Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց միայն խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս կարելի է պատկերացում կազմել ոչ միայն տնտեսության առկա վիճակի և միտումների մասին․ «Փաստ»

Փետրվար 15,2025 09:40

Եկեք նախ վերլուծենք, թե ինչ կառուցվածք ունի 2024 թվականի խոշոր հարկատուների ցանկը։ Ու որպեսզի շատ չխորանանք 1000 խոշոր հարկատուների ցանկի մանրամասների մեջ, դիտարկենք երեք տասնյակ հարկատուներին։ Եթե Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին նկատի չենք առնում, ապա առաջին 30 խոշոր հարկատուների ցանկում զուտ տեխնոլոգիական ընկերությունների թիվը չի անցնում… երկուսից, այսինքն՝ կազմում է Նիկոլ Փաշինյանի խոստացածի 10-20 տոկոսը։ Այսպիսի պատկերը ցույց է տալիս, որ ՏՏ ոլորտի ուղղությամբ իշխանությունների քաղաքականությունը լիովին տապալված է։ Իսկ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հիմնականում միտված չեն զարգացում ապահովելուն և նորարարությունները խթանելուն։ Շատ դեպքերում էլ դրանք ոչ միայն թիրախային չեն, այլև ոչ արդյունավետ են։ Օրինակ՝ բյուջեի հաշվին մեծ աջակցություն ստանալուց հետո որոշ ընկերություններ ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այսինքն՝ բացակայում է նաև հաշվետվողականությունը, եթե ավելի խիստ գնահատականներ չտանք։

Բացի դրանից, ներդրումներ ներգրավելու և զարգացում ապահովելու տեսանկյունից ստեղծված չէ բարենպաստ միջավայր, և հատուկ խթանիչներ չեն գործում։ Դրա համար էլ նույնիսկ հայ գործարարներն ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները նախընտրում են իրենց նորարարական ընկերությունները և ստարտափերը գրանցել ԱՄՆ-ում, Հոնկոնգում և այլ վայրերում, քան Հայաստանում։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում դրսի ընկերություններին են սպասարկում, իսկ այդ դեպքում վերջնական տեխնոլոգիական արտադրանքը դժվար թե կարելի է համարել հայկական, քանի որ այն ավելացնում է այլ պետություններում ստացվող արդյունքը։

Ու քանի որ ՏՏ ոլորտում առկա իրավիճակը շատ է կախված դրսի շուկայից, դրամի արժևորումը դոլարի նկատմամբ ևս իր հետևանքն է ունենում՝ նվազեցնելով հայաստանյան ՏՏ ընկերությունների շահույթի մասնաբաժինը։ Արդյունքում նվազում են նաև նրանց վճարած հարկերը։ Առաջիկա 5 տարվա հեռանկարից չի երևում, որ տեխնոլոգիական ընկերությունների մասնաբաժինը խոշոր հարկատուների ցանկում կավելանա։ Նույնիսկ մասնագետներն են ընդգծում, որ գնալով իրավիճակը ոլորտում ավելի է բարդանում։

Lավ, եթե ՏՏ ոլորտը բյուջե մուտքագրվող միջոցների մասով մեծ դերակատարություն չի ունենում, ի՞նչ ոլորտների վրա է ընկնում բյուջեի ապահովումը։ Բնականաբար, առաջին հերթին հանքարդյունաբերության։ Պատահական չէ, որ տարիներ շարունակ առաջին խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն ամեն տարի ահռելի հարկային մուտք է ապահովում ու այս տեսանկյունից ուղղակի մրցակցությունից դուրս է։ Ավելին, կոմբինատը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի տնտեսության ողնաշարը բառի ամենաիսկական իմաստով: Եթե հանքարդյունաբերությունը հանում ենք, ապա առաջին 30 հարկատուների ցանկում ամենամեծ մասնաբաժինը կազմում են ներմուծողները՝ այդ թվում՝ տեխնոլոգիական արտադրանք ներմուծողները: Ավելին, դրանցից երկուսը՝ «Մոբայլ Արմենիան» ու «Փրիթի ուեյը», լավագույն հնգյակում են: Սա ինքնին վկայում է Հայաստանի տնտեսության բացասական հաշվեկշռի ու ներմուծումից կախվածություն ունենալու մասին։ Ներմուծման հետ կապված հարկերն էլ կարող են տատանողական բնույթ կրել՝ կապված համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներով։ Չնայած Փաշինյանը նշում էր, թե ներմուծման ոլորտում մոնոպոլիաները պետք է վերացվեն, բայց տեսնում ենք, որ այդ մոնոպոլիաները նույնությամբ մնացել են։ Իսկ վերջին տարիներին որոշ ապրանքների վերաարտահանման մասով Հայաստանը կարևոր դեր է ստանձնել, իսկ վերաարտահանում կազմակերպելու՝ աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված հետագա դժվարությունները կարող են ազդել նաև պետբյուջե մուտքերի վրա։

Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա այստեղ էլ բեռը հիմնականում ընկած է մի քանի ընկերությունների ուսերին։ Առաջին 30 հարկատուների ցանկում 5 հիմնական արտադրողներ են՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող երեք ընկերություն՝ «Գրանտ տոբակոն», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը», «Սիգարոնը», մսամթերքի արտադրության ընդգծված առաջատար «Աթենքը», որը նաև Հայաստանի սննդամթերքի արտադրության առաջատարն է, և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար «Կոկա կոլան»։ Այստեղ պետք է նշել նաև «Գրանդ Քենդիին», որը միշտ երեսնյակում է եղել, սակայն 2024 թ. տվյալներով 31-րդ տեղում է։

Հավելենք, որ լավագույն երեսնյակում նաև հայաստանյան չորս բանկ է ու հեռահաղորդակցության ոլորտի երեք ընկերությունները, և պատկերն ամբողջական կդառնա:

Մի խոսքով, հենց միայն խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս կարելի է պատկերացում կազմել ոչ միայն տնտեսության առկա վիճակի և միտումների մասին, այլև այն մասին, թե ինչ հեռանկարներ կան առնվազն առաջիկա մի քանի տարվա համար:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728