Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բոլորի նպատակն է համատեղ ջանքերով աջակցել Հայաստանում գիտության զարգացման կայացմանը. Հակոբ Արշակյան

Փետրվար 15,2025 18:40

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները, որոնց ընթացքում գիտական եւ տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում բարձրաձայնելու խնդիրների մասին:

«Այսօր աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում տարբեր երկրներում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, ռազմավարական նոր առաջնահերթություններ: Բնականաբար, Հայաստանում նման մարտահրավերներին դիմակայելու համար համապատասխան ոլորտային, դինամիկ աշխատանքներ են իրականացվում»,- ասել է Հակոբ Արշակյանը «Գիտություն եւ տեխնոլոգիա. ռազմավարական նպատակներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում:

Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ձեւավորվել է 8 աշխատանքային խումբ, որոնցում ներգրավվել են շուրջ 70 ոլորտային մասնագետներ, գիտության ոլորտի ձեռներեցներ, հեղինակավոր անձինք Հայաստանից եւ սփյուռքից. նպատակն է նպաստել Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել կրթության, գիտության եւ արդյունաբերության ոլորտների բաղադրիչներ պարունակող 5 ճյուղերի (արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն եւ ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա եւ կյանքի գիտություններ) զարգացմանն ուղղված ծրագրերը:

Նա շեշտել է, որ կրթության, գիտության եւ արդյունաբերության ուղղությունների ներդաշնակ զարգացումը կարող է բերել թռիչքային զարգացման, որը կարեւոր դերակատարում ունի պետության մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում:

Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումը երեք անգամ ավելացել է. «Մեր բոլորի նպատակն է համատեղ ջանքերով աջակցել Հայաստանում գիտության զարգացման կայացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ շեշտելով կրթության, գիտության, արդյունաբերության փոխկապակցված զարգացման անհրաժեշտությունը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական ֆինանսավորման միջոցները վերջին հինգ տարում ավելացվել են շուրջ 5 անգամ:

Մեր խնդիրն է օգնել Կառավարությանը հնարավորինս արդյունավետ բաշխել միջոցները` նպաստելով ոլորտի կայուն զարգացմանը:

Հակոբ Արշակյանը պատասխանել է գիտական համայնքի ներկայացուցիչների հարցերին: Անդրադարձ է կատարվել արդյունաբերական նորարարությանը, ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերին, ակադեմիական գիտական հետազոտություններին եւ պետություն-մասնավոր համագործակցությանը:

Ոլորտային օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործընթացում կարեւորվել է գործադիրի, օրենսդիրի եւ գիտական համայնքի համագործակցությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728