Եկեք իրերն անվանենք իրենց անուններով: Այլեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը դավաճանված է եւ դավաճանված է թիկունքին ստացած հարվածով: Բազմադարյա իր քառուղիներում հայոց պատմությունը հայրենադավության երկրորդ այդպիսի դիպված չի հիշում: Չարագործը նախ Հայաստանից պոկեց եւ դարավոր թշնամու ոտքերի տակ մատաղ արեց մայր Հայաստանի անբաժանելի մաս կազմող ու անդուլ մաքառումների միջով մեր օրերին հասած Արցախը, հետո անցավ բուն Հայաստանի տարածքների հանձնմանը՝ կտոր առ կտոր, ծվեն առ ծվեն: Ու այս ամենը՝ մեր լռելյայն անտարբերության, հանդուրժողականության ներքո եւ խուլուհամր ձեւացած աշխարհի աչքի առջեւ:
Մինչեւ ո՞ւր է հասնելու հայահալած այս վակխանալիան՝ ոչ ոք չգիտի: Մի բան, սակայն, ակնհայտ է՝ 2018-ին Հայաստանում իշխանության եկած ապազգային տարրերը՝ ի դեմս «Քաղպայմանագիր» կոչվող կուսակցության, ծվատված ու հյուծված Հայաստանը, որը բացառապես ապաշնորհ կառավարման արգասիք է, տանում են նոր փորձությունների ու փորձանքների, իսկ ժողովրդին՝ նոր կորուստների ու տառապանքների: Միակ բանը, որով զբաղված է երկրում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, Բաքվի եւ Անկարայի կամքն ու պահանջները իրականացնելն է: Լրագրող գործընկերս պատկերավոր կասեր՝ վարչապետը զբաղված է հասարակության շրջանում Ալիեւի շանտաժի վերավաճառմամբ:
Պետք է նկատել, որ նախընտրական այս տարվա անցած մեկուկես ամսում Փաշինյանը շարունակել է տարօրինակ խոսույթի, դատողությունների եւ հայտարարությունների իր շարքը՝ այս անգամ արդեն նոր, ավելի բացահայտ ու անսքող կամ, ինչպես ընդունված է ասել, «առանց գրիմի»: Այդ առումով հատկանշական է Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող նրա հայտարարությունը, թե դեռ պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923-ին եւ ինչո՞ւ: Այս հարցադրումների համատեքստում էլ ներկայացնում է թուրք-ազերական պատմույթներ՝ մեղքի սլաքներն ուղղելով գլխավորապես Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ-ի, նույնիսկ՝ բուն զոհի վրա:
Փաշինյանն ակներեւաբար հաղթահարել է ամոթի, վախի ու կաշկանդվածության համախտանիշը եւ որոշել է բացել «խաղաքարտերը»: Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նա հօգուտ Թուրքիայի, այդքան բացահայտ կերպով կարող է արծարծել հայության համար զգայուն ու ցավոտ այնպիսի թեմա, ինչպիսին ցեղասպանությունն է: Փորձագետներից ոմանք վարկած են առաջ քաշում, թե Փաշինյանը միտք չունի վերընտրվելու, հակառակ դեպքում նման «ականապատ տարածք» չէր մտնի: Կա տեսակետ, որ ՔՊ առաջնորդը պարտավորվածությունների շատ մեծ բեռ է վերցրել իր վրա, որն ի վիճակի չէ գլուխ բերել, հետեւաբար, ուզում է ազատվել դրանից: Այնպես որ, եթե մի առավոտ արթնանաք ու լսեք, որ ընտանյոք ծլկել են՝ չզարմանաք:
Կարդացեք նաև
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում