Հրապարակվել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի տարեկան զեկույցը՝ «Դիտորդ #1 (79). Մարդու իրավունքները Հայաստանում 2024 թվականին»։
Նախաբան
Արդեն շուրջ 25 տարի է ղեկավարում եմ «Հայաստանի հելսինկյան կոմիտե», իրավապաշտպանական հասարակական կազմակերպությունը։ Առողջությունս այլևս չի ներում լիարժեքորեն համակարգել Կոմիտեի աշխատանքները, որոնց կարող եք ծանոթանալ մեր կայքում։ Այս շուրջ 25 տարվա ընթացքում փորձել ենք լինել առավելագույնս օբյեկտիվ և անաչառ։ Թե որքանո՞վ է այն հաջողվել, թողնում ենք ընթերցողի գնահատականին։
Պետք է խոստովանել, որ Կոմիտեի աշխատանքները էապես բարդացան 2018 թվականին, երբ մեր հիմնական գործընկերները, ինչպես արևմտյան երկրներից, այնպես էլ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից այլևս սկսեցին «չնկատել» Հայաստանում մարդու իրավունքների աղաղակող խախտումները։ Եթե արևմտյան պետությունների համար Հայաստանի իշխանությունները վարում էին իրենց ձեռնտու աշխարհաքաղաքական քաղաքականություն, ապա Հայաստանի քաղաքացիական հասարակության բազմաթիվ դերակատարների համար պարզվեց, որ մարդու իրավունքները, ոչ թե առաքելություն էր կամ հիմնական արժեքներից, ինչպիսիք են ժողովրդավարությունը, իրավական պետությունը, այլ ընդամենը կեցվածք՝ կախված դրամաշնորհ հատկացնող կազմակերպություններից։ Այս անցած 6 տարիների ընթացքում մենք տեսանք ավերիչ պատերազմներ, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, ցեղասպանություն Արցախում և մինչև այժմ Բաքվի զնդաններում տառապող հայ գերիների և Արցախի նախկին և ներկա ղեկավարներին։ Բացի այս ամենը, Հայաստանը երբեք, ինչպես այս վեց տարիների ընթացքում, չի ունեցել այսքան շատ քաղաքական հետապնդվողներ և քաղբանտարկյալներ։
Ինչևէ, հուսով ենք, որ իրավիճակը կփոխվի։
Կարդացեք նաև
Այսպիսով հրապարակում ենք, հերթական մարդու իրավունքներին վերաբերող «Դիտորդ» տարեկան զեկույցը, հուսալով, որ այն վերջինը չի լինի։ Ինչպես միշտ, Կոմիտեն իր զեկույցում առաջնային տեղ է տալիս տարվա մեջ կատարված մարդու իրավունքների ամենաաղաղակող խախտումներին։
Դատական համակարգ
Դատական համակարգի կախվածությունն իշխող կուսակցությունից և գործադիրից մեծացնելու ուղղությամբ նախորդ տարիներին բազմաթիվ քայլեր են արվել ինչպես կադրային քաղաքականության միջոցով, օրինակ՝ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի նախկին քաղաքական համակիր Գագիկ Ջհանգիրյանին[1], կուսակից և նախարար Կարեն Անդրեասյանին[2] Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ և ղեկավար դարձնելը, այնպես էլ ինստիտուցիոնալ առումով՝ դատավորների լիազորությունների վերաբերյալ որոշումների կայացման և այլ հարցերում փոփոխություններ կատարելով։ Դեռևս 2022 թ․-ին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դատական օրենսգրքում փոխվեց դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ ձայների շեմը՝ երկու երրորդը իջեցվեց ներկա անդամների ձայների մեծամասնության, եթե քվեարկել են անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը[3]։ Դրա հետևանքով միայն Ազգային Ժողովի (ԱԺ) կողմից ընտրված հինգ իրավաբան գիտնականների ձայնը դարձավ համարժեք դատավոր անդամներին, իսկ ԲԴԽ գործող բոլոր իրավաբան գիտնական անդամները ընտրվել և ընտրվում են բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կողմից։
Նույն տրամաբանությամբ, 2024 թ․ ներկայացված փոփոխությունների մեկ այլ նախագծով առաջարկվում է վերանայել դատավորների գնահատման հանձնաժողովի կազմը։ Գործող կարգավորմամբ՝ գնահատումն իրականացնում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված, 5 հոգուց բաղկացած հանձնաժողովը, որի անդամներից 3-ը դատավորներ են։ Առաջարկվող նախագծով ավելացվելու է հանձնաժողովի անդամների քանակը, սակայն նրանց մեծամասնությունը ընտրվելու է ոչ թե դատավորների, այլ ԲԴԽ կողմից և լինելու են իրավաբան գիտնականներ։ Վենետիկի հանձնաժողովը քննադատել էր այդ մոտեցումը, հիշեցնելով, որ դատավորների կարիերային առնչվող որոշումները կայացնող մարմինների անդամների առնվազն կեսը պետք է ընտրված լինեն հենց դատավորների կողմից[4]։
Դատական համակարգի կախումը գործադիր իշխանությունից
Ինչպես նախորդ տարիներին, 2024 թ․-ին շարունակվեցին դատավորների պաշտոնանկությունները։ Դրա հիմնական «գործիքը», կրկին, արդարադատության նախարարի միջնորդությամբ հարուցված կարգապահական վարույթներն էին, որոնց հիման վրա այս կամ այն դատավորի լիազորությունները դադարեցնում էր նախկինում նույն նախարարի պաշտոնը զբաղեցրած Կ․ Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն։ Վերջինս տարեսկզբին Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ընթացքում հայտնել էր, որ Դատական դեպարտամենտին հանձնարարել է պատրաստել տեսանյութ՝ «5 ամենահայտնի, ամենահարցված գործերի» մասին՝ թե ինչու են ձգձգվում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործերը[5]։ Տեսանյութը հրապարակվեց փետրվարի 10-ին՝ «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտումներ դատական իշխանությունից» վերնագրով[6]։ Այս գործերի ելքում իշխող ՔՊ կուսակցությունը և նրա ղեկավարը ուղղակի քաղաքական հետաքրքրվածություն ունեն ինչպես ընդհանուր հանրային կարծիքի վրա ազդելու տեսակետից, այնպես էլ այն պատճառով, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների փաստացի առաջնորդներն են։
Ֆիլմում ներկայացված են հաշվարկներ, թե որ դատական գործը ում պատճառով և քանի ամսով է հետաձգվել և որ որոշները, ըստ հեղինակի, «տարօրինակ զուգադիպությամբ» արագացվել են Կ․ Անդրեասյանի պաշտոնավարման ընթացքում։ Ըստ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի» ուսումնասիրության՝ տեսանյութի պնդումները միակողմանի և ոչ ամբողջական են եղել, իսկ վկայակոչված դատավորները տարբեր ժամանակներում տարբեր ծանրաբեռնվածություններ են ունեցել, ինչը ազդել է քննության տևողության վրա։ Այդուհանդերձ, տեսանյութում ներկայացված տվյալների հիման վրա դադարեցվեցին Ռ․ Քոչարյանի գործը քննած Աննա Դանիբեկյանի, ինչպես նաև Ս․ Սարգսյանի և գործով դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները[7]։ Հատկանշական է նաև, որ ֆիլմից հետո Ռ․ Քոչարյանին՝ 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված գործով նոր մեղադրանք առաջադրվեց[8], թեև դեռևս 2021 թ․ վերջինս արդարացվել էր՝ իր դեմ առաջադրված «սահմանադրական կարգը տապալելու» մասին հոդվածը հակասահմանադրական ճանաչվելու հիմքով[9]։ Նոր մեղադրանքը վերաորակվել է «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու» հոդվածով[10], իսկ գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանը նախկինում եղել է իշխող ՔՊ կուսակցության անդամ[11]։
