ՀՀ Վարչապետ պարոն Փաշինյանին,
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության Ղեկավար Ռ․Պետրոսյանին
Արդարադատության նախարար տիկին Գալյանին,
Գլխավոր դատախազ տիկին Վարդապետյանին,
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Ի հակադրություն՝ Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չլինելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար տիկին Գալյանի հայտարարությանը։
Նախորդ իշխանությունների կողմից գործարկված՝ ներկայումս շարունակվող և հովանավորվող, համակարգային կոռուպցիոն սխեմայի համառոտ նկարագիրը
Կոռուպցիոն սխեմայի իրականացման վայրը– ՀՀ Շիրակի մարզ, Ամասիայի վարչական տարածք, Ախուրյան գետի ավազան։
Կոռուպցիոն սխեմայի իրականացման միջոցը– Ախուրյան գետի պետական նշանակության Աջափնյա ջրանցքի գլխամասի (պատվարի) և Աջափնյա ջրանցքի 5.5 կմ երկարությամբ հատվածի զավթման ու ապօրինի վերակառուցման ճանապարհով կառուցված «Անի» ԲԲԸ մասնավոր ընկերությանը (Ընկերություն) պատկանող «Ջրաձոր» հիդրոէլեկտրակայանը (ՀԷԿ)։ ՀԷԿ-ը շահագործվում է 2009թ-ից՝ շուրջտարյա ռեժիմով։
Կոռուպցիոն սխեմայի գործարկման հանրորեն վտանգավոր հետևանքները
ՀԷԿ-ը սնուցելու նպատակով այդ ոռոգման համակարգերով տարեկան, միջինում, 100 միլիոն խորանարդ մետր ջրի տեղափոխման միջոցով հափշտակվում է (վատնման ճանապարհով) առնվազն 15 միլիոն խորանարդ մետր՝ 340 միլիոն ՀՀ դրամ տնտեսական արժեքով, ոռոգման ջուր։
Օրենքի ուժով պետական նշանակության (նշված գույքերի պետական նշանակությունները սահմանված են օրենքով) վերոնշյալ ոռոգման ջրային համակարգերը մեկ այլ՝ էներգետիկ նշանակությամբ, գերբեռնված և շուրջտարյա ռեժիմով ակնհայտորեն շահագործվում են (ընդհուպ՝ մինչև -300c-ի պայմաններում) այդ համակարգերի պիտանելիության ոչնչացման հաշվին։
Կոռուպցիոն սխեմայի գործարկման նպատակը- Տարեկան 340 միլիոն ՀՀ դրամ տնտեսական արժեքով ոռոգման ջրի վատնման ճանապարհով սնվող ապօրինի ՀԷԿ-ի կողմից արտադրված հոսանքի վաճառքից մեկ տարում ստանալ՝ միջինում, 850 միլիոն ՀՀ դրամի հասույթ։ Աներկբա է, որ պատասխանատուների կողմից ապօրինի ՀԷԿ-ի կառուցումը և շահագործումը հովանավորվել են այդ ՀԷԿ-ի կողմից արտադրված էլէներգիայի վաճառքի գումարներից շահաբաժիններ ստանալու նպատակով։
Կոռուպցիոն սխեմայի գործարկման և գոյության հովանավորները
Կոռուպցիոն սխեման գործարկվել և առ այսօր հովանավորվում է, առնվազն, ներքոնշյալ լիազոր մարմինների նախկին և ներկայիս պատասխանատուների կողմից։
- Ջրային կոմիտե (Կոմիտե). Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ պետական ջրային համակարգերի սեփականատեր- կառուցապատման, շահագործման և դրանցից բխող այլ իրավունքների տրամադրման, վերահսկողության պատասխանատու։
- Հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողով (Հանձնաժողով)– լիցենզիաների տրամադրման և դրանց պայմանների կատարման վերահսկողության պատասխանատու։
- Շրջակա միջավայրի (նախկին բնապահպանության) նախարարություն (Նախարարություն)– ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և դրանց պայմանների կատարման վերահսկողության պատասխանատու։
ՀԷԿ-ի ապօրինի Կառուցումը– էլէներգիայի արտադրության նպատակով ջրօգտագործման թույլտվությունների և լիցենզիաների ստացման համար, օրենքով, հիմնարար նախապայման է հանդիսանում լիցենզավորվող գործունեության՝ այդ թվում ջրօգտագործման իրականացման համար, անհրաժեշտ հիմնական միջոցների (սույն դեպքում՝ ոռոգման ջրային համակարգերի) նկատմամբ պետական գրանցում ստացած իրավունքների առկայությունը։ Որպիսիք Ընկերությանը չեն տրվել և, օրենքով, էներգետիկ նպատակով օգտագործելու համար տրվել չէին կարող։ Սակայն, դա չի խանգարել պատասխանատուներին՝ Ընկերությանը տալ ջրօգտագործման և լիցենզավորման իրավունքներ։ Կոմիտեի կողմից Ընկերությանը չեն տրվել նաև կառուցապատողի (վերակառուցման՝ հողահատկացման, շին թույլտվության, նախագծի պատվիրման և այլ քաղաքաշինական) լիազորությունները։ Ընկերության տնօրինությունը՝ վստահաբար նախնական համաձայնություններ ունենալով Հանձնաժողովի, Նախարարության և Կոմիտեի պատասխանատու պաշտոնյաների հետ, վերոնշյալ իրավունք հավաստող փաստաթղթերի և օրինական նախագծի փոխարեն՝ նշյալ մարմիններին ներկայացրել է սեփական նպատակահարմարությամբ ջրանցքը և գլխամասը կամայականորեն վերակառուցելուն վերաբորող՝ օտարալեզու (ռուսերեն) և իրավական հիմքերից զուրկ մի նախագիծ, որը Կոմիտեի և այլ լիազոր մարմինների պատասխանատուների փոխարեն՝ որպես ջրային համակարգերի իբրև թե «սեփականատեր», հաստատված է եղել, ընդամենը, Ընկերության տնօրենի ստորագրությամբ և կնիքով։ Պետական նշանակության ջրային համակարգերի զավթման եղանակով ՀԷԿ-ը կառուցվել, ապա շահագործման է անցել 2009թ-ից՝ նույնիսկ, չունենալով ջրային համակարգերի շինաշխատանքների կատարման թույլտվություն և ջրային համակարգերի վերակառուցման ավարտական և փաստագրման ԱԿՏ-եր։
2017թ. Աջափնյա ջրանցքի պետական նշանակության առանձին ջրային համակարգերի նկատմամբ Ընկերության սեփականության «իրավունքը».
ՀԷԿ-ի կողմից արտադրված էլէներգիան առավելագույն սակագնով վաճառելու նպատակով՝ 2017թ-ին, Ընկերության, վերոնշյալ և այլ հովանավորների կողմից (Ձեռնարկողներ) ձեռնարկվել և իրականացվել է Ընկերության կողմից ապօրինի շահագործվող, օրենքով չմասնավորեցվող, ջրային համակարգերի, այսպես կոչված, «մասնավորեցումը»։ ՀԷԿ-ի կազմում օգտագործվող ջրային համակարգերը՝ պատվարը (գլխամասը), թունելը (2.9կմ), երկճյուղ դյուկերը (1.2կմ), բետոնյա բաց ջրանցքը (1.2կմ) պետական նշանակության ջրային համակարգեր են և այդ համակարգերի, ինչպես նաև դրանց զբաղեցրած հողատարածքների նկատմամբ իրավունքների սահմանափակումները սահմանված են օրենքով։ Ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի սահմանմամբ՝ Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն։
Մայրուղային և միջհամայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն:
Օրենքի սահմանափակումները շրջանցելու նպատակով՝ խեղաթյուրված փաստաթղթերով, տարբեր մեքենայություններով՝ ՀՀ կառավարության 13.04.2017թ. ՀՀ կառավարության «Գույքն օտարելու մասին» №372-Ա որոշման հիման վրա, որտեղ Աջափնյա ջրանցքին վերաբերող որևէ արձանագրում գոյություն չունի, Ձեռնարկողները կարողացել են Ընկերության սեփականության իրավունքները գրանցել ինչ-որ նորահայտ թունելի և ընդհանուր 1.2 կմ երկարությամբ երկու ջրանցքների նկատմամբ։ Որպիսիք՝ Ընկերության կողմից օգտագործվող Աջափնյա ջրանցքի գույքացանկում գոյություն չունեն։ Ի հավաստումն վերոգրյալի, Կադաստրի կոմիտեի նախագահը 2022թ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ Աջափնյա ջրանցքը՝ առավել ևս 5.5 կմ երկարությամբ հատվածը, իրավունքի պետական գրանցումներ չեն ստացել։ Այսինքն, Ընկերության կողմից շահագործվող ջրային համակարգերը՝ պատվարը, թունելը (2.9կմ), բետոնյա բաց ջրանցքը (1.2կմ) երկճյուղ դյուկերը (1.2կմ) իրականում օտարված չեն։ Ավելին, մինչ օրս Աջափնյա ջրանցքի գլխամասը և Աջափնյա ջրանցքն ամբողջովին, որպես համալիր գույքային միավորներ, հաշվառված են Շիրակ ՋՕԸ-ի հաշվեկշռում։ Ձեռնարկողները նաև «անտեղյակ» են եղել՝ անտեսել են, որ ՀՀ օրենքով ոչ միայն պետական՝ այլև ցանկացած նշանակության, ոռոգման ջրային համակարգեր մասնավորեցման ենթակա չեն (ջրային օրենսգիրք հ.61.1)։ Սակայն դա չի խանգարել, որ Ընկերության կողմից օգտագործվող թվով չորս ջրային համակարգերից ընդամենը 2-ի նկատմամբ՝ այն էլ ֆորմալ և ակնհայտ ոչ իրավաչափ, սեփականության իրավունքների հիման վրա 2017թ-ին Ջրային կոմիտեն Ընկերությանը հանձնի ջրանցքի 5.5-անոց հատվածը, Նախարարության կողմից Ընկերությանը տրվի նոր ջրօգտագործման թույլտվություն, որի հիման վրա էլ Հանձնաժողովը Ընկերությանը Ընկերությանը տրամադրի վաճառքի առավելագույն սակագնային պայմաններով լիցենզիա։
Պատվարի և դյուկերի նկատմամբ իրավունքների բացակայության մասին.
