Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանից զզվում են, բայց չգիտեն, թե ում «սիրեն»․ Արմեն Աշոտյան

Փետրվար 15,2025 18:10

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին

Հարց առաջին։ Ի՞նչ կարելի է ակնկալել Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վերականգնմանն ուղղված զարգացումներից։

Պատասխան։ Բարդ եւ բազմաշերտ հարց է, որի շուրջ կարելի է մի քանի վերլուծական գրել։ Եթե այս հարցուպատասխանի ձեւաչափում փորձեմ անդրադառնալ, ապա սխեմատիկ երեք մակարդակ կտարբերակեմ։

Առաջինը գլոբալն է. ակնհայտ է, որ երկու գերտերությունների միջեւ շփումների վերականգնումը ընդհանրապես, եւ ուկրաինական ճգնաժամի լարվածության թուլացումը՝ մասնավորապես կթեթեւացնեն թեժ գեոպոլիտիկ մթնոլորտը, որի քայքայիչ ազդեցությունը զգացվում է նաեւ Հարավային Կովկասում։

Երկրորդը ռեգիոնալ մակարդակն է, որտեղ կթուլանա երկու լարի վրա խաղացող Թուրքիայի կարեւորության գործոնը, իսկ Ռուսաստանը կարող է շունչ քաշել եւ ուկրաինական պատերազմի ընթացքում Հարավային Կովկասի տեղաշարժերի ռեւիզիա իրականացնել։

Երրորդը ներհայաստանյան մակարդակն է, որտեղ գեոպոլիտիկ սխալ դրույք կատարած իշխանախումբը կարող է վերջնականապես զրկվել իր ամերիկյան հովանավորներից, մնալ եւրոպացիների նույնիսկ ֆորմալ ֆոկուսից դուրս եւ վերարտադրվելու համար իր կատաղի պայքարում էլ ավելի հենվել բացառապես թուրքական ազդրի վրա։

Չեմ բացառում նաեւ, որ Մոսկվայում որոշ շրջանակներ Նիկոլի հանդեպ կփորձեն իրացնել «вернись- я всё прощу» մոտեցումը։ Սակայն բոլոր դեպքերում Հայաստանի ազգային ուժերը վերջին 7 տարիների ընթացքում ամենաբարենպաստ միջավայրը կարող են ունենալ՝ Փաշինյանից վերջնականապես ազատվելու համար։

Այս ամենով հանդերձ կա մեկ խնդիր, որը միավորում է այս երեք մակարդակները. դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պահպանելու շանսն է, ինչը ճիշտ աշխատանքի դեպքում կարող է դառնալ Ռուսաատան-Նահանգներ վերականգնվող քաղաքական օրակարգի մաս։ Անշուշտ, դա կյանք կոչվելու շանս չունի, քանի դեռ Հայաստանը ներկայացված է Նիկոլով։

Հարց երկրորդ։ Անգամ միջազգային զեկույցներն են արձանագրում (օրինակ՝ Transparency International), որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դոփում է տեղում։ Ինչո՞ւ։

Պատասխան։ Այս յոթ տարիները ապացուցել են, որ Փաշինյանը ոչ թե կոռուպցիայի դեմ էր պայքարում, այլ կոռուպցիան իրենով անելու համար։ Հայաստանում նրա օրոք պաշտոնյա լինելը իր եկամտաբերությամբ համադրելի է ժամանակին Bitcoin գնելու հետ։

Ակնհայտ է, որ Նիկոլը հանդուրժում եւ խրախուսում է իր կողքը ծաղկող կոռուպցիան երկու պատճառով։ Նախ, այսպիսով նա առնում է հիմնականում փողոցից եկած իր թիմակիցների լոյալությունը՝ աչք փակելով նրանց անհագուրդ ախորժակի եւ շշմեցնող չտեսության վրա։

Եվ երկրորդը, շատ լավ տիրապետելով իր ոհմակի ողջ կոռուպցիոն գործարքներին՝ նա լրացուցիչ լծակ ունի նրանց «շարքերում» պահելու համար։ Իր թիմակիցներին պարբերաբար փուռը տալով՝ Նիկոլը վախի մթնոլորտով մաքսիմալ կառավարելի է պահում նրանց։