Թեև դատավարական ժամկետները խախտելու պարագայում որոշ դատավորների լիազորություններ դադարեցվել են, սակայն մյուսները շարունակել են պաշտոնավարել, անգամ՝ ծառայողական առաջխաղացում են ունեցել[12]։ Բացի անցանկալի դատավորներին հեռացնելուց, ԲԴԽ-ն, փաստորեն, դատական համակարգում է «պահում» իշխանություններին հաճո դատավորներին։ Օրինակ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հայտնի է նախկին և ներկա իշխանությունների ընթացքում քաղաքական հնչեղություն ունեցող գործերով ընդդիմադիր գործիչների դեմ որոշումներ կայացնելով[13], պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվեր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշմամբ արձանագրված խախտում թույլ տալու պատճառով։ ԲԴԽ-ն ձգձգել էր վարույթի քննությունը այնքան, որ արդյունքում կարգապահական վարույթի համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետը լրացել էր և Մ․ Մարտիրոսյանը չէր ենթարկվել որևէ պատասխանատվության[14]։
Դատավորների լիազորությունների դադարեցման հետևանքներից մեկն այն է, որ վերջիններիս վարույթներում գտնվող գործերի քննությունը պետք է սկսվի նորից։ Վերջին 5 տարվա ընթացքում դատավարական ժամկետները խախտելու պատճառով հեռացված դատավորների մոտ առկա էին 2914 գործ[15], որոնք, փաստորեն, պետք է վերսկսվեն զրոյից։ Միևնույն ժամանակ, Դատական դեպարտամենտը չունի ուսումնասիրություն, թե այդ գործերի վերաբաշխման արդյունքում որքանով է ավելանում մյուս դատավորների ծանրաբեռնվածությունը[16]։
2024 թ․ տեղի ունեցավ դատական իշխանության՝ գործադիրի կողմից յուրացնելու հերթական դրվագը։ Նոյեմբերի 18-ին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ներքին գործերի և Տարածքային կառավարման նախարարները, Քննչական, Հակակոռուպցիոն, Պետական եկամուտների կոմիտեների նախագահները, ինչպես նաև ԲԴԽ նախագահ Կ․ Անդրեասյանը անակնկալ հրաժարական ներկայացրեցին[17]։ Այնուհետև Ն․ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարականները ներկայացվել են իր խնդրանքով[18]։ Եթե նախարարների պարագայում պաշտոնավարումը հայեցողական է և կախված է գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի կամքից, ապա Հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ օրենքի՝ անկախ մարմին է և պետք է ենթարկվի միայն Սահմանադրությանը և օրենքներին[19]։ Հայեցողական չէ նաև Քննչական կոմիտեի նախագահին պաշտոնից ազատելը[20], հետևաբար՝ վարչապետի կողմից պաշտոնյաներին «սեփական դիմումի համաձայն» հրաժարական տալու խնդրանքը միջամտություն է և չարաշահում։
Առավել խնդրահարույցը դատական իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի հրաժարականն էր։ Ն․ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում հաստատել էր, որ Կ․ Անդրեասյանի հրաժարականը «եղել է վարչապետի խնդրանք», պնդելով, որ ուներ դրա «քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն»[21]։ Փաստորեն, դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի[22] ղեկավարը կարող է հեռացվել գործադիրի «խնդրանքով», որն, ըստ Սահմանադրության, պետք է զերծ մնա իշխանության մյուս թևերի նկատմամբ միջամտություններից։ Կ․ Անդրեասյանի հրաժարականից հետո ԲԴԽ նախագահությունը անցավ մեկ այլ իրավաբան-գիտնական անդամի՝ Կարեն Թումանյանին[23]։ Վերջինս տարվա սկզբին էր ընտրվել ԲԴԽ անդամ, կրկին՝ ՔՊ կուսակցության կողմից[24]։
Այս ամենը համադրելով դատական օրենսգրքում կատարված և ընթացիկ փոփոխությունների հետ ստացվում է, որ դատական իշխանությունը ուղղակի կախման մեջ է գտնվում իշխող կուսակցությունից, տվյալ դեպքում՝ ՔՊ-ից և, հետևաբար, կուսակցության և գործադիր իշխանության ղեկավար Ն․ Փաշինյանից։ ԲԴԽ կազմի կեսը միանձնյա ընտրելով և դատավորների պաշտոնավարմանը վերաբերող լծակները յուրացնելով կուսակցական իշխանության շրջանը փակվում է, այսինքն՝ դատական իշխանության գործունեությունը կանխորոշվում է վարչապետի և իր քաղաքական ուժի կողմից։
Ըստ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի» մեկ այլ հրապարակման՝ նախորդ տարիներին բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված ցուցարարների կալանքի միջնորդությունները հաճախ ձեռքով մակագրվում էին դատավորների, որոնք ավելի հավանական է բավարարեն դրանք, սակայն չէին մակագրվում տվյալ օրերին հերթապահող այն դատավորներին, որոնք բարձրաձայնում էին դատական համակարգի խնդիրները և քննադատում ԲԴԽ գործելաոճը՝ կարգապահական վարույթներով դատավորներին հեռացնելու հետ կապված։ Առավել մանրամասն տեղեկություններ, թե բողոքի ցույցերի ընթացքում որ դատավորը քանի կալանքի միջնորդություն է քննել և բավարարել, սակայն, դատական համակարգի որևէ մարմնին չի տրամադրել[25]։ Նման պայմաններում կարելի է ակնկալել, որ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իշխանության չարաշահումներից գործնականորեն դառնում է անհնար, ինչը հաստատվում է մյուս իրավունքների ներկա իրավիճակով։
Խաղաղ հավաքների ազատություն
Խաղաղ հավաքների համատեքստում 2024 թ․ առավել ուշագրավ իրադարձությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էր, որը սկսվեց Տավուշի մարզում՝ Հայաստանի կողմից իր տիրապետության տակ գտնվող տարածքների միակողմանի զիջումների դեմ և վերածվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների։ Շարժման մասնակիցները պարբերական հանրահավաքներով, երթերով և փողոցները արգելափակելու գործողություններով փորձում էին ճնշում գործադրել իշխանությունների վրա, սակայն հանդիպում ոստիկանության «հակազդեցությանը»։ Ոստիկանական գործողությունները և ձերբակալությունները ուղեկցվում էին բռնություններով, որոնցից առավել աղմկահարույցներից էին մայիսի 27-ին ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանի ծեծը և հունիսի 12-ին՝ ԱԺ նստավայրի հարևանությամբ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված լուսաձայնային նռնակներն ու բռնությունները, որի արդյունքում տուժեցին ավելի քան 100 հոգի։ Շարժման ընթացքում տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին և կալանավորվեցին տարբեր մեղադրանքներով, մինչդեռ որևէ ոստիկանի քրեական մեղադրանք այդպես էլ չառաջադրվեց։ Կարելի է պնդել, որ ոստիկանական բռնությունների և անպատժելիության մակարդակով 2024 թ․ ցույցերը գերազանցեցին բոլոր նախորդ տարիների դեպքերը։
2024 թ․ առաջին կիսամյակին տեղի ունեցած հավաքների՝ Կոմիտեի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները հրապարակվել են կիսամյակային զեկույցում, իսկ հունիսի 12-ի ԱԺ նստավայրի հարևանությամբ տեղի ունեցած հավաքի դիտորդության արդյունքները՝ հատուկ զեկույցում։ Ստորև ներկայացված են տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած հավաքների բնութագիրը, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքին առնչվող հետագա զարգացումները։
2024 թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում էականորեն նվազեցին ինչպես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցերը, այնպես էլ առհասարակ քաղաքական բովանդակություն ունեցող հավաքները։ Դրանով պայմանավորված՝ ոստիկանական միջամտությունների քանակը ավելի քիչ է եղել։ Դիտարկված առավել կոպիտ միջամտություններից էր հոկտեմբերի 10-ին՝ Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստ Արթուր Չախոյանի ձերբակալումը։ Ա․ Չախոյանը կեղծ թղթադրամներ էր փակցրել քաղաքապետարանի մուտքին՝ այդ կերպ բողոք արտահայտելով քաղաքի համայնքային հողերի օտարման գործարքներին։ Ոստիկանությունը բերման ենթարկեց Ա․ Չախոյանին, պատճառաբանելով, որ հանրային վայրը ոչ նպատակային է օգտագործել։ Դրանից հետո, սակայն, ոստիկանությունը հայտնեց, որ ակտիվիստին բերման են ենթարկել այլ խախտման՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար[26]։
