Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասան Արտաշես Շահվերդյանը սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան բաժինը։ 1979թ․ որպես դերասան աշխատանքի է անցել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ ստեղծագործում է մինչ օրս՝ զուգահեռ դասավանդելով Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջում։ Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ «Ամուսնություն», «Տոսկանա-Տոսկանա», «Այրվող տախտակամածին», «Բոռ», «Ծառերը կանգնած են մահանում», «Մի քաղաքի պատմություն», «Ոչնչից մեծ աղմուկ», «Մկան թակարդ /Համլետ/», «Պետք չէ ողբալ», «Անտիգոնե», Ամպերը», «Հիշիր վաղվա օրդ», «Հանճարի անճարակները» և այլն, «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ «Մխիթար Սպարապետ», «Կարմիր ձյուն», «Կարոտ», «Մարիամ», hեռուստաֆիլմերում՝ «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարանը» և մի քանի հեռուստասերիալներում։
-Ի՞նչ է Ձեզ համար թատրոնը։
-Եթե ասեմ ամեն ինչ, կնշանակի, չասել ոչինչ։ Թատրոնն իմ ապրելակերպն է, կյանքը։ Թատրոնին, բեմին ծանոթ եմ եղել դպրոցական տարիներից՝ ելույթներ եմ ունեցել, պարել, նվագել, բայց այն ինձ համար երազանք չի եղել։ Ես երազում էի բոլորովին այլ՝ իրավաբանի մասնագիտության մասին, սակայն դիպվածն ինձ բերեց թատերական աշխարհ ու ես սիրահարվեցի թատրոնին։ Ինձ համարում եմ բախտավոր, քանի որ ունեցել եմ ընկերներ, հետագայում նաև ուսուցիչներ, հանձին Կիմ Արզումանյանի, Հերբերտ Գասպարյանի, Համլետ Հովհաննիսյանի, որոնց ճիշտ խորհուրդների և մասնագիտական դաստիարակման արդյունքում հասկացա, որ ընտրության տարբերակ չունեմ։ Լինելով միասեր անձնավորություն, ընտրեցի այս մասնագիտությունը և հարազատ թատրոնը, որտեղ ստեղծագործում եմ մինչ օրս։
Կարդացեք նաև
-Ինչպիսի՞ ներգործություն է ունենում թատրոնը Ձեզ վրա։
-Թատրոնն ինքնին բազմաշերտ է։ Այն իր մեջ ներառում է բազմաթիվ արվեստներ՝ երգ, պար, նկարչություն։ Հենց այս նույն սկզբունքով էլ իր ներգործությունն է ունենում մարդու, դերասանի վրա։ Եվ ոչ միայն թատրոնը, առհասարակ արվեստը, բազմակողմանի ներգործություն ունի յուրաքանչյուր մարդու, այդ թվում և ինձ վրա։
-Ասում են թատրոնը կախարդական հատկություններ ունի։ Համաձա՞յն եք այս մտքի հետ և արդյո՞ք Ձեզ համարում եք «կախարդված»։
-Համաձայն եմ, կա նման կախարդական ուժ։ Բոլորովին վերջերս ինձ հետ տեղի ունեցավ մի դեպք, որն իրոք վկայում է նման ուժի գոյության մասին։ «Խենթը» ներկայացմամբ, որում մարմնավորում եմ գեներալ Տեր-Ղուկասովի կերպարը, հանդես էինք գալու Գյումրու դրամատիկական թատրոնում։ Այդ օրերին ողնաշարիս հետ կապված խնդիրը գլուխ էր բարձրացրել և ես կռացած էի քայլում, չկարողանալով ուղղվել։ Գուցե անհավատալի թվա, բայց բարձրացել եմ բեմ ու որևէ ցավ չեմ զգացել, խաղացել եմ, դուրս եկել։ Բեմն ինքնին հրաշք է, կախարդանք, ունի բուժիչ հատկություն։ Նման օրինակները բազմաթիվ են։ Բեմն ինձ համար աքսիոմայի պես երևույթ է։ Այն բուժում է և քեզ ավելի լավն է դարձնում։
-Ձեր առաջին բեմելը։ Ինչպիսի՞ զգացողություններ եք ունեցել և հատկապես ի՞նչն է տպավորվել։
