«Արցախ Ալյանսի» կազմակերպած արցախցիների կյանքի պատմության մասին ֆիլմերի ցուցադրությունից առաջ Aravot.am-ը զրուցեց ֆիլմերի հերոսներից մեկի՝ Արցախի Մարտունի քաղաքի մշակույթի բաժնի վարիչ Անի Խաչատրյանի հետ:
-Տեղեկացել ենք, որ դուք ձեր հետ վերցրել եք ձեզ համար շատ թանկ մի իր: Ի՞նչ է դա եւ ինչո՞վ է այն թանկ ձեր համար:
-Երբ արդեն պիտի տեղահանվեինք՝ լիքը տուն, 30 տարվա դրած ամենաընտիր, ճաշակով տուն, չգիտեինք ինչ պիտի վերցնեինք: Սփռոցների դարակում մասունքի նման պահում էինք լուսահոգի սկեսուրիս ձեռքի աշխատանքը՝ ասեղնագործած սփռոց: Աղջիկս՝ Մարիանան, որ շատ է կապված արմատների, տատիկի հետ, որպես մասունք, հիշողություն, վերցրեց տատիկից մնացած այդ սփռոցը, որն արդեն հին էր ու ինչպես ասում են, նաեւ ինչ-որ տեղ «ցեցը կերած»:
-Որպես կանոն, նման դեպքերում առաջին հերթին վերցնում են դրամ, ոսկեղենը, թանկարժեք իրերը:
Կարդացեք նաև
-Աղջիկս ասաց՝ մենք կանք, բայց տատիկը չկա: Ու այդ մասունքը բերեցինք:
-Ավելի քան ինն ամիս Արցախն ու արցախցիները գտնվել են խորը շրջափակման մեջ: Ի՞նչ էիք մտածում, ի՞նչ էիք զգում:
-Կոնկրետ ոչինչ չգիտեինք: Բայց ես ներքուստ մեծ կորստի զգացում ունեի: Քանի որ մշակույթի բաժնի վարիչն էի, այդ ամիսներին տենդագին կազմակերպում էի էքսկուրսիաներ մեր սրբատեղերը՝ Ամարաս, բոլոր եկեղեցիները: Ու բավականին լուսանկարներ էի անում, բոլորին հորդորում էի, որ նկարվեն: Հիշում եմ, Բերդաշենի բարձունքից որ նայում էի մեր ակումբավարներին, ասում էի. «Ձեր աչքերում տեղավորեցեք այս տեսարանները, այլեւս չեք տեսնելու: Սակայն երբ վերջին պահին պիտի դուրս գայինք, չէի մտածում, որ դա վերջինն է: Ես մտածում էի, որ նորից հետ պիտի գանք: Դրա համար ոչինչ չկարողացա վերցնել: Ուզում էի կոկիկ, գեղեցիկ լինի տունս, թափթփվածություն չլինի:
-Արցախցիները մինչեւ արտագաղթելը, չեն կռվե՞լ: Որոշ շրջանակներ փորձում են կարծիք ձեւավորել, թե ինքներդ էիք ուզում Արցախը լքել:
-Նման բան չկա: Արցախցիները ուզում էին մինչեւ արյան վերջին կաթիլը պայքարել: Տղամարդիկ պայքարում էին: Նույնիսկ հիշում եմ, որ տղամարդիկ ասում էին. «Ինչո՞ւ են զենքերը վերցնում»: Իրենք առաջ էին գնում, բայց հրաման կար, որ հետ դառնան, զենքերը հանձնեն: Տղամարդիկ ուզում էին պայքարել: Ես չգիտեմ, թե ինչն ինչոց էր, բայց ես մեր տղամարդկանց պայքարելու վճռականությունը տեսել եմ: Ոչ մեկը արցախցու մաշկի տակ չի մտնում, թե ինչ է զգացել: Ո՞ր մի արցախցին կուզի իր լեռնաշխարհը թողնել: Ոչ մեկը: Սա ապրել չէ, որ մենք ապրում ենք: Ու չգիտեմ ինչու, մի հավատ կա, որ նորից գնալու ենք Արցախ: Բայց ոչ թուրքի հետ ապրելու:
-Դուք փոքր հայրենիքից եկել եք մեծ հայրենիք: Ինչպե՞ս է պարզ ժողովուրդը ձեզ ընկալում:
-Ես հիմա այստեղ աշխատում եմ մի հրաշալի կոլեկտիվում, հրաշալի մարդկանց շրջապատում: Կարծես, ընտանիք լինի: Իսկ երբ եկանք, մեզ հյուրընկալեց մի ընտանիք միանգամայն անշահախնդիր: Ես հայաստանցի-ղարաբաղցի տարանջատում չեմ տեսնում եւ զարմանում եմ, որ այդ անջրպետը դնում են: Մեկ ժողովուրդ ենք, բոլորին սիրում եմ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
“․․․Ձեր աչքերում տեղավորեցեք այս տեսարանները, այլեւս չեք տեսնելու”,-աչքեր, որոնք սառած սպասում են ։