Մի քանի ամիս բողոքի ցույցերը դադարեցնելուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ից պայքարը վերաակտիվանալու է[27], թեև մի քանի առանձին հավաքներից հետո բողոքի ցույցերը չշարունակվեցին։ Այդուհանդերձ, հոկտեմբերի 2-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն էր տարածել, որով հավաքի մասնակիցներից պահանջում էր «զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչեր հնչեցնելուց կամ դրանց կատարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց[28]»։ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), իր հերթին, մասնակիցներին կոչ էր արել «ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտումներից[29]»։ Երկու ուժային կառույցներն այդ կերպ խախտել էին հավաքների՝ խաղաղ բնույթ ունենալու կանխավարկածի սկզբունքը, քանի որ չէին ներկայացրել որևէ ապացույց կամ հիմնավորում, որ հավաքի մասնակիցներից նման վարքագծի վտանգ կա։ Շարժման հավաքները, ներառյալ՝ հոկտեմբերի 2-ին Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքը և դեպի Հանրային Հեռուստաընկերություն երթն անցան բացառապես խաղաղ, առանց միջադեպերի։
2024 թ․ երկրորդ կիսամյակում մի շարք հավաքներ են կազմակերպվել սոցիալական և իրավական տարբեր խնդիրների շուրջ։ Կառավարության առջև բողոքի ցույցեր են կազմակերպել Չարենցավանի բնակիչները՝ անձնագրային բաժինը իրենց քաղաքից Հրազդան տեղափոխելու որոշման դեմ (հուլիսի 18-ին), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակիցները՝ մասնաշենքերից մեկը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու որոշման դեմ (հոկտեմբերի 31), տաքսի ծառայությունների և անհատ վարորդները՝ պետական տուրքի նոր դրույքաչափերի դեմ[30] (սեպտեմբերի 2-ին), ինչպես նաև 2023 թ․ սեպտեմբերին Արցախում անհետ կորածների և զոհերի հարազատները՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց ճակատագրերը պարզելու, իսկ մահացածների մարմինները Հայաստան տեղափոխելու ուղղությամբ (հուլիսի 11)։ Հոկտեմբերի 16-ից Կառավարության առջև նստացույց էին իրականացնում «Կամք» նախաձեռնության անդամները՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Նոյեմբերի 15-ին ՀՀ-ում ՄԱԿ ներկայացուցչության առջև բողոքի ցույց է իրականացվել ընդդեմ Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի անցկացման՝ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու և հայ գերիներին չվերադարձնելու պատճառով։
Քրեական և վարչական գործերի ընթացքը
Մայիսի 27-ին ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին շուրջ երեք տասնյակ ոստիկանների կողմից խմբային ծեծի ենթարկելու համար որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Ավելին՝ պատգամավորին հայհոյող և հարվածող ոստիկաններից մեկը՝ Գևորգ Մկրտչյանը, ում լիազորությունները ի սկզբանե կասեցվել էին, վերականգնվել է աշխատանքի[31]։ Թեև տեսանյութում հստակ երևում է ողջ միջադեպը, նույնականացված կամ նույնականացվելի են բոլոր ոստիկանները, ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ քրեական գործի համար տեսանյութն ինքնին ապացույց չէ և միայն դատավարական գործողությունների արդյունքում պետք է դառնա ապացույց[32]։ Իր հերթին քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ ոստիկանների արարքին գնահատական տալ չեն կարողանում, քանի որ Աշոտ Սիմոնյանը, որպես տուժող, հրաժարվում է հարցաքննությունից[33]։ Մեկ այլ ընդդիմադիր պատգամավորի՝ Աշոտ Խաչատրյանի նկատմամբ բողոքի ցույցերի ընթացքում ֆիզիկական ուժ կիրառած և մեքենան նստեցրած ոստիկաններին նույնպես որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Փաստորեն, ընդդիմադիր պատգամավորների՝ սահմանադրական անձեռնմխելիությունը որևէ իրական երաշխիք չունի։
Ի հակադրումն դրան՝ իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի միջադեպն այլ ընթացք ստացավ։ Հանրային տրանսպորտում իշխանական պատգամավորին հայհոյելու և այն տեսագրելու համար Ս․ Վարդանյանի նկատմամբ անմիջապես հարուցվել էր քրեական գործ և ձերբակալվել էր[34]։
2024 թ․ հավաքների ընթացքում այլ բռնությունների համար, կրկին, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել[35]։ Ինչպես նշվեց, առավել կոպիտ խախտումներից էր հունիսի 12-ին՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառած մի քանի տասնյակ լուսաձայնային նռնակների և բռնությունների դեպքերը, որոնց արդյունքում ավելի քան 100 մարդ վնասվածքներ էր ստացել։ Միևնույն ժամանակ, հունիսի 12-ի հավաքի մասնակիցների նկատմամբ քրեական գործերով նախաքննությունը մոտ մեկ ամսում ավարտվեց, արդյունքում 16 հոգու ներկայացվեց մեղադրանք՝ խուլիգանության ու զանգվածային անկարգության համար[36]։ Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հետ համատեղ հրապարակած զեկույցում մանրամասն անդրադարձել էր նռնակների կիրառմանը, դեպքերի ժամանակագրությանը և հիմնավորել, որ դրանք կիրառվել են բացառապես խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ անձամբ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Բաբայանի հրամանով[37]։ Դեպքը տեղի էր ունեցել նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դատապարտումից ընդամենը 9 օր անց։ Լ․ Երանոսյանը մեղավոր էր ճանաչվել նույն լուսաձայնային նռնակների կիրառման համար՝ 2018 թ․ ապրիլի 16-ին և 22-ին՝ Ն․ Փաշինյանի կողմից գլխավորած հավաքների ընթացքում[38]։ Այս երկու դեպքերը համադրելով կարելի է ստանալ ընտրովի արդարադատության և խտրականության դասական օրինակ։
2024 թ․ էական զարգացումներ եղան հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի շուրջ։ Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հետ հրապարակել էր համատեղ զեկույց, որտեղ մանրամասն քննարկվում էր հանցակազմի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին հակասելու փաստը՝ հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական հետապնդման օրինակով։ Զեկույցում առաջարկ էր արվել գործող օրենքը առկա խմբագրությամբ ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարծիքը ստանալու համար, սակայն, կառավարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում նոր քրեական գործեր հարուցվեցին շուրջ 11 անձանց նկատմամբ, կրկին՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով[39]։ Արդյունքում խորհրդարանական ընդդիմությունը դիմեց Սահմանադրական դատարան՝ հանցակազմի «նյութապես շահագրգռելու» մասի համապատասխանությունը հիմնական օրենքին ստուգելու համար[40]։ Իր հերթին Սահմանադրական դատարանը հարցն ուղղեց Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով[41]։ Կարծիքը դեռևս չի հրապարակվել, սակայն, ըստ նույն ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշակված Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցի՝ հավաքներին խրախուսվող մասնակցության պրակտիկան չպետք է ենթարկվի իրավական կարգավորման, եթե նման խրախուսումների տրամադրումը չի հակասում նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համաչափ սահմանափակումներ սահմանող օրենքներին[42]։
