Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնվող օրակարգը

Փետրվար 15,2025 14:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոսի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի հետ։

ՀՀ դեսպանը կիպրացի խորհրդարանականին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը և նախաձեռնությունները, անդրադարձել` տարածաշրջանային զարգացումներին։

Քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնվող օրակարգը, այդ թվում և Հայաստանի Ազգային Ժողովի կողմից նախօրեին «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը հաստատելու հանգամանքը, ինչը կարևորոգույն հանգրվան է այդ հարաբերություններում։

ՀՀ դեսպանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, և այդ համատեքստում անդրադարձել երկու երկրների խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների ամենամյա փոխադարձ այցերին, հանդիպումներին և քննարկումներին, որոնք նշանակալի դեր ունեն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում փոխադարձ աջակցության համար։

Հարիս Գեորգիադեսը շնորհակալություն է հայտնել դեսպան Տիգրան Մկրտչյանին վերջին երկու տարիների ընթացքում հայ-կիպրական ավանդական բարեկամական հարաբերություններում ունեցած իր ներդրման համար և ողջունել Կիպրոսում Հայաստանի կողմից դեսպանության բացման գործընթացի սկիզբը։

Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728