Պատվարի(գլխամաս) նկատմամբ Ընկերության իրավունքի բացակայությունը, դեռևս 2019թ-ին, պարզաբանել է արդարադատության նախարարը։ Սակայն՝ առ այսօր, այն տնօրինվում է Ընկերության կողմից։ ՀԷԿ-ի շահագործման սկզբից (2009թ), պատվարը՝ «վերակառուցվել է», թալանվել և շահագործումից դուրս է դրվել կառույցի հիմնական ջրթող փականը այնպես, որ գետով հոսող ջուրը պարտադիր անցնի ջրանցքով և սնուցի ՀԷԿ-ը։ Կոմիտեի, ջրանցքն սպասարկող Շիրակ ՋՕԸ-ի ղեկավարությունը՝ ներկայումս մեզ տրված պատասխաններում, պատվարի վերականգնումը իրենց «առաջնահերթությունը» չեն համարում։ Գիտակցումով, որ պատվարի շահագործման նման ռեժիմի հետևանքով տարեկան վատնվում է 10 միլիոն խորանարդ մետր ոռոգման ջուր։ Ինչի մասին Կոմիտեի, արդեն նախկին, ղեկավար Վ. Գևորգյանը ինքն է՝ դեռևս երկու տարի առաջ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել իրավապահ մարմիններին։ Հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործ է հարուցվել նաև դյուկերը և դրանով ծանրաբեռնված մոտ 7000քմ ջրային հողերը ընկերության կողմից առանց իրավունքի շահագործելու փաստով՝ դեռևս 2022թ-ի վերջին։ Սակայն, վերոնշյալ վարչական մարմինները դյուկերի և պատվարի ապօրինի շահագործման փաստերով որևէ վարչարարություն չեն պատրաստվում իրականացնել։ Այստեղ ուշագրավ է նաև Հանձնաժողովի կողմից մեզ տրված պատասխանը, որտեղ պատճառաբանվում է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ դյուկերի ու զբաղեցրած տարածքի նկատմամբ Ընկերության իրավունքի չգոյության փաստին վերաբերող ԱկՏ-ը (2022թ ապրիլ) որևէ վարչարարություն չի ենթադրում՝ խնդրին վերաբերող լուծում չի պահանջում, քանի որ նշյալ «տեչական մարմինը միակ իրավասու մարմինը չէ»։
Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ տեսչական լիազոր մարմինը նույն եզրակացությանն է հանգել նաև կրկնակի ուսումնասիրությունների արդյունքով (2022թ դեկտեմբեր)։ Վերոնշյալ բոլոր ապօրինությունները չեն խանգարել Հանձնաժողովին՝ 2024թ-ի հուլիսին, Ընկերության լիցենզիան երկարաձգել ևս 15 տարով։ Իսկ, Ընկերությանը տրված ջրօգտագործման թույլտվության վավերականության ժամկետը լրացել է 2024թ-ի մայիսին և չի երկարաձգվել։ Ջրօգտագործման թույլտվության բացակայության պարագայում ՀԷԿ-երի արտադրության լիցենզիան օրենքի ուժով դադարեցվում է։ Վերջինից Հանձնաժողովը «տեղյակ» չէ և որևէ վարչարարություն չի իրականացրել։ ՀԷԿ-ն անխոչընդոտ շարունակում է շահագործվել։ Վարչական մարմինների վերոգրյալ, մասնակի ներկայացված, դիրքորոշումներից՝ որոնք բազմակի են, ակնհայտ է դառնում, որ կոռուպցիոն սխեմայի նախկին համակարգային հովանավորչությունները շարունակվում են նաև այդ մարմինների ներկայիս պատասխանատուներ կողմից, որն էլ՝ պարզ դատողությամբ, թույլ է տալիս եզրահանգել, որ սույն դեպքում կոռուպցիոն սխեման ոչ թե համակարգային՝ այլ միջհամակարգային է և այն գործարկվում է նախկին և այսօրվա առանձին կառավարման համակարգերի փոխգործակցությամբ։ Ինչի վերաբերյալ՝ մոտ 5 ամիս առաջ, առավել ընդարձակ հիմնավորումներով, բացի ՀՀ իշխանության բարձրագույն ղեկավարությունից, ԲԱՑ ՆԱՄԱԿ-ներ ենք հասցեագրվել նաև ՀՀ Ազգային Ժողովի երեք ֆրակցիաների բոլոր պատգամավորներին։ Նամակին արձագանքել է միայն պատգամավոր Զարուհի Բաթոյանի օգնականը, այն էլ՝ ընդամենը տեղեկացնելով, որ նամակը ստացել են։