2023 թ․ «Զանգ» նախաձեռնության հավաքների ընթացքում ոստիկանությունը պարբերաբար բերման էր ենթարկում մասնակիցներին և առգրավում վրանները, որոնք ցուցարարները փորձում էին տեղադրել Մաշտոցի պուրակում՝ որպես խորհրդանշական ակցիա։ Կոմիտեն անդրադարձել էր միջամտություններին առանձին զեկույցով, նշելով, որ պուրակում տեղադրվող վրանները առգրավելը և ցուցարարներին՝ «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու» համար ձերբակալելով և դրանով փաստացի դադարեցնելով հավաքը, իրավաչափ չէր։ Նախաձեռնության մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից ներկայացվել էին մոտ 60 վարչական հայցադիմումներ՝ «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու» համար, որոնց մեծամասնությունը, մոտ՝ 40-ը մերժվել են վարչական դատարանի կողմից 2024 թ․ ընթացքում[43]։ Ստացվում է, որ ի սկզբանե ոչ իրավաչափ միջամտություններով՝ մասնակիցներին ձերբակալելով ոստիկանությունը դադարեցրել է տասնյակ հավաքներ։ Փաստորեն, ոստիկանության համար նշված վարչական իրավախախտումը կիրառելը ընդամենը խաղաղ հավաքների նկատմամբ արագ ներգործության միջոց է՝ դադարեցնելու նպատակով, որից հետո էական չէ, թե ինչ իրավական գնահատականի այն կարժանանա։
Հավաքների ազատության իրավունքին առնչվող օրենսդրական փոփոխություններ
2024 թ․-ին շրջանառության մեջ դրվեցին կամ ընդունվեցին մի շարք վիճահարույց օրենսդրական նախագծեր, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ խաղաղ հավաքների ազատության իրացման վրա։ Դրանցից մեկը տեսախցիկներով շուրջօրյա վերահսկողությանը վերաբերող նախագիծն էր, որն առաջին ընթրեցմամբ ՔՊ կողմից ընդունվեց դեռևս հունիսին[44]։ Նախագծով պարտավորություն էր դրվում մասնավոր տնտեսվարողների մեծ մասի վրա՝ իրենց տարածքներում տեղադրել տեսախցիկներ և ապահովել շուրջօրյա ուղիղ եթերով հասանելիություն ՆԳՆ-ին։
Ըստ փորձագետների՝ համակարգի ներդրումից հետո բավարար կլինի դեմքի ճանաչման ծրագրային ապահովման միջոցով հանրային վայրերում շուրջօրյա վերահսկողություն սահմանել անձանց նկատմամբ։ Փորձագետները նաև անվստահություն էին հայտնում համակարգի անվտանգության հարցի վերաբերյալ, քանի որ նախկինում եղել են տեսանյութերի արտահոսքեր[45]։ Այս ռիսկերը իրատեսական են, հաշվի առնելով, որ ոստիկանությունը նախագծի մշակումից առաջ, դեռևս 2022 թ․-ին արդեն հայտարարել էր, որ տեսահսկման համակարգի ներդրման պարագայում նախատեսում են կիրառել դեմքի և ավտոմեքենաների ճանաչման ծրագրային ապահովումներ[46]։ Ակնհայտ է, որ համակարգի միջոցով ուժային կառույցները կկարողանային հեշտությամբ տեղեկություններ ստանալ անձի մասին, թե ուր և որ ժամին է գնում, ում հետ է հանդիպում, ինչ հավաքների է մասնակցում և այլն։ Նման շուրջօրյա վերահսկողությունը, որի արդյունքում կարող են պարզվել մարդու քաղաքական հայացքները, ինքնին անհամաչափ միջամտություն է համարվել, ինչը հաստատվել է նաև ՄԻԵԴ կողմից 2023 թ․ ընդունված Գլուխինն ընդդեմ Ռուսաստանի գործով[47]։
Նախագիծն արժանացավ կոշտ քննադատումների, ներառյալ՝ Human Rights Watch կազմակերպության կողմից[48] և նոյեմբերին սառեցվեց։ Փոխարենը իշխանությունների կողմից ընտրվեց համակարգի ներդրման փուլային տարբերակ[49]։ Ըստ այդմ՝ սկզբնական փուլում շուրջօրյա տեսահեռարձակում ոստիկանությունը ստանալու է տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող տեսահսկման համակարգերից[50]։ Հարկ է նշել, որ նման կառույցների քանակը և տարածվածությունը նույնպես մեծ է և բոլոր ռիսկերը, որոնք պայմանավորված էին նախնական տարբերակի հետ, դեռևս առկա են։
Մեկ այլ կարևոր զարգացում, որը կարող է անդրադառնալ խաղաղ հավաքների ազատության իրավունքի վրա, ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն են։ Ըստ փոփոխությունների 2025 թ․ հունվարի 1-ից փաստաբանները այլևս չեն կարող աշխատել շրջանառության հարկով և անցել են ավելացված արժեքի հարկի տիրույթ[51]։ Դա նշանակում է, որ հարկվելու է նաև անվճար իրավաբանական աջակցությունը (pro bono), քանի որ անհատույց ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը[52]։ Բազմաթիվ փաստաբաններ պարբերաբար անվճար իրավաբանական աջակցություն են ցուցաբերել խաղաղ հավաքների ընթացքում բերման ենթարկված ցուցարարներին[53], ինչը, փաստորեն, այլևս հնարավոր չի լինելու։ Ըստ փաստաբանների՝ նախագիծը մշակելիս իրենց կարծիքը հաշվի չի առնվել[54]։
Խոշտանգումներ և բռնություններ
2024 թ․ առավել աղմկահարույց դեպքերից էր ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի խոշտանգումը[55]։ Ապրիլի 16-ին Ս․ Վարդանյանը ձերբակալվել էր՝ նախօրեին հանրային տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, որի ընթացքում ակտիվիստը հայհոյել էր պատգամավորին և տեսանկարահանել, իսկ պատգամավորն ի պատասխան հարվածել էր նրան։ Միջադեպից անմիջապես հետո ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին մի խումբ իշխանական պատգամավորների հայտարարությունները միջադեպի մասին, որոնք այն «խուլիգանություն» էին որակել և իրավապահ մարմիններին խիստ արձագանքելու ցուցում տվել։ Ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին ոստիկանները ամայի վայրում, իրենց ավտոմեքենայի մեջ մենակ էին թողել Ս․ Վարդանյանին, որից հետո մի խումբ դիմակավորված անձինք, հանելով ավտոմեքենայից, ծեծի էին ենթարկել նրան, ինչն ուղեկցվել էր հայհոյանքներով և արժանապատվությունը նվաստացնող գործողություններով։ Մեղավորները ոչ միայն մինչ օրս չեն պատժվել, ավելին՝ Ս․ Վարդանյանի պաշտպանները հայտնել են, որ ուղեկցող ոստիկանները ծառայողական առաջխաղացում են ունեցել[56]։
Բազմաթիվ բռնություններ են տեղի ունեցել մայիս-հունիս ամիսներին Երևանում անցկացվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքների ընթացքում, որոնց Հայաստանի հելսինկյան կոմիտեն առանձին անդրադարձել էր նախորդ հրապարակումներում[57]։ Դեպքերից որևէ մեկով ցուցարարներին ծեծի ենթարկելու համար մեղադրվող ոստիկաններ մինչ օրս չկան։
Քաղաքական հետապնդումներ
2024 թ․ շարունակվեցին քաղաքական հետապնդումները ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ։ Դրանցից մեկը փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործն էր։ Վերջիններս վարում են ընդդիմադիր ուղղվածություն ունեցող «Իմնեմնիմի[58]» փոդքասթը, որի թողարկումներից մեկի ընթացքում վարողները հայհոյանքներով մեկնաբանել էին նույն օրը ԱԺ նիստի ընթացքում Ն․ Փաշինյանի հայհոյախառը հնչերանգով ելույթը, որն ուղղված էր Ռ․ Քոչարյանին և նրա որդուն՝ պատգամավոր Լևոն Քոչարյանին[59]։ Թեև վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացված է, այդուհանդերձ Վ․ Սաղաթելյանի և Ն․ Սամսոնյանի դեմ քրեական գործ հարուցվեց՝ «խուլիգանության» հիմքով։ Խուլիգանության հանցակազմը նույնպես չէր կարող կիրառվել տվյալ դեպքում մի շարք պատճառներով, ներառյալ այն, որ գալիք հայհոյանքների մասին վարողները նախապես զգուշացրել էին, իսկ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելը խուլիգանություն որակելու համար անհրաժեշտ պայման է[60]։ Բացի բուն քրեական գործից՝ Ն․ Սամսոնյանին ձերբակալել էին երեք դիմակավորված ոստիկաններ և քաղաքացիական հագուստով հինգ անձ՝ կոպիտ ուժով անշարժացնելով և պառկեցնելով գետնին, թեև Սամսոնյանը որևէ դիմադրություն չէր ցուցաբերում[61]։ Վ․ Սաղաթելյանը և Ն․ Սամսոնյանը երկու ամիս պահվեցին անազատության մեջ, իսկ կալանքից ազատվելու պայմաններից մեկը դրվեց իրենց փոդքասթով եթեր դուրս չգալը[62]։
2024 թ․ հուլիսին փոխվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը։ Թեև Մ․ Ասլանյանը, քաղաքային ընտրություններում առավել մեծ թվով ձայներն էր ստացել և կարող էր իշխանություն ձևավորել մյուս ընդդիմադիր ուժերի հետ[63], սակայն անդրանիկ նիստից ընդամենը երկու օր առաջ ձերբակալվել և կալանավորվել էր՝ լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքներով[64]։ Շուրջ երկու տարի 7 ամիս կալանքից հետո Մ․ Ասլանյանը գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն ազատության մեջ գտնվելով չփորձեց համայնքի ղեկավարի ընտրության հարցով զբաղվել[65]։ Մինչ օրս համայնքը ղեկավարում է Ն․ Փաշինյանի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատար, քրեական անցյալ ունեցող Արկադի Փելեշյանը[66]։
Սեպտեմբերին փոխվեց նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը՝ տնային կալանքի և գրավի։ Միաժամանակ, վերջինիս արգելվեց հաղորդակցությունը և նամակագրությունը[67]։ Հայաստանի հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել էր Ա․ Աշոտյանի դեմ շարունակական քաղաքական հետապնդմանը նախորդ հրապարակումներում, հաշվի առնելով նաև այն հանգամանքները, որ ենթադրյալ պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման դրվագները տեղի էին ունեցել դեռևս 2015 թ․-ին, իսկ խնդրի առարկա մնացել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հաշվեկշռում[68]։ Նման պայմաններում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ քրեական հետապնդումը և քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից փաստացի զրկումը նշանակում է, որ անգամ տնային կալանքի պարագայում Ա․ Աշոտյանը շարունակում է մնալ քաղաքական բանտարկյալ։
Հոկտեմբերի 29-31-ին ոստիկանությունը Երևանում ձերբակալեց 9 ընդդիմադիր ակտիվիստների՝ ապօրինի զենք և զինամթերք պահելու մասին «օպերատիվ տվյալների» հիման վրա[69]։ Թեև որևէ մեկի մոտ ապօրինի զենք այդպես էլ չգտնվեց, խուզարկության ժամանակ առգրավվեցին քաղաքական պաստառներ՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա կողմից քաղաքացու դեմքին թքելու միջադեպի հետ[70]։ Ուժայինների նման գործելաոճը նոր չէր՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում նույն՝ ապօրինի զենք ունենալու կասկածանքով ձերբակալվել էին «Ազատազէն» քաղաքացիական հրաձգարանի խորհրդի անդամ, ակտիվիստ Իշխան Գևորգյանը և չորս այլ անդամներ, որոնց մոտ նույնպես ապօրինի որևէ առարկա չէր գտնվել[71]։
Բացի 6 բարձրաստիճան պաշտոնյաներից, նոյեմբերին Ն․ Փաշինյանը հրաժարականի «խնդրանքով» էր դիմել նաև իր կուսակից երկու պատգամավորների՝ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Ն․ Զեյնալյանը մանդատից հրաժարվել էր, իսկ Հ․ Աղազարյանը՝ ոչ, որից հետո վերջինիս նկատմամբ սկսվել էին հետապնդումներ։ Նախ՝ Հ․ Աղազարյանը հեռացվեց ՔՊ կուսակցությունից՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի» համար[72]։ Այնուհետև՝ խուզարկվեց նրա բջջային հեռախոսը, ներառյալ՝ ջնջված նամակագրությունները, որոնք հասանելի դարձան վարչապետ Ն․ Փաշինյանին[73]։ Ըստ Աղազարյանի՝ իրեն սպառնացել են, որ հեռախոսից վերհանված անձնական որոշակի տեղեկություններ կհայտնվեն իր ընտանիքի մոտ, եթե մանդատը վայր չդնի[74]։ Իր հերթին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ կապված[75] Medianews կայքը հրապարակում էր տարածել, ըստ որի Հովիկ Աղազարյանը նույնասեռ կապեր է ունեցել, ինչը իբրև թե կուսակցությունից հեռացման պատճառներից մեկն էր[76]։ ՔՊ կուսակցությունից հեռացվեց մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Ասլանյանը, որը աջակցել էր Աղազարյանին[77]։
Ինչպես նախորդ տարիներին[78], շարունակվեցին ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների հեռացումը բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Ուսումնական տարվա սկզբին Երևանի պետական համալսարանի դասախոսական կազմից հեռացվեցին ընդդիմադիր հանրային գործիչներ Աբրահամ Գասպարյանը և Մենուա Սողոմոնյանը, որոնք նախորդ ժամանակահատվածներում անցկացված բողոքի ցույցերի, ներառյալ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ մասնակիցներից և աջակիցներից էին[79]։
Ընտրական իրավունք
«Ինֆոքոմ» լրատվամիջոցի հետաքննությամբ[80] պարզվեցին մի շարք կասկածելի ֆինանսական գործարքներ իշխող ՔՊ կուսակցության օգտին, որոնք կատարվել էին 2023 թ․ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին նախորդած և բազմաթիվ խախտումներով ուղեկցված քարոզարշավի ընթացքում[81]։ Ըստ հետաքննության՝ ՔՊ-ին փոխանցված նվիրատվությունների մի մասը կասկածելի էին, մի մասն էլ անհայտ ծագում ունեցող։ Բազմաթիվ նվիրատուների անունից փոխանցվել էր անհայտ ծագման գումար՝ օգտագործելով վերջիններիս անձնագրերը, իսկ որոշ դեպքերում մարդիկ առհասարակ տեղյակ չեն եղել, որ իրենց անունից գումարներ են փոխանցվել։ Նվիրատվություններ են կատարել նաև հայտնի ձեռնարկությունների ներկայացուցիչներ, աշխատողներ, ընդ որում՝ խոշոր ձեռնարկություններից մեկի պարագայում գումարները ոչ թե անձնական միջոցներ էին, այլ կազմակերպությանը պատկանող, որոնք մաս-մաս փոխանցվել էին աշխատակիցների անուններից՝ որպեսզի չհատվեր նվիրատվության թույլատրելի շեմը։ Հատկանշական է, որ ՔՊ-ն ի սկզբանե չէր համաձայնում տրամադրել նվիրատուների ցուցակը և արել էր միայն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացրած դատական հայցից հետո[82]։
Նոր ձևավորված ավագանու քաղաքական դասավորվածությունը հնարավորություն տվեց ընդամենը 33 տոկոս քվե ստացած ՔՊ կուսակցությանը վերահսկել ողջ քաղաքային իշխանությունը։ Ի սկզբանե ընդդիմադիր «Հանրային ձայն» կուսակցությունը, որը ընտրություններում երրորդ տեղն էր զբաղեցրել և ստեղծվել էր նախկին ոստիկան, սկանդալային բլոգեր և քրեական հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի[83] կողմից, դարձավ դե ֆակտո ՔՊ կուսակցության աջակիցը, նախ՝ ապահովելով քվորում իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի ընտրվելու, այնուհետև՝ ավագանու ընդդիմադիր անդամներին հեռացնելու համար։ 2024 թ․ հունվարի 11-ին Վարդան Ղուկասյանին ևս հեռացրեցին իր թիմակիցները «Հանրային ձայն» կուսակցությունից[84], որից հետո նախկին ոստիկանը հիմնեց նորը[85]։ Դրանից հետո կուսակցության ավագանու որոշ անդամները շարունակեցին աջակցել ՔՊ-ին և «Հանրապետություն» կուսակցությանը՝ հեռացնել ավագանու նիստերը բոյկոտող ընդդիմադիր անդամներին, որոշ դեպքերում քվեարկելով, այլ դեպքերում՝ քվորում ապահովելով։