-Առաջին ներկայացումը, որում հանդես եմ եկել որպես դերասան, «Էլի մեկ զոհ»-ն է, այդ ժամանակ 24 տարեկան էի։ Մարմնավորել եմ Բրիլիանտովի կերպարը՝ ծեր տղամարդու կերպար։ Հիշում եմ, որ մինչ բեմ բարձրանալը վախ էի զգում և դողում էի, երբ արդեն դուրս էի գալիս բեմից։ Այս ներկայացումից հետո Խորեն Բաբկենիչն ինձ հրավիրեց Սունդուկյան թատրոն փորձելու Լիրի կերպարը, համանուն ներկայացման մեջ, բայց մերժեցի։ Այնուհետև խաղացի Գոգոլ և այլն։ Մինչ օրս, պրեմիերաներից առաջ, զգում եմ այդ լարումը։
-Ինչի՞ մասին եք առաջին հերթին մտածում բեմ բարձրանալուց առաջ։
-Մտածում եմ դերի, կերպարի մասին, այլ բանի մասին չես կարող մտածել։ Իհարկե, լինում են պահեր, երբ ներկայացումից առաջ փորձում ես ցրվել, չմտածել դրա մասին, խոսում ես ինչ-որ մեկի հետ այլ թեմաներով, անեկդոտներ պատմում։ Որքան թեթև ուղեղով բարձրանաս բեմ, այնքան լավ։ Մարդը ամեն անգամ նույնը չի կարող լինել։ Իսկ արդեն բեմում, մտածում ես այնպես, ինչպես քո կերպարը։ Կերպարի և հանդիսատեսի հետ պետք է անկեղծ լինել, հատկապես երբ հանդիսատեսի մեծ մասը երեխաներ են, հակառակ պարագայում ամեն ինչ կխափանվի։
-Կա՞ն այնպիսի կերպարներ, որոնք խաղացել եք միայն խաղալու համար, որը Ձեր սրտից չի բխել։
-Ինստիտուտն ավարտելուց հետո եղավ մի շրջան, երբ դերի հանդեպ վերաբերմունքն այդպիսին էր։ Դա բավականին կարճ տևեց, որովհետև իմ ավագ ընկերները՝ Զարեհ Տեր-Կարապետյան, Արշավիր Ղազարյան, Ռազմիկ Ամիրգուլյան, իրենց անուղղակի խորհուրդներով ու դաստիարակմամբ նպաստեցին վերաբերմունքիս փոփոխմանը։ Զարեհ Տեր-Կարապետյանը մի անգամ ասաց․ «նման դերասանները շատ հեռու չեն գնա»։ Եթե դու համաձայնել ես և ստանձնել ես այդ դերը, ուրեմն արա և արա լավ, եթե պետք է անես միայն անելու համար, ուրեմն մի արա։ Անուն ձեռք բերելը դժվար է, անունդ գցելը՝ հեշտ։ Այսօր ես խաղում եմ հեքիաթներում։ Դրանք կարող են լինել անգամ շատ փոքրիկ դրվագներ, բայց դա անում եմ հաճույքով, որովհետև երեխաների մեջ տպավորվում է։ Նման կերպար ունեմ «Մալիֆիսենտա» ներկայացման մեջ։ Նման փորձը ևս անհրաժեշտ է դերասանին։
-Պարո՛ն Շահվերդյան, Դուք նաև նկարահանվել եք հեռուստաֆիլմերում և մի քանի սերիալներում։ Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ թատրոնը, թե հեռուստատեսությունը։
-Միանշանակ թատրոնը։ Սիրում եմ նկարահանվել, բայց թատրոնն ամբողջական է, ունի սկիզբ, զարգացում և ավարտ։ Թատրոնում դու հստակ գիտես քո անելիքը և ավարտելու ժամանակը։ Կինոյում այդպես չէ։ Դու կարող ես նկարահանվել մի տեսարան և տեղյակ չլինել սկզբի և ավարտի մասին։ Օրինակ՝ տեսարան, որտեղ անհրաժեշտ է միայն արտասվող աչքեր։ Նկարահանվում ես և վերջ; Կինոն էլ ունի իր յուրահատկությունը, իր լավ կողմերը։
-Կնշե՞ք հատկանիշ, որ ունի թատրոնը և չունի կինոն և հակառակը։
-Թատրոնն այս պահի արվեստ է։ Խաղացի՞ր, լա՞վ է ամեն ինչ, վերջացավ, եթե ոչ, մնում է փորձես հաջորդ անգամ։ Կինոն այդպես չէ։ Կինոյում մեկ դուբլը տասը անգամ նկարահանում են և ընտրում լավագույնը։ Դա մնայուն է։ Այս ամենով հանդերձ, ես թատրոնի կողմնակիցն եմ, որովհետև գտնում եմ, որ միևնույն կերպարը ամեն անգամ նույն կերպ չես կարող խաղալ։ Յուրաքանչյուր ներկայացում ունի իր հատկությունը։ Մեջբերեմ Շ․ Ազնավուրի խոսքերը։ Երբ նրան հարցրել են «մաեստրո, Վաղը ի՞նչ եք երգելու», Ազնավուրը պատասխանել է «Ես ի՞նչ իմանամ, ի՞նչ եղանակ կլինի վաղը»։ Ամեն անգամ նույն զգացողությամբ, շեշտադրմամբ ու տոնայնությամբ խաղալ չես կարող, որովհետև յուրաքանչյուր օր նախորդից տարբեր է։
