«Անցնող մի քանի օրերի ընթացքում հնչեց, որ 2023-ին մեր արցախցի քույրերն ու եղբայրները չեն կռվել, չեն պայքարել՝ մոռանալով, թե ինչպիսի ցինիզմով ՀՀ իշխանությունը հրաժարվեց սեփական ժողովրդին պաշտպանելուց»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով վերջերս արցախցիների հասցեին հնչած այն հայտարարություններին, թե մնայիք, կռվեիք։
Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ արցախցի մեր քույրերն ու եղբայրները, ավելորդ է ասել, թե ինչպիսի հերոսական իրագործումով են կռվել ու պայքարել հենց այդ օրերին՝ չասելու ամբողջ երեսուն տարիներին։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը` Բագրատ սրբազանն ասաց․ «Եվ մի անգամ որևէ բան չտեսած երևույթը, որն, իմիջիայլոց, մնացել է խորհրդարանում հնչած փողոցի աստիճանի վրա իր հասցեին բնութագրման տակ և չի կարող դրանից ողջ կյանքն ազատվել, այդ երևույթը փորձում էր գնահատական տալ մեր արցախցի եղբայրների և քույրերի հերոսությանը՝ ասելով՝ չեք կռվել ու չեք պայքարել»։
Ըստ Բագրատ սրբազանի՝ մենք պետք է դա բնական ընդունենք, «որովհետև այլ բան չէր կարող լինել, քան ստախոսի և չարիքի իշխանության կողմից քարոզվող յուրաքանչյուր գաղափար»։
Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ իրենց թիրախը մնալու են այս ստախոս իշխանությունները․ «Տարիներով սրանք խոսում էին, որ Սյունիքի միջանցք երևույթ չի կարող լինել, և այսօր կամաց կամ բացահայտ խոսում են այն հանձնելու մասին։ Ինչ եղանակով հանձնելու, ոչ մեկին հայտնի չէ։ Եվ ոչ միայն Սյունիքի միջանցքի, այլև անկլավային տրամաբանության, քաղաքականության մասին, որի վերաբերյալ մենք տևապես զգուշացնում էինք։ Դեռևս 2020-ից այս մարդիկ խոսում էին անընդհատ հայրենիք հանձնելու մասին, և որևէ ձևով այսօր այլևս չեն կարողանում թաքցնել դա, քանի որ պարտված լինելով՝ նաև պարտադրված են իրագործել դա։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալ, մենք ոտքի ենք կանգնել այդ պատճառով, ես չեմ տատանվում ասել՝ ոտքի ենք կանգնել մեծ խանդավառությամբ և դարձյալ կոչված ենք ոտքի կանգնելու և վերջնականապես վերացնելու այս ստի ու չարիքի շարունակական շղթան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