Անտառի չոր խաշամի մեջ պառկած էր Պախանը:
Մտքերն իրար էին խառնվել. հիշեց Քարին տակի իր տունը, որի քարերը ինքն էր տաշել, տան ներքևի քարերի վրա իր անունն էր հատ-հատ քանդակել՝ ՊԱԽԱՆ. էդ անունով իրեն կնքել էր Շահումյանի արծիվ Շահենը՝ Մեղրյան, երբ ինքը 1988-ի փետրվարյան մի գիշեր մազապուրծ փախել էր Սումգայիթից և մի կերպ հասել Շահումյան։
Սումգայիթում մարդասպանների ոհմակը գիշերը մտել էր Ստեփանենց տուն և գազանաբար հոշոտել Ստեփանի հորը. Ստեփանը խոհանոցի դանակով սպանել էր իր հորը սպանողին և գիտեր իր վերջը ․ ողջ գիշեր Ղարաբաղի ճանապարհին էր։
Հարևանը, որ ռուս էր՝ նախկին սպա Սլավա Սերգեյիչը, լավ կապեր ուներ, և մի գիշերվա մեջ Ստեփանին՝ Սլավայի ընկեր տղաները Ղարաբաղ բերեցին իրենց «Ժիգուլի»-ով։ Սլավա Սերգեյիչը խոստացավ նաև հորը հողին հանձնել ու հանձնել էր՝ հայկական ծիսակարգով։
Կարդացեք նաև
Ստեփանին առավոտյան հայ տղաները տարան Շահենի մոտ, ով արդեն կամավորական ջոկատ ուներ․երբ Շահենը տարիքը հարցրեց՝ զարմացավ․ մի գիշերվա մեջ Ստեփանը ճերմակել էր։
-Այ տղա, տյու 24 տըրեկան չես, տյու իմ պախանին թայ կինես,-ասաց Շահենն ու այդպես անունը մնաց ՝ Պախան։
Կռվեց Պախանը ղարաբաղցի հայ տղերքի հետ, քանի-քանիսից առավ սումգայիթցի, Բաքվի հայերի վրեժը, ու ավելի ծերացավ Պախանը, ավելի մեծացավ, հասունացավ։
Մի օր տղաներին կապի միջոցով Բաքվից հարցրեցին Պախանին։ Կապից այն կողմ Սլավա Սերգեյիչը հայտնեց ՝ ադրբեջանցիների կողմից հոր գերեզմանի քանդելու մասին և ցավով ասաց, որ ինքը ոչինչ չկարողացավ անել։
Պախանը հանկարծ էդ օրը հիշեց, որ միակ բաճկոնի գրպանում իրեց տան բանալին է բերել և հոր թաշկինակը ու կազմակերպեց հոր թաշկինակի թաղումը իր զինակից ընկերների հետ։
Հոր հոտը դեռ այդ թաշկինակի վրա էր մնացել։ Պախանի աչքերը լցվեցին, դեմքը կուչ եկավ։
Պախանը, որ էսքան ժամանակ չէր հուզվել, հանկարծ հիշեց՝ որտեղ է, և հիմա, ինչ պիտի անի։ Հոր թաշկինակին թաղելու համար նա դագաղ պատրաստել տվեց ու երբ թաշկինակն դնում էր դագաղի մեջ, թաշկինակի սպիտակը հիշեցրեց հորը՝ ալեհեր, իսկ կարմիր եզրագծերը հոր արյունը, որ թափել էր թուրքը։
Երբ դագաղը իջեցրին հողի մեջ, Պախանին թվաց՝ հայրն իր առջև կանգնեց ու ասաց․
«Ստեփա՛ն, դու ինձ իմ հայրենիքում թաղեցիր, որդիս»։
Ամուր կանգնած իր հողի վրա՝ Պախանն իրեն թեթև զգաց ու հասկացավ, որ ինքը հուղարկավորումից հետո իր սեփական գերեզմանն է ունենալու,և փառավորվեց Պախանի հոգին 26 տարվա մեջ առաջին անգամ իրենը ունենալու մտքից։
Վերջում ավտոմատներից օդ կրակեցին զինակից ընկերները,և փոքր ժպիտ երևաց Պախանի կուչ եկած դեմքին։
Ռուսներով լցվել էր Շահումյանը 1991-ին, բայց Շահենն ու իր զինակիցները պատրաստ էին և գիտեին՝ չպիտի վստահել դրանց։ Ամեն երեկո Շահենն իր տղերքին հավաքում էր իր հայրական տանը, և սկսվում էր զրույցը ,որին խառնվում էին նաև Շահենի հարազատները։ Պախանն այնքան լավ էր զգում այդ երեկոներին՝ ծնողների կարոտն առնում էր նրանցից՝ Շահենի ծնողներից։
Մորն ավելի վաղ էր կորցրել,երբ դպրոցական էր։ Հիվանդացել էր մայրը և երեք օր՝ անկողնում պառկելուց հետո՝՝ մահացել, իրեն ու հորը միայնակ թողել։ Հայրը միայնակ մեծացրել էր նրան, և երբեք չամուսնացավ․երբ այդ մասին խոսում էին, հայրն ուղիղ նայում էր որդու աչքերի մեջ ու ասում՝
-Մենք այսպես էլ՝ յոլա ենք գնում։
Տունը միշտ մաքուր էր, ճաշը՝ պատրաստ։ Տարիներ հետո Պախանն իմացել էր, որ դիմացի շենքի Վալենտինան, որ միշտ հորը համակրել էր, այդ նա էր այցելում իրենց իր՝ դպրոցի դասերի ժամանակ, և զբաղվում տնային տնտեսությամբ, և հայրն այնպես էր անում, որ որդին երբեք չիմանա այդ մասին։
-Ա բալա, խե փսակվում չը՞ս,-մի երեկոյան Շահենենց տանը հարցրեց մի տարեց ղարաբաղցի՝ իմաստուն հայացքով տնտղելով Պախանին։-Տոննալ տըվալընք, պակաս պեն չոնիս, մըր շինումն ալ ղյաշանգ ըխչիկերք շատ կան։
-Ժամանակ չոնիմ,-պատասխանեց Պախանը՝ հայացքը արագ հեռացնելով բոլորից, բայց անթաքույց հրճվանքով, որ իրենով հետաքրքրվում են։ Այդպիսի հարց հայրն էր տալիս ու հոր մտերիմ ընկերը՝ Աբգարը, որը պարսկահայ էր և ընտանիք չուներ։
-Ինչո՞ւ չես ամուսնանում, Ստեփան,- խոժոռ հայացքն ուղղելով Պախանին ՝ հարցնում էր նա։
Աբգարը Բաքվի բանտում 10 տարի նստել էր ընկերոջ փոխարեն ու երբեք չէր տրտնջում իր զուր կորցրած տարիների համար։ Երբեմն գալիս էր Պախանի հոր հետ՝ նարդի խաղում, հաց ուտելուց առաջ պարտադիր «ՀԱՅՐ ՄԵՐ»-ը արտասանում, իսկ ուտելուց հետո Նժդեհի երգը երգում։ Պախանը միշտ խնդրում էր նրան՝ որևէ բան պատմի Նժդեհի մասին, և նա միշտ նույնն էր ասում․
-Մեծ Զորավար էր Նժդեհը, ահուսարսափ էր սրանց՝ թուրքերի համար, հայի համար շատ բան արեց, սակայն իր մահկանացուն կնքեց ռսի բանտում․ որ հայը՝ուրանա Նժդեհի արածը, ուրեմն նա հայ չի։
Մի երեկո, երբ դարձյալ Շահենենց Գյուլիստանի տանն էին, Պախանը մի քիչ գինովցած կանգնեց՝գինու գավաթը ձեռքին, ու երգեց Նժդեհի երգը․
-Արազ ափին, ծնած ընկեր,
Էն Արազին մենք մատաղ,
Մութ բանտերում տանջված ընկեր,
Սուրբ տանջանքիդ մենք մատաղ:
Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜,
Քաջ Ֆիդայու սուրը շողշողա,
Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜,
Քաջ Նժդեհի սուրը շողշողա․․․
Հաջորդ օրը սկսվեց ռուսների կողմից իրականացված «Կոլցո» օպերացիան, և Շահումյանն ընկավ․․․
