Չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ հունվարի 30-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ազգությամբ ադրբեջանցի մի քանի անձ Երեւանի Հանրապետության հրապարակում երգում էին «Ղարաբաղ» երգը։ Նա նկատեց՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում։ «Այդ ակցիայի նպատակներից մեկը Հայաստան-Իրան հարաբերություններում պրոբլեմ առաջացնելն էր, բեմադրված այդ երգի պատմությունը, որովհետեւ երգի կատարողներն Իրանի քաղաքացիներ են։ Չեմ զարմանա, որ ձեր հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, երգել են տվել, նկարել են ու համացանց են գցել, որ Հայաստանի ու Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն։ Մեկը կերգի Ղարաբաղ, Մոսկվա, Տիզբոն, մեկը կերգի Հալեպ․ կա պարզ բան, հանրությունը պետք է դիմակայուն լինի, ամեն տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի»,- ասել էր նա` ակնարկելով, որ պառլամենտական ընդդիմությունն է դա կազմակերպել: Հիշեցնենք․ ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ պարզաբանել էր, որ տեսանյութում պատկերված անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Իսկ տեսանյութը տարածող արցախցի Ղարիբ Բաբայանի նկատմամբ անմիջապես գործ հարուցեցին եւ քրեական հետապնդում սկսեցին:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ զրուցեցինք Նիկոլ Փաշինյանի` ընդդիմությանն ուղղված ակնարկների մասին. արդյոք դա հնարավո՞ր է, եւ ինչո՞ւ պետք է ընդդիմությունը նման քայլի գնար: Շարմազանովն ասաց. «Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ` այս առիթով: Նիկոլի այս հայտարարությունն իսկական հիմարություն է: Նրա ո՞ր ասածն է լուրջ, որ այս մեկը լուրջ լիներ: Նա անլուրջ մարդ է: 2019 թվականի մարտին նա Թեհրանում հայտարարեց, որ Հայաստանում մի շարք գործակալներ կան, որ քաղաքականության մեջ գործակալները վխտում են: Մինչ օրս քանի՞ գործակալ է պատասխանատվության ենթարկվել: Այդ հայտարարությունից անցել է վեց տարի: Ասում էր` Արցախը Հայաստան է, եւ վերջ: Հիմա ասում է` Ադրբեջան է: Ասում էր` իսկ ո՞վ է ասում, որ Արցախը գերտերություն չէ, բայց այժմ նորմալ է համարում, որ նույն Արցախը հայաթափված է: Ասում էր` Ալիեւի մասին այնպիսի հայտարարություններ կանեմ, որ Բաքվում ներքաղաքական իրավիճակն իրար կխառնվի: Բայց այսօր Ալիեւն ինչ ասես, ասում է, Նիկոլը մի ծպտուն չի կարողանում հանել»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում