«Աշխատասեր եմ, պատրաստ եմ իմ ելույթն ավելի զարգացնել, կրկնակի ավելի լավ ելույթ պետք է լինի Եվրատեսիլում: Իրականում նպատակ էի դրել մաքսիմալ հաճույք ստանալ, իմ էներգիան ցույց տալ, թողել էի հաղթել-չհաղթելու միտքը, բայց շատ երջանիկ եմ, որ հաղթեցի: Իմ այս երգի վրա աշխատել է շատ տաղանդավոր թիմ, ֆանտաստիկ մարդիկ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դեպի 2025 Եվրատեսիլ նախընտրական փուլում հաղթող ճանաչված Պարգը՝ Պարգեւ Վարդանյանը:
Դեպի Եվրատեսիլ հայկական պատվիրակության պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն էլ ասաց, որ ահռելի աշխատանք է տարվել եւ շոուն համարում է ստացված. «Պարգը գիտի, որ մեզ թեժ մի քանի ամիսներ են սպասվում: Վաղը Հ1-ում պետք է առաջին հանդիպումն ունենանք, սպասվում են բեմադրության աշխատանքներ, PR արշավ, տեսահոլովակի նկարահանում… պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որ այս էներգետիկան տասնապատկենք ու տասնապատկված տանք ամբողջ աշխարհին»:
Անդրադառնալով մրցույթում ներկայացվելիք երգի ստեղծման պատմությանը՝ Պարգն ասաց, որ մի երգ ունի՝ քայլ առաջ ուղերձով. «Այդ երգի մեսիջն է ՝ չնայել դժվարություններին: Ինձ թվում է՝ այս երգը այդ երգի երկրորդ մասն է, միտքն այն է, որ ոչ մի դեպքում չպետք է հանձնվես, պետք է գնաս առաջ: Չնայած դժվարություններին՝ չպետք է կորցնենք մեզ, լույսը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