-Կա՞ որևէ կերպար, որը դեռ չեք խաղացել ո՛չ թատրոնում, ո՛չ կինոյում։
-Կուզեի Լիր արքա խաղալ։ Հայ պատմական ֆիլմերում կուզեի հանդես գալ։ Վերջերս նկարահանվեցի իրանական բավականին մեծ նախագծում՝ պատմական «Սալմանե Ֆարսի» ֆիլմում։ Հանդես էի գալիս քրիստոնեական մենաստանի հոգևորականի կերպարում, որը պահել ու մեծացրել էր Սալմանին, դաստիարակել ու կռիվ տվել նրա համար։ Հիանալի, ուժեղ կերպար էր։ Իհարկե, լավ կլիներ, որ մեզ մոտ էլ նկարահանվեին նման ֆիլմեր, որ անդրադառնայինք մեր պատմական թեմաներին։ Այսօր այն մեզ անհրաժեշտ է։
-Ըստ Ձեզ, ո՞րն է արվեստագետի դերը։
-Մեզանում այսօր տարածված է թյուր կարծիք, որ արվեստագետը պետք է զբաղվի միայն արվեստով։ Համաձայն չեմ այդ կարծիքի հետ, քանի որ արվեստագետը նախևառաջ քաղաքացի է։ Արվեստագետը ժողովրդից մի քանի քայլ առաջ պետք է քայլի, որպեսզի ճանապարհ, ուղի ցույց տա։ Եթե արվեստագետն այդպիսին չէ, ապա նա գրոշի արժեք չունի։ Վերցնենք Սևակին ու Չարենցին։ Նրանք ինչպե՞ս կարող էին լռել։ Նրանք երբեք չեն լռել, պայքարել են, բողոքել։ Չարենցի մեն մի բանաստեղծությունը «Լենինն ու Ալին» բավական է այդ ցասումը տեսնելու համար։ Աստված արվեստագետին ստեղծել է որպես քաղաքացի, ապա տվել շնորհ։
-Ձեր կյանքի ամենամեծ հիասթափությունը։
-Մենք երեք ընկեր էինք։ Հիասթափությունս կապված է մեր երրորդ ընկերոջ հետ, որը հանուն շահի դավաճանեց մեր ընկերությանը։ Բայց մենք կարողացանք աստիճանաբար հաղթահարել այդ հիասթափությունը։
-Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է անհրաժեշտ մարդուն երջանիկ լինելու համար։
-Մարդուն երջանիկ լինելու համար պետք է երջանկություն։ Յուրաքանչյուր մարդու համար երջանկությունը տարբեր է։ Օրինակ՝ մարդ, որը ասում է, երջանիկ կլինեմ, եթե ունենամ մեքենա։ Մեքենան ունենում է, ասում է երջանիկ կլինեմ, եթե տուն էլ ունենամ ու այդպես շարունակ։ «Երջանիկ է նա, ով կարողանում է բավարարվել ունեցածով»։ Սա չինական ասացվածք է, որի հետ ես լիովին համաձայն եմ, բայց սա, իհարկե, չի նշանակում չձգտել ավելիին։ Այսօր ես երջանիկ եմ, որովհետև ունեմ կին, երեխաներ, թոռնիկներ, որոնց հետ ամեն օր շփվում ու խոսում եմ։ Երբեք չեմ նախանձում դիմացինիս։ Ունի՞ ինչ-որ բան, շատ լավ է, որ ունի։ Մի նախանձեք երբեք։
-Դուք նաև դասավանդում եք։ Լսարան մտնելիս առաջին հերթին ի՞նչ խորհուրդ եք տալիս ապագա արվեստագետներին։
-Առաջին հերթին ասում եմ, որ գնահատականը առաջնային չէ, առաջնայինը ձեր գիտելիքն է։ Խորհուրդները ծնվում են աշխատանքի ընթացքում։ Ես ինքս ոչ միայն գիտելիք եմ տալիս ուսանողներիս, այլև աշխատում եմ նրանցից սովորել և իրոք, նրանցից սովորելու բաներ կան։ Ես ոչ թե սովորեցնում եմ, այլ փորձում եմ աշխատել նրանց հետ, լսել, որպեսզի կարողանան արտահայտել իրենց մտքերը։ Այն ուսանողը, որն իրոք եկել է սովորելու նպատակով, մեր զրույցների, քննարկումների, բեմադրությունների միջոցով, իր համար կվերցնի ամենից օգտակարը։ Եվ այս ամենով հանդերձ, կարևորը մարդ լինելն ու մնալն է։