Պախանի կուչ եկած հոգին էլ ավելի փոքրացավ։ Նա զգաց, որ հայը էլ ընկեր չունի, ու բոլորը թշնամի են, և ինչքան էլ իրենք առյուծաբար կռվում էին, ռսի դավաճանությունը օգնեց Շահումյանի ընկնելուն։ 1992-ին ողջ Շահումյանն իր գյուղերով բռնեց գաղթի ճամփան՝ դեպի Հայաստան։
Բայց անկոտրում էր Շահենը և ողջ մնացած ընկերներին նորից հավաքեց ու զինեց։ Տղերքը մի քանի գյուղ հետ վերցրին, նորից զինվեցին աշնանը, կազմ ու պատրաստ սպասում էին Շահենի հրամաններին։
Ու հոր գերեզմանը դարձյալ մնաց անդին, և ոչ միայն իր հոր գերեզմանը,այլև իր բոլոր ընկերների հարազատների սրբատեղին մնաց թուրքի ձեռին՝ հայկական հողում։
Պախանը հասկացավ, որ էլի է գաղթելու, բայց դե դրա մասին մտածելու ժամանակ էլ չուներ, ամբողջ գիշերները խրամատում էին, ցերեկները գալիս էին Մատաղիս գյուղի իրենց հյուղակը՝ մի քիչ պառկում, հանգստանում՝ որ գիշերը դարձյալ պիտի արթուն մնան․ թուրքը գիշերը շատ էր ակտիվանում։
Ընկերներից մեկը՝ Արմենը, նորապսակ էր, ու կինը՝ Սոնան, նրա հետ, որ մինչև կռվի ավարտը մնացին միասին։
Սիրուն հարսիկ էր Սոնան՝ երևանցի, ճաշ էր պատրաստում, իրենց հագուստն էր լվանում ու չէր հոգնում։ Պախանը Սոնային տեսնելուց իր Սուլիին էր հիշում՝ սկյուռի մեծ աչքերով հրեա այն աղջկան, ում հետ նույն շենքի բնակիչներ էին։ Հայրը՝ հայ էր, մայրը՝ հրեա, և Սուլիի մայրը միշտ ուղեկցում էր նրան, որ հանկարծ այլազգի որևէ տղա Սուլիին որևէ բան չասի։
Մի օր Սուլին ծեծեց Պախանենց դուռը։ Դուռը բացեց հենց Պախանը։
-Ստեփան, այսօր իմ ընկերներն են մեր տուն գալու, մայրս խնդրեց, որ քեզ էլ հրավիրե։
Պախանը, սակայն, շնորհակալություն հայտնեց՝ հրաժարվելով հյուր գնալ։ Սուլիի աչքերն ավելի խոշորացան զարմանքից, երբ Պախանն անտարբեր հայացքով հրաժարվեց, իսկ Պախանն այդպես էլ չհասկացավ այդ հայացքը, միայն հասկացավ այն օրը, երբ հորը սպանելու գիշերը Սուլին ու իր մայրը լացակումած ճանապարհեցին նրան։ Պախանն այդ գիշեր առաջին անգամ կարոտեց Սուլիին։
«Տեսնես՝ ի՞նչ է անում հիմա Սուլին, հիշո՞ւմ է ինձ՝միշտ բաց գույնի շրջազգեստով ու խոշոր աչքերով այդ հրեա աղջիկը՝ Սուլին»,-խորհում էր Պախանը։
1993-ի ապրիլին ընկավ Շահումյանի արծիվը՝ Շահեն Մեղրյանը։ Ուղղաթիռի վթար, նրա հետ զոհվեցին նաև զինակից ընկերները։ Ու Պախանը երկրորդ անգամ հոր գերեզմանը կորցնելուց հետո երկրորդ անգամ որբացավ, լաց եղավ Պախանը, նրա հետ միասին լաց եղան Ղարաբաղի սիգապանծ լեռները, զմրուխտ ձորերը՝չկար էլ Շահենը։
Մի քանի օր հետո Արմենի ու Սոնայի հետ Պախանը եկավ Շուշիի Քարին տակ գյուղը։
Մի անգամ Շահենի զրույցներից լսել էր,որ սովետական տարիներին էլ Քարինտակում ադրբեջանցի չի բնակվել, հենց իր խորհրդով Արմենն էլ համաձայնվել էր այնտեղ բնակվելու։
