Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ ո՛չ նախկին եմ համարում, ո՛չ էլ ներկա․ ո՛չ քաղաքապետ եմ եղել, ո՛չ էլ մարզպետ»․ Մարտուն Գրիգորյան

Փետրվար 16,2025 23:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը պատրաստվում է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին, հաստատեց Aravot.am-ի այն տեղեկությունը, որ «Պատիվ ունեմ» դաշինքով չի առաջադրվելու։ Նա ասաց, որ մոտ օրերս կհայտարարի, թե որ քաղաքական ուժի ցուցակն է գլխավորելու։

Մարտուն Գրիգորյանը նշում է, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելը սկզբունքի հարց է․ Գյումրու զարգացման իրատեսական ծրագիր ունի և մյուսների նման չի գալիս իր հնարավորությունները փորձելու, ընտրապայքարի իմունիտետ ունի, դժվարություններից ո՛չ  խուսափում է, ո՛չ էլ սարսափում։

Մեր հարցին՝ ինչո՞ւ է որպես քաղաքապետի թեկնածու նորից ուզում մտնել ընտրապայքարի մեջ, մի՞թե պատգամավորական մանդատով չի կարող Գյումրիին վերաբերող հարցեր լուծել, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց․ «Պատգամավորական մանդատը կա, բայց ԱԺ ու ՏԻՄ ընտրությունները մեկը մյուսի հետ կապ չունեցող են։

Այսօր մենք գիտենք մեր երկիրն ինչ վիճակում է, ինչ խնդիրներ ունենք, գիտենք նաև պատճառները, թե ինչու ենք այս պահին արտահերթ ընտրությունների գնում․ ժողովրդի ընտրած իշխանությանը․ փաստը դա է, որ «Բալասանյան դաշինքին» ընտրել էին գյումրեցիները, զրկել են իշխանությունից, նրանց ձեռքից վերցրել են քաղաքի կառավարումն ու նույն գյումրեցիների ձեռքից են վերցրել  քաղաքի կառավարումը և այս ամենը հենց այնպես, թողնել, գնալ, ճիշտ չէ։ Եթե ունես հնարավորություն, սիրում ես քո քաղաքը, քաղաքի հետ կապված ամեն մի հարցը ցավոտ ու հետաքրքրող է, իմ գնահատմամբ՝ անմասն չպիտի մնաս»։

Հարցին, թե մասնակիցներից ոմանց նույնացնում են նախկինների  հետ, դուք նախկի՞ն եք, ներկա՞ եք, թե՞ չեք ընդունում նման որակավորումները, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես երբևիցե չեմ եղել կառավարության կազմում,  Տեղական ինքնակառավարման մարմիններում , ո՛չ մարզպետ եմ եղել, ո՛չ քաղաքապետ, ես ինձ ո՛չ նախկին եմ համարում, ո՛չ էլ ներկա, ես չկամ նմանատիպ բաների մեջ։

Ես 4 անգամ գյումրեցիների կողմից ընտրվել եմ որպես Ազգային ժողովի պատգամավոր, աշխատել եմ որպես պատգամավոր, իսկ թե ում ում հետ են կապում, այդ ամենը բնական է։

Ընտրությունների մեխանիզմն այնպես է, որ առաջվա պես մեծամասնական ընտրակարգով չես մասնակցում․ դու քեզանով գնաս, մասնակցես, այդպես չէ։ Եթե անելիք ունես, ուզում ես մասնակցել,  պարտադրված ես որևիցե մի կուսակցությամբ կամ դաշինքով առաջադրվել, ու քանի որ այդպես է, բնականաբար ամեն մարդ ունի կուսակցություն կամ դաշինք է ձևավորում, որ մտնի ընտրապայքարի մեջ։ Ես անկուսակցական եմ, բայց ուզեմ, թե չուզեմ ընտրություններին մասնակցելու եմ  ինչ-որ մի կուսակցության կամ դաշինքի միջոցով»։

Մարտուն Գրիգորյանը, որը միանձնյա իշխանություն ձևավորելու տրամադրությամբ է մասնակցում ընտրություններին, ասում է՝ եթե գյումրեցիների քվեների կեսից ավելին չստանա ու անհրաժեշտություն առաջանա այլ ուժերի հետ համագործակցության, ՔՊ-ի հետ երբեք չի համագործակցի։

Մեր ճշտող հարցին էլ՝ եթե հաջողվի միանձնյա իշխանություն ձևավորել, ինչպե՞ս է պատկերացնում  աշխատանքը  կենտրոնական իշխանությունների՝ կառավարող ուժի հետ, պատասխանեց․ «Եթե մտնում ես ընտրապայքարի մեջ, այդ ամենը հաշվարկած ես մտնում։ Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, խոսք կա, չէ՞, մարդը մարդ լինի, այսինքն  եթե մարդը հաստատակամ լինի, ուժեղ ու սկզբունքային, ուրեմն խնդիր չէ։

Եթե ես ընտրվեմ քաղաքապետ՝ իմ վրա պատասխանատվություն եմ վերցնում, այդ ամենը լավ հասկանում եմ, գիտակցում եմ։ Այնպես չէ, որ  փորձը չկա, տղերք կան, որոնք այսօր իշխանության դեմ մասնակցել ենք ընտրությունների ու իրենց համայնքներում նորմալ աշխատում են։ Եթե մարդը սկզբունքային է, աշխատում է, ոչ թե չգիտես ինչի համար, այլ հանուն քաղաքի, այդ մարդիկ կկարողանան աշխատել։

Հենց նույն գյումրեցիների համար ամենաձեռնտու տարբերակն է հենց նույն ընդդիմությունից քաղաքապետ ունենալ, քանի որ այդ քաղաքապետն ավելի զգոն  ու ուշադիր է լինելու, քանի որ իր թիկունքին չկա իշխանության աջակցությունը, որպես իշխանության թեկնածու չկա այդ ամենաթողությունը։ Դու գիտես, որ շեղվելու, սխալ թույլ  տալու պարագայում բոլոր ուժային կառույցները քո թիկունքում կանգնած են, իրենց շունչը մշտապես զգալու ես, իսկ այդտեղ շահելու է քաղաքը»։

Մարտուն Գրիգորյանը իրեն  ուժեղ մրցակից համարում է մասնակիցներից յուրաքանչյուրին։ Նա ասում է՝ պետք չէ մեծամտանալ, յուրաքանչյուր մասնակից կախված է գյումրեցիներից։

«Պետք չէ գլխից մեծ բաներ խոսել, քանի որ գյումրեցին սիրում է պատժել մեծամտացողներին։ Ես բոլորին արժանի մրցակից եմ համարում, բոլորին հաջողություն եմ մաղթում և կոչ եմ անում համերաշխության։ Իհարկե, շատերը կփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, շատերը փորձելու են այս քաղաքին վերագրել անախորժություններ, վայ տեսեք, տեսեք Գյումրիում ինչ է լինելու, Գյումրիում լինելու են հանգիստ, խաղաղ համերաշխ ընտրություններ ու հաղթելու է ուժեղը, հենց հաղթեց, բոլորս էլ շնորհավորելու ենք, մաղթելու ենք հաջողություն, ժողովրդի ընտրությունն է, թող ժողովրդի քվեն  տանեն, հասցնեն ժողովրդին ու ժողովրդի սպասումները իրականացնեն»։

Պատգամավորն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ խստորեն քննադատելով այն։

Մանրամասները՝  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728