-Հե՞շտ է աշխատել այսօրվա ուսանողների հետ։
-Ոչ, բավականին բարդ է։ Կրթական ծրագրերը հետաքրքրություն չեն ներշնչում։ Ուսանողն ընդունվում է՝ չունենալով գիտելիքների որոշակի պաշար։ Չգիտեն, չեն ճանաչում անվանի հեղինակներից շատերին, որովհետև դպրոցում չեն անցել։ Եթե չլինի կրթություն, տնտեսություն, պետությունը կքանդվի։ Մենք այսօր ոչնչով չենք հպարտանում, անգամ մեր հերոսներով։ Ինչ վերաբերում է ուսանողների հետ աշխատանքին, ապա նրանց մոտ պետք է հետաքրքրություն առաջացնել տվյալ թեմայի նկատմամբ։
-Ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդությունը։
-Մենք ունենք շատ լավ, գիտելիքներ ունեցող երիտասարդություն, բայց դրանով հանդերձ, այսօրվա երիտասարդության մեջ պակասում է տարրական, ավանդական դաստիարակությունը։ Օրինակ՝ տրանսպորտում, երբ բարձրանում են ալեհեր կամ ձեռնափայտով մեծահասակներ, երիտասարդությունը նստած է։ Իհարկե, խոսքը ոչ բոլորին է վերաբերվում։ Հաճախ ինքս ինձ եմ մեղադրում նման երևույթների համար, որովհետև ես ու ինձ պես շատերը, կորցրեցինք այն տարիները, որի ընթացքում կարող էինք կրթել եկող սերնդին։ Այն տարիներին բոլորը կենտրոնացած էին երկրաշարժի, ապա պատերազմի ու դրանց հետևանքների վրա, արդյունքում բաց թողնվեց մի քանի սերունդ, որոնց անհրաժեշտ էր կրթել։
-Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք այսօրվա սերնդից։
-Ես շատ եմ սիրում մեր երիտասարդությանը։ Նրանց տալու շատ բան ունեմ և առավել ևս՝ նրանցից ստանալու։ Ուզում եմ, որ նրանք խելացի լինեն, ուշադիր, արժանապատիվ, հարգանքով լցված լինեն միմյանց նկատմամբ, մեծահասակների և առավել ևս փոքրերի նկատմամբ։
-Հրաշքների հավատո՞ւմ եք։
-Հրաշքներ լինում են, ես հավատում եմ։ Ավարտել եմ Ստեփանավանի դպրոցը։ Հիշում եմ, սովորում էի տասներորդ դասարանում, դրամատիկական թատրոնը ներկայացմամբ հանդես էր գալու Ստեփանավանի թատրոնում։ Տոմսեր էի գնել և ներկայացման հրավիրել մի աղջկա, որին համակրում էի։ Շուտ էի եկել թատրոն։ Մտածեցի մեկ անգամ ևս ստուգեմ տոմսերը, երբ հասկացա, որ դրանք անհետացել են։ Ինչքան գրպան ունեմ, ստուգում եմ մի քանի անգամ, բայց ապարդյուն։ Մտածում եմ, թե որտեղ եմ կորցրել, փնտրում եմ, իսկ ներկայացման ժամը մոտենում է։ Սկսում եմ աստված կանչել, որ տոմսերը գտնվեն։ Եվ ի վերջո, տոմսերը գտնում եմ իմ գրպանում, որոնք հարյուր անգամ ստուգել էի։ Այդ օրվանից սկսեցի հավատալ հրաշքներին։ Եվ ինչու՞ չհավատալ։ Հավատում եմ աստծուն, խղճին, ընկերությանը, սիրո ուժին ու թատրոնին։
-Ձեր կյանքի նվիրական երազանքը կամ ցանկությունը, որի իրականացմանը անհամբերությամբ սպասում եք։
-Այս պահին ունեմ մի երազանք, ցանկություն։ Տեսնել փոքր աղջկաս կազմած ընտանիքն ու երեխաներին, թոռներիս։
-Ձեր ցանկությունը մեզ բոլորիս։
-Երջանկություն, խաղաղություն, իմաստություն։ Մենք լավ ազգ ենք։ Մենք միշտ պայքարել ենք գաղափարի համար։ Մենք պետք է շարունակենք ապրել։ Աստված պահապան բոլորիս։
Զրուցեց Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