ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության գործերով պետնախարար Մումահամադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ Մազրուիի հրավերով, Աբու Դաբիում մասնակցել է «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովի շրջանակում անցկացվող «Պաշտպանություն վերաիմաստավորում. նորարարություն, ինտեգրում և դիմակայունություն» խորագրով Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC):
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել որպես բանախոս «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկման շրջանակում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի քաղաքականությունը ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ՝ ընդգծելով, որ ապատեղեկատվությունը նոր խնդիր չէ, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման և տեղեկատվության տարածման նոր հնարավորությունների հետ առաջանում են նոր մարտահրավերներ, որոնք խիստ արդիական են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ քաղաքականությունը ապատեղեկատվության, deepfake-երի կիրառման դեմ պայքարի ուղղությամբ՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված-հասարակություն կապը, կիբեռանվտանգության, մեդիագրագիտության, փաստերի ստուգման և տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության շուրջ պատկերացումները։ Նախարարը խոսել է նաև ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից, ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, ինչպես նաև այս համատեքստում նախատեսվող օրենսդրական փոփոխություններից, կիբեռանվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներից, պետական և մասնավոր հատվածների համագործակցության հեռանկարներից, տեղեկատվական համակարգերի ճշգրտության ու հուսալիության բարձրացմանն ուղղված ծրագրերից:
Նախարարի ելույթում շեշտվել է, որ ներկայիս հիպերհաղորդակցված աշխարհում տեղեկատվությունը դարձել է հզոր զենք, որը կարող է ձևավորել ընկալումները, ազդել վարքագծի վրա և նույնիսկ փոխել համաշխարհային իրադարձությունների ընթացքը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել այն մեխանիզմներին, որոնց միջոցով պետական և ոչ պետական դերակատարները կարող են ձևափոխել պատմություններն ու տարածել ապատեղեկատվություն՝ ազդելով հասարակական կարծիքի և քաղաքական որոշումների վրա։
Կարդացեք նաև
Պանելային քննարկմանը նախարարը խոսել է նաև արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տվյալների վերլուծության, բլոքչեյն տեխնոլոգիաների, փաստերի ստուգման մեթոդների և միջազգային համագործակցության կարևորության մասին։ Նշվել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ֆրանսիական Mistral AI ընկերության միջև Փարիզում ստորագրված փոխըմբռնման հուշագրի մասին, որը Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելուն է ուղղված։
Մխիթար Հայրապետյանը ընդգծել է՝ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում, համագործակցել գործընկերների հետ և համատեղ հաղթահարել տեղեկատվական անվտանգության ոլորտի արդի մարտահրավերները։
Պանելային քննարկումը վարել է փոխծովակալ (Պաշտոնաթող) Քևին Դոնեգանը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության (U.S. Naval Forces Central Command (NAVCENT)) և հինգերորդ նավատորմի նախկին հրամանատարը:
Մասնակցել են նաև՝
Այշա Մանզոր Վաթտո – Պակիստանի Իսլամական Հանրապետության էլեկտրոնային լրատվամիջոցների կարգավորման մարմնի (Pakistan Electronic Media Regulatory Authority (PEMRA)) տնօրեն,
Լիիսա Պաստ – Էստոնիայի Հանրապետության ազգային կիբեռանվտանգության նախկին տնօրեն,
Մեթյու Քոչրան – պաշտպանության, տիեզերքի և անվտանգության ոլորտներում մասնագիտացված «DSMC (Defense Services Marketing Council) International» խորհրդի գործադիր տնօրեն:
IDC-ին կհաջորդի «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովը և ցուցահանդեսը, որը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը։ «IDEX»-ը միակ միջազգային պաշտպանական ցուցահանդեսն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որտեղ ներկայացվում են ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաները։
ՀՀ ԲՏԱ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