Կոռուպցիոն սխեմայի հանրայնացման կանխարգելումը- Մի քանի տասնյակ քառակուսի մետր ջրային, կամ այլ չօտարվող հողատեսակների նկատմամբ մասնավոր Անձի սեփականության իրավունքի գրանցման ապօրինությունները՝ ամիսներով, երբեմն նաև տարիներով լուսաբանվում (նաև ոլորտային հաղորդումներով) են պետական, մասնավոր՝ իշխանամետ և ընդդիմադիր, լրատվամիջոցներով։ Սույն դեպքում, երբ՝ օրենքով պետության չփոխանցվող սեփականության իրավունքի ոտնահարմամբ պետական նշանակության՝ օրենքով անօտարելի երկու ջրային համակարգեի նկատմամբ գրանցվել են ակնհայտ առ ոչինչ «սեփականության իրավունքներ», իսկ ևս երկու ջրային համակարգեր (պատվար, դյուկեր) նույնիսկ առանց սեփականության իրավունքների (վկայականների) հանձնվել են մասնավոր տնտեսվարողին, որպես մասնավոր սեփականություն, այսինքն՝ լիազոր մարմինների թողտվությամբ աներկբա զավթվել են, ինչպես նաև հեկտարներով գործառնական և նպատակային նշանակությամբ ջրային հողերը պետական գրանցում են ստացել որպես մասնավոր սեփականություններ, ցանկացած մասնակի հրապարակային լուսաբանումից հետո՝ հանրայնացումը դադարում է, կարծես թե, անմիջապես լռեցվում և խոչընդոտվում է…
Այստեղ ուշագրավ է նաև, որ 2018, 2019թ-ին հարուցված քրգործերի դատաքննություններից մեկում(մեղադրյալ՝ Աշոտ Մարկոսյան) քննության է առնվում ոչ թե գույքն ամբողջովին անօտարելի լինելու անվիճելի փաստը, այլև գույքի գնահատման գործընթացի իրավախախտումները։ Իսկ մյուս քրգործի դատաքննություններում (մեղադրյալներ՝ Գրիշա Մուրադյան, գործից անջատված մասով՝ նախկին նախարար Արամ Հարությունյան) անտեսելով ՀԷԿ-ի ապօրինի գոյության սույն նամակում բերված անվիճելի հիմքերը՝ դատաքննվում է, ընդամենը, ՀԷԿ-ի՝ իրավունքի տեսանկյունից, գոյություն չունեցող նախագծի ՇՄԱԳ փորձաքննական պայմանի խախտման հանգամանքները։ Արդեն չորրորդ տարին է պատկան մարմիններին ապացուցողական փաստերով հայտնի է առանձին ջրային համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների իսպառ բացակայությունը և այդ գույքերի միջոցով ոռոգման ջրի հափշտակությունների փաստերը։ Սակայն, 2022, 2023թթ-ին հարուցված քրգործերի նախաքննություններում գույքի արգելադրում չի կատարվել…
Պետության բացառիկ սեփականությունը՝ ոռոգման ջուրը, շարունակվում է առանց հաշվեկշռման հափշտակվել, որն իրականացվում է պետությանը՝ սեփականության չփոխանցվող իրավունքով, պատկանող ջրային համակարգերի զավթման ճանապարհով։
Մինչև եր՞բ…
Ծանոթություն. Նամակում բերված պատշաճ փաստարկների իրավական հիմքերը՝ սկսած՝ 2018թ-ից, մեր նախկին բողոքներով և դիմումներով ներկայացվել են ներկայիս հասցեատերերին։