Մի խոսքով, կոռուպցիան իշխանությանը մնալու Նիկոլի կարեւորագույն գործիքներից մեկն է։

Հարց երրորդ։ Փաշինյանը մեկնել է Մյունխենի անվտանգային կոնֆերանսին մասնակցելու։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ այցից։

Պատասխան։ «Ակնկալիք» բառը դրական կոննոտացիա ունի, ուստի որեւէ ակնկալիք Նիկոլից առհասարակ չունեմ։ Կարող եմ ասել, թե ինչ եմ կանխատեսում այդ այցից։

Հայաստանի շահերի տեսակետից հերթական դատարկ վոյաժը կլինի, ինչպիսին էին նրա վերջին տուրերը Դավոս, Վաշինգտոն կամ Փարիզ։ Այցը դատարկ է լինելու նաեւ իր անձի փիարի տեսակետից, ինչպիսին էին նրա վերջին բոլոր այցերը։

Չեմ բացառում նաեւ, որ հերթական խայտառակությունը տեսնենք կամ լսենք։ Այս յոթ տարվա ընթացքում նրա ականջները այդպես էլ հում մնացին արտաքին հարցերում։

Կոնֆերանսի պաշտոնական ծրագրում Նիկոլը չկա։ Նրա կալիբրն այնքան փոքր է նաեւ դրսում, որ կազմակերպիչները չեն ներառել իրեն որեւէ, խիստ երկրորդական, պանելային քննարկմանը։ Կան Արեւմուտքի իրական «որակյալ սիրելիները»՝ Զելենսկին (2 անգամ), Տիխանովսկայան (2 անգամ), Զուրաբիշվիլին, Նավալնիի այրին։

Կասկած չունեմ, որ ո՛չ նա, ո՛չ իր պլանկտոնը նույնիսկ չեն ծանոթացել այդ կոնֆերանսի ավանդական տարրական զեկույցին, որը գոնե բազային պատկերացումներ կտար նրան, թե ուր է գնում եւ ինչ է իրականում կատարվում աշխարհում։

Ի դեպ, այդ զեկույցից իրեն երկու բան փոխանցեք. 150 էջանոց ցեկույցում Հայաստանը հիշատատակված է հպանցիկ, այն էլ՝ իր հակառուսականության կոնտեքստում։ Ու մի բան էլ. ի տարբերություն իր թրքահաճո պահվածքի եւ էրդողանասիրության, միջազգային թիվ մեկ անվտանգային կոնֆերանսի զեկույցում Թուրքիան հենց Թուրքիա է կոչվում ( Turkey) , ոչ թե Էրդողանի նախընտրած եւ Փաշինյանի կողմից Դավոսում վախվորածորեն կրկնված Թյուրքիյե (Türkiye):

Ու նաեւ խորհուրդ տվեք նրան, որ Մյունխենի փողոցներում հեծանիվ հանկարծ չքշի, վտանգավոր է։

Հարց չորրորդ։ Քաղաքական շրջանակներ կան, որ նոր թափով են ֆռացնում «Սերժնա բերել Նիկոլին» թեզը։ Գիտեմ, որ շատ եք այս թեմային անդրադարձել, բայց խնդրում եմ կրկին մեկնաբանեք սա։

Պատասխան։ Իրավացի եք, այդ ցնդաբանությանը, որը որոշ շրջանակների բարոյական սնանկության եւ/կամ անբուժելի փոքրոգության արգասիք է, որ նրանց կողմից գցվում է հանրային դաշտ՝ մի քանի անգամ անդրադարձել եմ։

Որոշ դիտարկումներ հավելեմ միայն։

Երբ ոմանք արդարանում են, թե 2018-ին փողոց են դուրս եկել, որովհետեւ «Սերժը խաբեց եւ երրորդ անգամ առաջադրվեց», դառը ժպիտ է առաջանում ինձ մոտ։ Լավ, դիցուք 2014-ին նախագահի խոսքը սխալ եք ընկալել եւ ձեզ խաբված եք զգացել։ Բա հիմա, երբ 7 տարի է, ինչ Նիկոլը ձեզ իրոք, ուղղակի եւ անթաքույց խաբում է, իշխանափոխության «զադերժկեն ինչու՞մա»։

