«Արցախում մենք երիտասարդական ծրագրեր էինք իրականացնում, որոնց շատ մեծ աջակցություն էր ցուցաբերում համահիմնադիր, մեր շատ սիրելի Ռուբեն Վարդանյանը: 2023 թվականին մենք ստիպված էինք լքել մեր հայրենիքը, մեր տունը, մեր հողը, բայց ոչ մեր նպատակները։
Հայաստան բռնի տեղահանությունից հետո մեզ թվում էր, թե մեր կազմակերպության գործունեությունը էլ իմաստ չունի: Բայց հասկացանք, որ մեր առաքելությունը շատ ավելին է, քան ստեղծված պայմանները: Մենք պարտավոր էինք շարունակել մեր գործունեությունը մեր հայրենիքի համար, մեր ժառանգության համար եւ Ռուբեն Վարդանյանի տեսլականի համար: Մենք վերաիմաստավորեցինք մեր ուժեղ կողմերը, ծրագրերը եւ հասկացանք, որ արցախցու համար ամենակարեւորը միասին մնալն է: Այսօր մեր ծրագրերը ներառում են մշակութային, կրթական եւ մեդիա ոլորտները: Մասնավորապես, մեդիա ոլորտում նախաձեռնել ենք երկու կարեւոր նախաձեռնություն, որոնք ներկայացնելու ենք մեր հյուրերին:
Մեկը կարճաժամկետ ֆիլմաշարերն են, որտեղ արցախցիները կենդանի պատմություններ են պատմում կյանքի, մաքրության, ավանդույթների, բարբառի, սիրո, հայրենիքի, պատերազմի, շրջափակման, տեղահանության եւ հայրենիքից հեռանալու մասին: Այդ պատմությունները կամուրջ են մեր անցյալի եւ ապագայի միջեւ:
Երկրորդը իրերի, առարկաների պատմություններն են, որ արցախցիներ, վերցրել են իրենց հետ 2023 թվականի աշնանը բռնի տեղահանման ժամանակ: Ամեն մի իրը ունի իր պատմությունը եւ կարեւոր արժեք է իր տիրոջ համար: Մենք այս ամենը հավաքում ենք մեր կայքում՝ Artsakh Alliance.com կայքում: Այդ թվային թանգարանի միջոցով մենք սերունդներին կփոխանցենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախի ու արցախցիների հետ»,-այսօր կազմակերպված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունից առաջ Aravot.am-ին ասաց «Արցախ Ալյանս» կազմակերպության ղեկավար Զոյա Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