Չնայած Գյումրիում նախընտրական քարոզարշավը վաղուց է մեկնարկել՝ թաղեթաղ ընկնելով, կարի ֆաբրիկաներ այցելելով, ոմանց կողմից քաղաքի կենտրոնական հատվածներում արդեն իսկ ցուցապաստառներ փակցնելով ու հեռակա լեզվակռվի մեջ մտնելով, այդուհանդերձ այն նոր թափ է ստացել պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունից հետո։
Երկու օր է՝ համացանցը հեղեղված է միմյանց հասցեին հնչող վիրավորական արտահայտություններով։
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունjանն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով Սերժ Սարգսյանի ու Ռուբեն Մխիթարյանի համատեղ լուսանկարը, գրել է․ «Փաստորեն Սերժ Սարգսյանն ու նրա բազմաչարչար փեսան ապօրինի գույքի բռնագանձման դատերի արանքում գցել-բռնել, գցել-բռնել, մի անգամ էլ գցել ու չեն բռնել և որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու են դրել հասարակ ծաղրածուի։
Հենց «լրջության» այս մակարդակով էլ Սերժը վերաբերվել է Գյումրուն ու գյումրեցուն և ամեն անգամ էլ դրա պատասխանը ստացել է»։
Կարդացեք նաև
Ռուբեն Մխիթարյանն էլ մանրապատումների ոճով՝ «ՔՊ-ի ԺՊ-ն» վերնագրով տեսանյութ է հրապարակել՝ դիմելով ժողովրդին ու հիշեցնելով, թե ինչպես «ժողովրդավարության բաստեոնի սիմվոլ Նիկոլ շուշաթրաշը որոշեց ժողովրդին զրկել օրինական քվեով ընտրված քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի ներկայությունից։
Բացի դրանից, իր ուժայիններին հրահանգեց բռնաճնշումներով հասնել նրան, որ ոչ միայն Վարդգես Սամսոնյանը հրաժարական տա, այլ ընդհանուր «Բալասանյան դաշինքը»՝ մոտ 20 հոգի մարդ՝ պաշտոնյաներ ու ավագանիներ դիմումները գրեն, հեռանա քաղաքապետարանից ու հայտարարեն, որ հեռանում են քաղաքականությունից»։
Նա, խոսելով նաև Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին «պատանդ վերցնելուց», անդրադառնում է նաև տվյալ պահին անկուսակցական, հետագայում ՔՊ-ական դարձած «ՔՊ-ի ԺՊ» Սարիկ Մինասյանին։
Այդ նույն տեսանյութում Ռուբեն Մխիթարյանը խոսում է նաև «ՔՊ-ի ԺՊ-ի» «մանիպիլյուցիաների» մասին։
«ՔՊ-ի ԺՊ-ն, շատ լավ հասկանալով, որ ՔՊ-ն կատաստրոֆիկ ցածր վարկանիշ ունի, ավելի խելացի բան չի մտածել այս ժողովրդին մանիպուլացնելու համար, քան իր ավագանիներին թաղեթաղ ման է տալիս, որպեսզի սովորական, միամիտ ժողովրդին համոզի՝ եթե Գյումրիում ընտրվեց ընդդիմադիր քաղաքապետ, Նիկոլը քաղաքի փողը չի տա։
Այսինքն ասածներն այն է, որ Նիկոլը քաղաքին բյուջեով հասնող դոտացիան չի տալու։ Ժողովուրդ ջան, ուշադիր, ձեզ կխաբեն, ձեզ կֆռռցնեն, Հայաստանում կան բազմաթիվ համայնքներ ու քաղաքներ, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքապետեր կամ համայնքապետեր։
Օրինակ՝ Մասիսի քաղաքապետը, Կապանի քաղաքապետը, Գորիսի քաղաքապետը, Աբովյանի քաղաքապետը, Ապարանի քաղաքապետը ընդդիմադիր են ու իրենց քաղաքները բյուջեով նախատեսված բոլոր փողերը ստաբիլ ստանում են, որովհետև էդ փողը Նիկոլն իր հոր տնից չի բերել, մեր բոլորի հարկերից գոյացած գումարն է, որը հաստատվում է նախորդ տարվա աշնանը կառավարության ծրագրի մեջ, ու Նիկոլը չի կրնա էդ փողը չտալ։
Եթե Նիկոլը կրնա ինչ-որ բան չտա, թող թուրքին հող չտա, իսկ փող չի կրնա չտա, ինքը տվող է՝ համ հող կուտա, համ փող կուտա»։
Այս տեսանյութը անչափ ծանր են տարել Սարիկ Մինասյանի կողմնակիցները, որոնք, համացանցում տեղադրելով Ռուբեն Մխիթարյանի լուսանկարը, նման գրառմամբ տեքստ են տարածում․ «Գյումրեցի թեկնածուների մեջ կա փոխադարձ հարգանք՝ որպես գյումրեցի տղա, բացի Երևանից ղրգած մեկ ծաղրածուի։ Գծի հետևից բարևներ, այ տղա»։
Ռուբեն Մխիթարյանն իր հերթին Նիկոլ Փաշինյանին նախազգուշացրել է․ «Փաշինյան Նիկոլ, այ տղա, ուշադիր էղի։
Գյումրու քաղաքապետարանում քո չսիրած քրեական ենթամշակույթի տարրեր են ի հայտ գալիս ու հենց քո թեկնածուի թիմում:
Ինչ- որ խնդալու ահաբեկումների փուլ են մտել փոքրիկ բալիկները:
Տղեք, կողմնորոշվեք, կամ գողական կերտաք, կամ ձեր շեֆի հակաքրեական ենթամշակույթի մեջ կեղնիք»:
Հ․Գ․ Ի դեպ, թվում էր, թե քարոզարշավը պիտի թեժանար՝ ասենք երկու Վարդան Ղուկասյանների միջև ծավալված հեռակա լեզվակռվով կամ գուցե նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան- ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավանդական մրցապայքարի տարրերով, սակայն այն լրիվ այլ ընթացք է ստանում՝ լրիվ այլ դերակատարներով ու «նախկինների ու ներկաների դրածոներ»շեշտադրումներով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