Երբ ուրիշներն էլ ռետրոսպեկտիվ փոլիսոփայում են, թե բա «մայիսի 8-ին էլ չընտրեիք, գնայինք ընտրության եւ Նիկոլը վարչապետ չէր դառնա», մի քանի շերտով համ իրենք են խճճվում, համ ձեզ խճճում։ Էդ Նիկոլին 2018-ի գարնանը հնարավոր արտահերթ ընտրություններին չէին ընտրելու, հա՞։ Էյֆորիան անցած կլիներ, հա՞։ Աչքներդ կբացվեր, հա՞։

Լո՞ւրջ։

Բա 2018-ի սեպտեմբերի 23-ին էլի Սե՞րժը ստիպեց ձեզ Երեւանում 81% տալ «Իմ քայլը» դաշինքին։ Բա 2018-ի հոկտեմբերի 2-ին էլի Սե՞րժը ստիպեց ձեզ արձագանքել Նիկոլին, պաշարել Ազգային Ժողովը եւ ոչնչացնել նրա բացարձակ իշխանությանը խոչընդոտող վերջին կառույցը։ Իսկ նույն 2018-ի դեկտեմբերի ԱԺ արտահերթին էլի Սե՞րժը ստիպեց ձեզ գնալ ու 70.4 %-ով ընտրել Նիկոլին։

Ոմանք էլ, անտեսելով բոլոր քաղաքագիտական օրինաչափությունները, ասում են «բա Վրաստանում ո՞նց պահեցին իշխանությունը»: Երբ որոշ շրջանակներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա Վրաստանի և 2018-ի Հայաստանի միջև, հիշեցնեմ, որ Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։

Իսկ ամենակարևորը՝ վրաց ժողովուրդը, ի տարբերություն 2018-ի Հայաստանի, չկերավ այն կտերը, ստերը, մանիպուլյացիաները, որոնք համառորեն հրամցվում էին «առաջադեմ» շրջանակների կողմից։

Հարց հինգերորդ։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք ներքաղաքական զարգացումների մասով։ Ի նկատի ունեմ ոչ թե սոցիալական դժգոհությունները, թանկացումները կամ Գյումրու ընտրությունները, այլ իշխանափոխությունն ու Նիկոլի հեռացումը։

Պատասխան։ Ակնհայտ է, որ զայրույթի և բողոքի էներգիան ոչ միայն չեն կորել, այլև շարունակաբար կուտակվում են հասարակության բոլոր շերտերում: Վերջին սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է:

Այո, ազգը հոգնել է, զզվում է, տառապում է Նիկոլից: Սա վաղուց ակնհայտ է: Բայց նույնքան իրականություն է, որ 2-րդ 3-րդ 4-րդ եւ այլ տեղերում գտնվող ուժերը նույնպես չունեն բավարար աջակցություն իրավիճակն իրենց ձեռքը վերցնելու համար: Վտանգավոր եմ համարում նաեւ սոցիալական եւ ազգային օրակարգերի հակադրումը։ Չի կարելի սոցիալական դաշտը հանձնել հերթական դեմագոգներին եւ պոպուլիստներին։

Ընդունված է ընդդիմությունից «ծրագիր պահանջել»։ Այս թեմային ավելի մանրամասն առանձին կանդրադառնամ։ Հիմա շեշտեմ, որ ցավոք, մեր ժողովուրդն ավելի շատ անձնակենտրոն է, քան ծրագրակենտրոն:

Փաշինյանից զզվում են, բայց չգիտեն, թե ում «սիրեն»: Որքան էլ բացատրենք, որ քաղաքական սերը կուրացնում է և խլացնում, մեկ է հասարակության զգալի մասը փրկիչ է սպասում կամ փնտրում հերթական մեսիային՝ այսպիսով դարպաս բացելով նոր աֆերիստների, ավանտյուրիստների և ստախոսների համար:

Լուծումը խարիզմայի և պրոֆեսիոնալիզմի միջև ոսկե միջին գտնելն է: Մաքուր «դերասանները» կործանում են երկիրը: Բայց օսլայաօձիք «պրոֆեսիոնալները» պիտի ավելի հրապուրիչ ու հասկանալի դառնան։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728