Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Կա նաև հույս, որ տարածաշրջանային զարգացումներն ավելի վերահսկելի կդառնան․ «Փաստ»

Փետրվար 15,2025 10:30

Օրերս կայացած Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը, կարծես, առաջին քայլն է երկու երկրների միջև գոյացած սառույցը կոտրելու իմաստով: Հարաբերությունները կընթանա՞ն դեպի կարգավորում, ցույց կտա ժամանակը: Բայց սա միանշանակ իր ազդեցությունը կունենա աշխարհաքաղաքական գործընթացների, նաև Հարավային Կովկասի վրա:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է՝ այն փաստը, որ աշխարհի երկու ամենահզոր տերությունները նախընտրում են հակամարտությունը հաղթահարել և կուտակված բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, չափազանց լավ և ուրախալի լուր է: «Սա հանդարտություն է բերում ընդհանուր միջազգային հարաբերություններում և, մասնավորաբար, առանձին տարածաշրջաններում: Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահն անմիջապես զանգահարել էր նաև Ուկրաինայի նախագահին, ու ևս մեկ կարևոր փաստ, ինչին քիչ ուշադրություն դարձվեց, նույն այդ հեռախոսազանգից անմիջապես հետո Պուտինը զանգահարել էր Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարին: Ակնհայտ է, որ դրան զուգահեռ այլ տարածաշրջաններում նույնպես ինչ-որ գործընթացներ են սկսվում, որոնք վկայում են առնվազն հարաբերությունների՝ հակամարտությունից որպես հետքայլ ընթացքի մասին: Օրինակ՝ Թուրքիան փորձում է հարաբերություններ կարգավորել Միացյալ Նահանգների հետ: «Բլումբերգի» տեղեկություններով, Թուրքիան սկսել է գնել ԱՄՆ-ի պետական արժեթղթեր, ինչը վկայում է այն մասին, որ Անկարան իր հերթին փորձում է հարաբերություններ կարգավորել Ամերիկայի հետ, Անկարան նույնպես, ըստ էության, հրաժարվում է, հետ է կանգնում հակամարտության կամ սեփական շահերն ամեն գնով առաջ տանելու մարտավարությունից Ամերիկայի հետ հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, տեսնում ենք գլոբալ հարաբերությունների մտերմացման, ջերմացման փորձերի փնտրտուք:

Սա շատ լավ լուր է թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կան ակտիվ հակամարտություններ, թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կա նման հակամարտությունների վտանգ, օրինակ՝ Հարավային Կովկասը: Բոլորս հասկանում ենք, որ վերջին տարիների բոլոր զարգացումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ գերտերությունները մեր տարածաշրջանը վերածել էին միմյանց դեմ մրցակցության և ոչ թե համագործակցության գոտու: Այդ մրցակցության փաստից օգտվել են բավականին շատ տարածաշրջանային երկրներ, մեր պարագայում՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը: Հիմա, երբ կա հույս, որ հարաբերությունները կկարգավորվեն, կա նաև հույս, որ տարածաշրջանային զարգացումներն ավելի վերահսկելի կդառնան, և ավելի փոքր, բայց, միևնույնն է, հզոր երկրները, ինչպիսին Թուրքիան է, այս կամ այն քայլին դիմելուց առաջ արդեն ավելի երկար մտածելու, ավելի խորը հաշվարկներ անելու և մոտեցումները ճշտելու կարիք կունենան: Իմ տպավորությամբ, դա մեծացնում է անվտանգությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այլ տարածաշրջաններում: Մեզ համար, իհարկե, կարևորը մեր տարածաշրջանն է: Իսկապես լիահույս եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հակամարտային ընթացքի ավարտը կնշանավորվի նաև մեր տարածաշրջանում ավելի քաղաքակիրթ, քաղաքական, հաշվարկված զարգացումների ընթացքով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մելիք-Շահնազարյանը:

Աշխարհաքաղաքական փոփոխությունները, կարծես, իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի իշխանությունների վարքագծի վրա: Փորձագիտական հանրույթը ցայտնոտային է համարում Նիկոլ Փաշինյանի այցերը ԱՄՆ և Ֆրանսիա, նշում են՝ նա ցանկանում էր հասկանալ, թե տեղի ունեցող փոփոխություններն ինչպե՞ս են ազդելու իր իշխանության վրա: «Դժվար է ասել՝ դրանք ցայտնոտայի՞ն այցեր էին, թե՞ ոչ: Հայաստանի իշխանությունները տեսնում և գիտակցում են, որ իրավիճակ է փոխվում: Ընդ որում՝ այդ իրավիճակը փոխվել է ոչ միայն արտաքին աշխարհում, այլ նաև երկրի ներսում: Երկրի ներսում էլ բազմաթիվ զարգացումներ կան, որոնք ցույց են տալիս՝ իշխանությունը չունի հանրային աջակցություն, ունի ներքին բազում տարաձայնություններ, իշխանական թիմը վաղուց արդեն բազում ճաքեր է տվել, դա բերում է ներսում հակամարտությունների: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Հայաստանում ընդդիմությունը կամաց-կամաց որոշակի նոր արդյունքներ է կարողանում արձանագրել, ամրագրել, ինչ-որ իմաստով բարելավում է իր դիրքերը թե՛ հանրային ընկալումների, թե՛ կազմակերպված գործողությունների արդյունավետության բարձրացման տեսակետից: Վստահ եմ, որ այս ամենն իրենք հասկանում են, հաշվի են առնում և փորձելու են հնարավոր բացթողումները կոմպենսացնել արտաքին աջակցության մեծացմամբ, բայց խնդիրը հենց այստեղ է, որ երբ աշխարհը վերադառնում է համագործակցության փուլ, հակամարտության «գործիքները» սկսում են ավելի և ավելի քիչ պահանջված լինել: Իսկ Փաշինյանը հենց այդպիսին է, նա հակամարտության գործիք է, որը մե՛կ Արևմուտքն է օգտագործում Ռուսաստանի դեմ, մե՛կ Ռուսաստանն է օգտագործում Արևմուտքի դեմ: Այսինքն՝ փորձում են քայլեր անել «գործիքով», որի «պիտանելիության ժամկետն» այլևս սպառվում է: Կոպիտ ասած՝ նման «գործիքների» կարիք աշխարհաքաղաքական կենտրոններում, հնարավոր է, այլևս չունենան»:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728