունները որոնելու, գտնելու առումով։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն արցախցիների մասին։

– Արցախի ԱԺ պատգամավորներն այդ մասին հայտարարությամբ արդեն հանդես են եկել։ Ես կարծում եմ, որ նման հայտարարությունները մեր ժողովրդի երկու հատվածի միջեւ հակասություններ ձեւավորելու, մեր նահատակների հիշատակը չհարգելու, մեր ժողովրդին վարկաբեկելու միտում ունեն։ Սա անընդունելի է, որովհետեւ իրականությունն այդպես չէ։ Արցախի ժողովուրդը մինչեւ վերջ կռվել է, եւ պատահական չէ, որ մեկ օրվա ընթացքում՝ միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հայկական կողմից 238 մարդ զոհվել է, իսկ հակառակորդը հարյուրավոր կորուստներ է ունեցել։ Ո՞նց է հակառակորդը կորուստներ ունեցել, եթե Արցախի ժողովուրդը չի կռվել ու չի պայքարել։ Ընդհանուր առմամբ անհնար էր, պայքարելու ու կռվելու հնարավորություն չկար այլեւս։ Շրջափակման մեջ էր Արցախը, պարենի, զինամթերքի պակաս կար, դրան գումարած ուժերի մեծ տարբերությունը։ Ըստ էության արցախահայությունը՝ այդ մի բուռ ժողովուրդը, միայնակ էր մնացել, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իր պարտականությունները չէր կատարում։ Եթե գոնե ՀՀ հետ որեւէ սահման լիներ, հնարավոր էր ինչ-որ բան անել, բայց շրջափակման պայմաններում դա անհնարին էր։ Եվ հենց այդ լիակատար շրջափակումը պատահական չկատարվեց, ժողովրդին ուժասպառ արեցին, որ վերջնական հաշվեհարդար տեսնեին արցախցիների ու Արցախի Հանրապետության հետ։

Այնպես որ, Հայաստանի իշխանությունների այս մեղադրանքները հանիրավի մեղադրանքներ են, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728