Փետրվարին մանդատից զրկվեց ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդ Հայկ Մարությանը, որն ընտրությունների արդյունքներից հետո ընդդիմության քաղաքապետի հիմնական թեկնածուն էր[86]։ Հեռացվեցին նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը, սեպտեմբերին՝ կրկին, «Ազգային առաջընթաց»-ի անդամ Գրիգոր Երիցյանը, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանը[87]։ Վերջիններս «Հանրային ձայն» խմբակցության՝ Վարդան Ղուկասյանին դեռևս աջակից անդամներն էին, որոնց հեռացնելու հարցը բերել էր իշխանությունների կողմն անցած ավագանու նույն խմբակցության մյուս անդամը՝ Վահան Ավագյանը[88]։ Ավագանու ընդդիմադիր անդամներին հեռացնելու բոլոր դեպքերում որոշման հիմքը նույնն էր՝ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել էին ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից[89]:
Ինչպես նախորդ տարիներին[90], 2024 թ․ նույնպես շարունակվեցին ճնշումները այն համայնքապետարանների նկատմամբ, որտեղ ընտրությունների արդյունքում ՔՊ կուսակցությունը պարտվել էր։ Առավել ուշագրավ իրադարձություններից էր Գյումրիում նախորդ ընտրություններում հաղթած, ընդդիմադիր «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատներից հրաժարվելը[91]։ Թեև դաշինքի անդամները և քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը այդպես էլ հրապարակային չպարզաբանեցին բուն պատճառները, մանդատներից հրաժարվելու որոշմանը նախորդել էր դաշինքի հիմնադիր Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի ձերբակալությունը[92]։ Մինչ այդ՝ 2023 թ․ դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիրը» խզել էր կոալիցիոն հուշագիրը «Բալասանյան» դաշինքի հետ, պատճառաբանելով, որ «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում»[93]։ Նույն ամսին պաշտոնից ազատվել էր Ս․ Բալասանյանի մյուս որդին՝ Միսակ Բալասանյանը, որն Իրաքում ՀՀ դեսպան էր։ Ինչպես Վանաձորի պարագայում՝ Ն․ Փաշինյանը նշանակեց համայնքի ժամանակավոր պաշտոնակատար[94]։
[1] Տե ՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի «Դիտորդ #1. 2021» զեկույցի «Դատական համակարգ» բաժինը, https://armhels.com/wp-content/uploads/2022/02/Ditord-2021arm.pdf
[2] Տե ՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի «Դիտորդ #1. 2023» արտահերթ զեկույցի «Դատական համակարգ» բաժինը, https://armhels.com/wp-content/uploads/2023/07/Ditord-2023-adhoc.pdf
[3] Տե ՛ս ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը, https://www.arlis.am/documentview.aspx?docid=199816
[4] Joint Opinion of the Venice Commission and the Directorate General Human Rights and Rule of Law on the draft amendments to the Judicial Code of Armenia (regarding evaluation of judges), Վենետիկի հանձնաժողով (CDL-AD(2024)031-e), 21-23-րդ պարբերություններ, https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2024)031-e
[5] «Հարցազրույց Կարեն Անդրեասյանի հետ», Լուրեր, 12․01․2024 թ․, https://www.youtube.com/live/I_VU1jyBasg?si=C67_0-rGmyZCNOgY&t=720
[6] «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտումներ դատական իշխանությունից», Դատական իշխանություն, 10․02․2024 թ․, https://www.facebook.com/100069327154682/videos/1152945566081233/
[7] «Դատական դեպարտամենտի աղմկահարույց ֆիլմի հետքերով․ հայտնի քրեական գործերով դատավորները հավասարաչափ ծանրաբեռնված չեն եղել», Factor, 07․05․2024 թ․, https://factor.am/770456.html
[8] ««Իրավաբանության խոշտանգում». նոր մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին», Ազատություն Ռադիոկայան, 28․11․2024 թ․, https://www.azatutyun.am/a/nor-meghadrank-robert-kocharyanin-ou-myousnerin/33219463.html
[9] «Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց», Ազատություն Ռադիոկայան, 06․04․2021 թ․, https://www.azatutyun.am/a/31189835.html
[10] «Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին», Ազատություն Ռադիոկայան, 28․11․2024 թ․, https://www.azatutyun.am/a/datakhazy-mijnordets-nor-meghadrank-arajadrel-robert-kocharyanin-ev-myousnerin/33219054.html
[11] ««Իրավաբանության խոշտանգում». նոր մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին», Ազատություն Ռադիոկայան, 28․11․2024 թ․, https://www.azatutyun.am/a/nor-meghadrank-robert-kocharyanin-ou-myousnerin/33219463.html
[12] «Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով»,Factor, 22․11․2024 թ․, https://factor.am/833841.html
[13] «Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ դատապարտում են Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը որպես հակակոռուպցիոն դատարանի դատավոր», Factor, 24․11․2022 թ․, https://factor.am/582313.html
[14] «Ընտրյալը. դատավոր Մնացական Մարտիրոսյանին պատասխանատվության չեն ենթարկել՝ նրա առաջխաղացումն ապահովելու նպատակով», Factor, 15․12․2023 թ․, https://factor.am/722371.html
[15] «Դատավորների լիազորությունների դադարեցումը չի լուծում ողջամիտ ժամկետում արդարադատություն իրականացնելու հարցը», Հետք, 12․11․2024 թ․, https://www.hetq.am/hy/article/170800
[16] Նույն տեղում
[17] Տե՛ս Կարեն Անդրեասյանի 18․11․2024 թ․ ֆեյսբուքյան գրառումը, https://shorturl.at/KxoFw
[18] Տե՛ս Նիկոլ Փաշինյանի 18․11․2024 թ․ ֆեյսբուքյան գրառումը, https://shorturl.at/77PUH
[19] Տե՛ս «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքը, 6-րդ հոդված, https://www.arlis.am/documentview.aspx?docID=151799
[20] Տե՛ս «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը, 20-րդ հոդված, 5-րդ մաս https://www.arlis.am/documentview.aspx?docid=90848
[21] «Եղել է վարչապետի խնդրանք. Փաշինյանը անկախ մարմնի՝ ԲԴԽ նախագահի հրաժարականի մասին», Factor TV, 22․11․2024 թ․, https://www.youtube.com/watch?v=BxlqYUf632o
[22] Տե՛ս ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածը, https://www.arlis.am/documentview.aspx?docID=143723
[23] «ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կշարունակի կատարել Կարեն Թումանյանը», Առավոտ, 28․11․2024 թ․, https://www.aravot.am/2024/11/28/1456875/
[24] «Կարեն Թումանյանն ընտրվեց ԲԴԽ անդամ, Արթուր Աթաբեկյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր», Առավոտ, 08․02․2024 թ․, https://www.aravot.am/2024/02/08/1398763/
[25] «Կանխատեսելի կալանքներ` ձեռքով մակագրմամբ», Factor TV, 12․08․2024 թ․, https://www.youtube.com/watch?v=tr8EXliU6YM
[26] ««Հանրային վայրը ոչ նպատակային օգտագործելու համար»․ բլոգեր Արթուր Չախոյանին բերման ենթարկեցին», Առավոտ, 11․10․2024 թ․, https://www.aravot.am/2024/10/11/1448534/
