Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգայնագետ․ 1915 թ․-ին թուրքերն այսպես են ասել՝ եթե դուք ռուսների հետ եք, ռուսները մեր թշնամիներն են, Անտանտ պետությունների դեմ են, այդ դեպքում` դուք տեղ չունեք այս երկրում․ «Հրապարակ»

Փետրվար 15,2025 11:10

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը համաձայն չէ մեծ թվով փորձագետների այն տեսակետին, որ Հայաստանը պետք է հետեւություններ անի Ուկրաինայի ճակատագրից եւ զերծ մնա դեպի Եվրոպա «ճանապարհորդությունից»: Ավելին, նա կարծում է, որ ՀՀ գործող իշխանություններն` ի տարբերություն նախորդների, Հայաստանի պես փոքր պետության համար ամենաարդյունավետ՝ միաբեւեռ քաղաքականությունն են որդեգրել` ի հակադրումն Ռոբերտ Քոչարյանի վարած կոմպլեմենտարիզմի եւ Սերժ Սարգսյանի՝ բազմաբեւեռի։ Ներկայացնում ենք մեր զրույցը Նուբար Չալըմյանի հետ։

-Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը, աշխարհաքաղաքական շրջադարձային զարգացումները, Ռուսաստանի՝տարածաշրջանում դիրքերի ամրապնդումը, ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ կունենան Հայաստանի համար: Ոմանց գնահատմամբ, քանի որ Արեւմուտքը Ուկրաինային կարծես թե մենակ է թողնում, նպարակահարմար չէ, որ Հայաստանը բռնի ԵՄ ճանապարհը՝ չունենալով հստակ երաշխիքներ, որ մեզ այնտեղ սպասում են։ 

-Ես համաձայն չեմ, որ Հարավային կովկասում մեծանում է Ռուսաստանի դերը, հակառակը՝ Ռուսաստանը գտնվում է շատ ծանր, դժվարին իրավիճակում․ հավաքական Եվրոպան, ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայում սանձազերծած պատերազմի համար, այլ կլինի իրավիճակը, երբ Թրամփի միջնորդությամբ պատերազմը կանխվի, եւ կողմերը գան ընդհանուր հայտարարի՝ փոխադարձ զիջումների գնալով։ Թեպետ ես չգիտեմ՝ ՌԴ-ն սովո՞ր է ընդհանրապես փոխադարձությունների, թե՞ միայն սպասում է, որ դիմացինը զիջումներ անի։ Կյանքը, պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը զիջումների չի գնում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ պետք է փոխադարձ զիջումների գնար, բայց այսօր տեսնում ենք Ճապոնիայի Կուրիլյան կղզիների վրա է նստած, Կալինինգրադն է իրենով արել եւ այլն, այսօր նաեւ Ղրիմի խնդիրն է։

Կարծում եմ՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմական գործողություններն արդյունավետ ավարտ չունենան, եւ կողմերը գան դադարեցման, Ռուսաստանն, իմ կարծիքով, պահելու է այն տարածքները, որ Ուկրաինայից է վերցրել, Ուկրաինան էլ իր հերթին է նույնը անելու, խոսքը Կուրսկի մասին է: Այո, Թրամփը ուզում է պատերազմը դադարեցնել, որպեսզի Ուկրաինային տրվելիք զենք-զինամթերքի մատակարարումը դադարեցնի, այն թանկ է նստում ԱՄՆ-ի, ինչպես նաեւ եվրոպական երկրների վրա։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այն Թրամփի համար երրորդական, չորրորդական նշանակություն ունի, առաջնայինը  Պուտինի հետ հանդիպումն է, որը կլինի երրորդ երկրում՝ ոչ ՌԴ-ում, ոչ ԱՄՆ-ում։

– Այս ամենը չի՞ նշանակում արդյոք, որ ճիշտ են այն փորձագետները, որոնք համարում են, որ Հայաստանը պետք է դասեր քաղեր Ուկրաինայի ճակատագրից, որն ուներ հավաքական Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, բայց տեսանք, թե ինչ է կատարվում։ Եվ Հայաստանը չպետք է առանց հաշվարկների, հիմքերի, ՌԴ զգուշացումները հաշվի չառնելով, ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին հայտարարություն ընդուներ։

-Ես այդ կարծիքին չեմ, լինելով պատմաբան, ուսումնասիրելով Առաջին համաշխարհային պատերազմը, դրա ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած մեծ ողբերգությունը՝ Ցեղասպանությունը, որից ես էլ եմ տուժել` որպես ցեղասպանության երրորդ սերնդի ներկայացուցիչ։ Ես ավելի շահագրգիռ պետք է լինեմ… Ի վերջո, ի՞նչ էր դա․ իմ կարծիքով` հայերը խաբվել են եւ նրանց խաբել են մեր, այսպես կոչված, դաշնակիցները՝ ռուսները: Այո, ռուսական մատը հայոց Ցեղասպանության իրականացման գործում եղել է։ 1915 թվականին թուրքերն այսպես են ասել՝ եթե դուք ռուսների հետ եք, ռուսները մեր թշնամիներն են, Անտանտ պետությունների դեմ են, այդ դեպքում` դուք տեղ չունեք այս երկրում։

-Ձեր ասելով` պատմությունից պետք է դասեր քաղենք` թուրքերի հետ լինենք, այլ ոչ թե ռուսների։

-Ես նորից կրկնեմ, որքան էլ առաջիններից մեկն եմ, որ ուզում եմ ցեղասպանությունը ճանաչվի թուրքերի կողմից․ ինձ այնքան էլ հետաքրքիր չէ, թե աշխարհի շատուշատ երկրներից ով է ճանաչել Ցեղասպանությունը, ինձ հետաքրքիր է, որ Թուրքան առաջին հերթին ճանաչի, մնացածները պետք է դամքաշություն անեն, Թուրքիան պետք է ընդունի այդ փաստը եւ ներողություն խնդրի հայ ժողովրդից իր արածների համար, ինչպես Գերմանիան՝ Հոլոքոստի համար։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728