Պախանին և Արմենին կիսավեր տներ տվեցին։ Երկուսն էլ վերակառուցեցին իրենց տները։ Պախանը շենքի հիմքում իր տան բանալիները դրեց, մտածելով, որ այլևս բանալին գրպանում մազապուրծ չի փախչի։ Առաջին հինգ քարերի վրա քանդակեց Շահենի կողմից իրեն տված անունը՝ՊԱԽԱՆ, իսկ հյուրասենյակի պատից առաջինը կախեց Շահենի մեծադիր նկարը։
Սիրում էին գյուղացիները Պախանին, Պախանն էլ իրենց․ ում կարողանում էր՝ օգնում էր։ Դպրոց մտավ՝ որպես ռազմագիտության ուսուցիչ՝ընկեր Ստեփանյանը, տուն կառուցեց Պախանը, ծառ տնկեց, իր այգում հոր աճյունից հողից բերել տվեց ու շաղ տվեց՝ որպես հորից մասունք։ Հայրենիք պահեց ու պաշտպանեց, բայց չամուսնացավ․միգուցե Սուլիից ինչ-որ լուրի էր սպասում։
2020-ին Պախանը ռազմի դաշտում էր՝ իր հերոս զինակից ընկերների հետ։ Լուրը հասավ, որ թուրքը Քարինտակում էր, Պախանը ծիծաղեց բարձր։ Դա ծիծաղ չէր․ այլ խենթ, մոլագար մի քրքիջ, որ հատուկ չէր նրան, միայն հասկացավ, որ ոչ թե տունը,այլ այս անգամ իր հայրենիքն է կորցնում։ Դառը իրականությունը հասկացավ, երբ նոյեմբերի վերջին խրամատներից դուրս գալով կարողացավ միայն Ստեփանակերտ մտնել՝Քարինտակի տան բանալիները գրպանում չխկչխկացնելով։
Ընկերներից մեկը արտասահմանից զանգեց ու ասաց, որ կարող է գնալ Երևան՝իր տանը մնալ,բայց Պախանը նախընտրեց մնալ Արցախում։ Ստեփանակերտի արվարձաններում տնակ-վագոն կար․ մի օր մտավ, մաքրեց տնակը ,փռեց զինվորական իր շինելը և պառկեց վրան։ Առավոտյան, երբ անձնագիրն էր փնտրում՝ վառելիքի օգնություն ստանալու համար, դարձյալ բանալիները չխկչխկացին գրպանում․ հանեց ու շպրտեց մի կողմ։
Ապրեց Պախանը, չմեռավ, ապրեց մինչև 2023-ի սեպտեմբերը, երբ ողջ Արցախը հայաթափվեց։
-Ա Պախան, խե տյուս չես կյամ,-ձեն տվեց հարևան տնակի բնակիչը,որ երեխաների ու կնոջ հետ մեքենան էր բարձում։-Սաղունքը քյում են,Պախա՛ն, եկ մըզն հետ։
Պախանը լուռ իր ծխախոտն էր ծխում։
-Պախան դադայ, պապան քեզա ասում, եկ մըզն հետ, ասաց հարևանի աղջիկը՝ մեծ-մեծ աչքերով։
«Սուլի՞ն»,-Պախանը ակամա հիշեց Սուլիին ու ժպտաց ինքնիրեն։
Երբ շրջապատը դատարկվեց, Պախանը հագավ զինվորականի իր հագուստը, առավ ավտոմատը և բռնեց անտառի այն արահետներից մեկը, որը դեպի Քարինտակ էր տանում։ Մթնշաղին Պախանին թվաց, թե ճամփի եզրով է քայլում, ոտքը սղաց ու ընկավ ՝գլորվելով ձորը։
Առավոտ էր, երբ աչքերը բացեց, արևի փայլն ուղիղ աչքերին էր, ու ցավ էլ չէր զգում Պախանը։ Մարդկային ոչ մի ձայն չէր խանգարում, որ Պախանը հիշեր իր ապրածը։
Սումգայիթ, Շահումյան, Քարին տակ․․․ Հիշեց Շահենին, հիշեց բոլոր իր ընկերներին, որ այլևս չկային, և հասկացավ, որ ընդամենը մի երկինք ու երկիր է բաժանում իրենց։
Արփինե ՄԿՐՏՉՅԱՆ
Հեղինակը ապրում է Գորիսում, մանկավարժ է, 2020-2023թթ․-ին միշտ եղել է արցախցիների կողքին, աջակցել նրանց, գրի առել արցախցիների կյանքի պատմությունը։