[27] ««Սրբազան պայքարը» ինտենսիվ փուլ կմտնի հոկտեմբերի 2-ից. Բագրատ սրբազան», Առավոտ, 22․09․2024 թ․, https://www.aravot.am/2024/09/22/1444631/
[28] Տե ՛ս ՀՀ ԱԱԾ 02․10․2024 թ․ հայտարարությունը, https://shorturl.at/Y6lZE
[29] Տե ՛ս ՆԳՆ ոստիկանության 02․10․2024 թ․ հայտարարությունը, https://mia.gov.am/2024/10/02/haytararutyun-8/
[30] «Տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումներ․ տեղեկատվական հոլովակ», Հետք, 27․08․2024 թ․, https://hetq.am/hy/article/169000
[31] «Պատգամավորի ծեծից հետո հեռացված ոստիկանը նորից համակարգում է», Ազատություն Ռադիոկայան, 11․11․2024 թ․, https://www.azatutyun.am/a/patgamavori-tsetsits-heto-heratsvats-ostikany-norits-hamakargoum-e-/33197928.html
[32] «Տեսանյութը ապացույց չէ. գլխավոր դատախազը՝ ընդդիմադիր պատգամավորի ծեծի գործով մեղադրյալ չլինելու մասին», Ազատություն Ռադիոկայան, 16․10․2024 թ․, https://www.azatutyun.am/a/tesanyouty-apatsouyts-che-glkhavor-datakhazy-ynddimadir-patgamavori-tsetsi-gortsov-meghadryal-chlinelou-masin/33161036.html
[33] Նույն տեղում
[34] Դեպքի նկարագրությունը տե՛ս «Խոշտանգումներ և բռնություններ» բաժնում
[35] «Ծեծ, հատուկ միջոցներ, հարյուրավոր տուժածներ ու զրո մեղադրյալ ոստիկան. հակակառավարական ցույցերը 2024-ին», Ազատություն Ռադիոկայան, 04․01․2025 թ․, https://www.azatutyun.am/a/tsets-hatuk-mijotsner-haryuravor-tuzhatsner-u-zro-meghadryal-vostikan-hakakaravarakan-tsuytsery-2024-in/33263281.html
[36] «14 ցուցարար՝ մեղադրյալ, սակայն ոչ մի մեղադրյալ ոստիկան. ՔԿ-ն մեկ ամսում ավարտեց ցուցարարների գործի քննությունը», Ազատություն Ռադիոկայան, 17․07․2024 թ․, https://www.azatutyun.am/a/tsoutsarar-ev-och-mi-ostikan-meghadryal-knnchakany-mek-amsoum-avartets-tsoutsararneri-gortsi-knnoutyouny-/33040013.html
«Մեկնարկեց հունիսի 12-ի գործով դատավարությունը», Ազատություն Ռադիոկայան, 12․08․2024 թ․, https://www.azatutyun.am/a/hounisi-12-i-gortsov-nisty-meknarkets/33075694.html
[37] «Հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ (հատուկ զեկույց)», Հայաստանի հելսինկյան կոմիտե, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն, 17․06․2024 թ․, https://armhels.com/wp-content/uploads/2024/08/Joint_Ad_Hoc_Report_HCA_ACPR_17.06.2024_arm.pdf
[38] ««Թավշյա» դատավճիռը. Երանոսյանը դատապարտվեց, բայց համաներում կիրառվեց․ դատական ակտը կբողոքարկվի», Factor, 03․06․2024 թ․, https://factor.am/779671.html
[39] «Ընդդիմադիր ակցիաներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ է ձերբակալվել. ՔԿ», Ազատություն Ռադիոկայան, 15․06․2024 թ․, https://www.azatutyun.am/a/kk-n-haytnoum-e-ynddimadir-aktsianerin-masnaktselun-nyutapes-shahagrgrelu-kaskatsov-11-andz-e-dzerbakalvel/32994172.html
[40] «Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ․ վիճարկվում է հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու առնչությամբ հոդվածի սահմանադրականության հարցը», Փաստ ինֆո, 07․08․2024 թ․, https://www.pastinfo.am/hy/news/2024/07/08/0gbx8feu4/1795040
[41] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 11․10․2024 թ․ որոշումը (ՍԴԱՈ-156), https://concourt.am/decision/decisions/670d20dd6e578_sdav-156.pdf
[42] Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, CDLAD(2019)017, 52- րդ պարբերություն, https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2019)017rev-e
[43] Տե՛ս փաստաբան Վարազդատ Հարությունյանի 28․10․2024 թ․ ֆեյսբուքյան գրառումը, https://shorturl.at/yRg7h
[44] «Ոստիկանությունը ցանկանում է հասանելիություն ունենալ մասնավոր օբյեկտների տեսախցիկներին», Հետք, 14․06․2024 թ․, https://www.hetq.am/hy/article/167390
[45] «Լրտեսվել, թվային անվտանգություն. ի՞նչ ռիսկեր կան տեսախցիկներ տեղադրելու ոստիկանության պլաններում», Ազատություն Ռադիոկայան, 19․06․2024 թ․, https://www.azatutyun.am/a/tesakhtsik-vtang-masnaget-patgamavor-/32999743.html
[46] «ՀՀ ոստիկանությունը դպրոցներում և խանութներում տեսանկարահանելու իրավունք կստանա. օրինագիծ», Sputnik Արմենիա, 31․10․2022 թ․, https://arm.sputniknews.ru/20221031/hh-vostikanutjuny-dprvocnerum-ev-khanutnerum-tesankarahanelu-iravunq-kstana-orinagits-50651237.html
[47] Տե ՛ս Գլուխինն ընդդեմ Ռուսաստանի, 2023 թ., ՄԻԵԴ (դիմում թիվ 11519/20), https://hudoc.echr.coe.int/eng?i=002-14142
[48] «Armenia: Surveillance Bill Threatens Rights», Human Rights Watch, 31․08․2024 թ․, https://www.hrw.org/news/2024/10/31/armenia-surveillance-bill-threatens-rights
[49] «ՆԳՆ-ն սառեցրեց հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագիծը. ինչո՞ւ», Ազատություն Ռադիոկայան, 11․11․2024 թ․, https://www.azatutyun.am/a/ngn-n-saretsrets-hanrayin-vayreroum-tesakhtsikneri-teghadrman-nakhagitsy-incho-u/33198154.html
[50] Նույն տեղում
[51] Տե՛ս ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին 12․06․2024 թ․ ընդունված օրենքը, https://www.arlis.am/documentview.aspx?docid=194672
[52] Տե՛ս ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասը
[53] «Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն», Փաստ ինֆո, 20․05․2024 թ․, https://www.pastinfo.am/hy/news/2024/05/20/y4r17wmsx/1767281
[54] «Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց», Հետք, 16․05․2024 թ․, https://www.hetq.am/hy/article/166615
[55] Տե՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի 17․04․2024 թ․ հայտարարությունը, https://armhels.com/wp-content/uploads/2024/04/Statement-17%E2%80%A404%E2%80%A42024.pdf
[56] «Ոստիկանական անպատիժ բռնություններ», Հետք, 02․02․2025 թ․, https://www.youtube.com/watch?v=yUn8ak_ZEt4
[57] «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (հունվար – հունիս, 2024 թ․) զեկույց», Հայաստանի հելսինկյան կոմիտե, էջ 28-36, https://armhels.com/wp-content/uploads/2024/08/FoA_monitoring_january_june_2024_arm.pdf
«Հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ (հատուկ զեկույց)», Հայաստանի հելսինկյան կոմիտե, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն, 17․06․2024 թ․, էջ 13, https://armhels.com/wp-content/uploads/2024/08/Joint_Ad_Hoc_Report_HCA_ACPR_17.06.2024_arm.pdf
[58] ««Имнемними». Փաշինյանը կրկին «փայլել» է ռուսերենի իր իմացությամբ (տեսանյութ)», Lurer.com, 07․07․2021 թ․, https://lurer.com/?p=425772&l=ru
[59] ««Ձեր քաղաքական ուժի գլխի տղան, եթե գլխի տղան չի, թող հայտարարի. թեժ կրքեր՝ ԱԺ-ում», Հայկական ժամանակ, 20․03․2024 թ․, https://armtimes.com/hy/article/282897
[60] ««Հանցանք» առանց օրենքի․ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քաղաքական հետապնդումը (զեկույց)», Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն, 12․04․2024 թ․, https://shorturl.at/J2K4M
[61] «Գազանաբար հարձակել են Նարեկ Սամսոնյանի վրա ու տարել», AntiFake TV, 22.03.2024.
https://www.youtube.com/watch?v=1inK1X9rxL4
[62] Տե՛ս փաստաբան Ռուբեն Մելիքյանի 21․05․2024 թ․ ֆեյսբուքյան գրառումը, https://shorturl.at/uJocw
[63] https://www.azatutyun.am/a/31595960.html
[64] https://hetq.am/hy/article/141312
[65] https://www.azatutyun.am/a/mamikon-aslanyann-ou-ir-ghekavarats-dashinky-der-oreve-kaghakakan-kayl-chen-arel-hamaynki-ghekavari-yntroutyan-hartsov/33081727.html
[66] «Արկադի Փելեշյան․ Վանաձորի՝ քրեական անցյալով քաղաքապետը», Սիվիլնեթ, 13․05․2022 թ․, https://shorturl.at/0C5DW
[67] «Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց․ տնային կալանք և գրավ», Առավոտ, 10․09․2024 թ․, https://www.aravot.am/2024/09/10/1442407/
[68] Տե ՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի «Դիտորդ #1. 2023» զեկույցի «Քաղաքական հետապնդումներ» բաժինը, https://armhels.com/wp-content/uploads/2024/02/Ditord-2023arm.pdf
[69] Տե՛ս Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի 31․10․2024 թ․ հայտարարությունը, https://shorturl.at/sW8Mf
[70] «ՀԿ-ները ՔՊ-ից պահանջում են Ալեն Սիմոնյանի վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում», Ազատություն Ռադիոկայան, 05․04․2023 թ․, https://www.azatutyun.am/a/32350904.html
[71] «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (հունվար – հունիս, 2024 թ․) զեկույց», Հայաստանի հելսինկյան կոմիտե, էջ 27, https://armhels.com/wp-content/uploads/2024/08/FoA_monitoring_january_june_2024_arm.pdf
[72] «Վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից», Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, 03․12․2024 թ․, https://www.civilcontract.am/news-inner/548?fbclid=IwY2xjawG8sz9leHRuA2FlbQIxMQABHf4_X3YvVc3dU3xlN5H4t3TxEnGLUQDKNrELBRnqdhwMTFSplc10_Gl-FA_aem_JmDPMAj8veAQ9M5ONZDhOg
[73] «Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել են նաև ջնջված նամակագրությունները», Ազատություն Ռադիոկայան, 23․12․2024 թ․, https://www.azatutyun.am/a/33250047.html
[74] «Աղազարյանը մանրամասներ է հրապարակում, պնդում՝ իրեն շանտաժի են ենթարկել», Ազատություն Ռադիոկայան, 06․12․2024 թ․, https://www.azatutyun.am/a/aghazaryany-manramasner-e-hraparakum/33229179.html
[75] «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը «հրապարակում է», ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած կայքը՝ վերահրապարակում», Ինֆոքոմ, 04․10․2021 թ․, https://infocom.am/hy/Article/65490
[76] «Աղազարյանը միասեռական կապի մեջ է եղել մի քանի տղամարդու հետ․ մանրամասներ», Medianews, 06.12.2024 թ., http://medianews.site/534478/?fbclid=IwY2xjawHMBsJleHRuA2FlbQIxMQABHfxJEAmLiCo_phTNJV1D8BzetkuFTajLL3Ec4ik1OyTuClQQRU7pGyzTmw_aem_DIM3D6OYO1BevA7hqvM1yw
[77] «Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից», News.am, 17․12․2024 թ․, https://news.am/arm/news/857721.html
[78] Տե ՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի «Դիտորդ #1. 2023» զեկույցը էջեր 18-20, https://armhels.com/wp-content/uploads/2024/02/Ditord-2023arm.pdf
[79] «Աբրահամ Գասպարյանն ու Մենուա Սողոմոնյանն այլևս ԵՊՀ դասախոս չեն․ բուհից պնդում են՝ քաղաքական ենթատեքստ չկա», Factor, 02․09․2024 թ․, https://factor.am/805792.html
[80] «Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը», Ինֆոքոմ, 30․01․2024 թ․, https://infocom.am/hy/article/123299?fbclid=IwAR2TVQX1cQXsbao7oH0QErW968NeZO9uRTiK8k-BJUDY7gVAYmA9wlgo46I
[81] Տե ՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի «Դիտորդ #1. 2023» զեկույցը էջեր 20-24, https://armhels.com/wp-content/uploads/2024/02/Ditord-2023arm.pdf
[82] «Դատական գործի արդյունքում ՔՊ-ն տրամադրել է պահանջվող տեղեկությունները», Ինֆորմացիայի ազատության կենտրոն, 14․01․2024 թ․, https://foi.am/news-events/33721?fbclid=IwAR10Of1enyyEeg-lQnbcuqalkyV8JSri_hg-cwgTDjfwsbqZRjt3AzFKQyc
[83] «Ո՞վ է բլոգեր Դոգը, ի՞նչ խաղ է խաղում․ կարծիքներ Երևանից», JAMnews, 16.06.2023 թ․, https://shorturl.at/S6U8y
[84] ««Չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»». Ղուկասյանը՝ կուսակցությանն իր անդամությունը դադարեցնելու մասին», Հետք, 11․01․2024 թ․, https://hetq.am/hy/article/163420
[85] «Վարդան Ղուկասյանը նոր կուսակցություն է ստեղծում՝ «ԴՕԿ» անվանմամբ», Հետք, 19․01․2024 թ․, https://www.hetq.am/hy/article/163652
[86] «Երևանի ավագանին դադարեցրեց Հայկ Մարությանի լիազորությունները», Ազատություն Ռադիոկայան, 07․02․2024 թ․, https://www.azatutyun.am/a/32808755.html
[87] «Ավագանու քվեարկություններից բացակայություններ. ովքեր են զրկվում և չեն զրկվում մանդատից», Սիվիլնեթ, 02․10․2024 թ․, https://shorturl.at/Lw8cB
[88] ««Հանրային ձայն» խմբակցության անդամ Անուշ Գինոսյանը զրկվեց Երևանի ավագանու մանդատից», Հայկական ժամանակ, 10․09․2024 թ․, https://www.armtimes.com/hy/article/295624
https://armtimes.com/hy/article/295629
[89] Տե՛ս ՀՀ օրենքը Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, https://www.arlis.am/documentview.aspx?docid=199703
[90] Տե՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված «Դիտորդ» պարբերականների «Ընտրական իրավունք» բաժինները, https://armhels.com/publication_category/%d5%a4%d5%ab%d5%bf%d5%b8%d6%80%d5%a4/
[91] ««Բալասանյան» դաշինքը վայր դրեց մանդատները, Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց» Ազատություն Ռադիոկայան, 28․10․2024 թ․, https://www.azatutyun.am/a/gyumrii-qaghaqapety-hrazharakan-tvets/33176190.html
[92] «Ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը», Ազատություն Ռադիոկայան, 11․10․2024 թ․, https://www.azatutyun.am/a/dzerbakalvel-e-gyumrii-nakhkin-qaghaqapeti-vordin-khachatur-balasanyany/33155452.html
[93] «ՔՊ-ն խզում է «Բալասանյան դաշինք»-ի հետ ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը», 06․12․2023 թ․, https://www.hetq.am/hy/article/162620
[94] «Սարիկ Մինասյանը նշանակվեց Գյումրիի ղեկավարի պաշտոնակատար», Ազատություն Ռադիոկայան, 13․12․2024 թ․, https://www.azatutyun.am/a/sarik-minasyany-nshanakvets-gyoumrii-ghekavari-pashtonakatar/33238340.html
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