Լրահոս
Օրվա լրահոսը

Ամաչող լինեին, 2020 -ին ասպարեզից կհեռանային

Փետրվար 15,2025 10:00

ԱԺ – կառավարություն հարցուպատասխանը տեսականորեն նպատակ ունի նպաստել կառավարության հաշվետվողականությանը՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները պետք է բացահայտեն գործադրի թերի կողմերը եւ իրենց հարցադրումներով, այսպես ասած, «հաշիվ պահանջեն»:

Չգիտեմ, թե ինչպես է նման գործընթացը տեղի ունենում այլ երկրներում, բայց Հայաստանում դա կատարելապես անիմաստ միջոցառում է: Այդօրինակ երկխոսությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ համաձայնություն կա որոշակի նվազագույն էթիկական կանոնների շուրջ: Եթե համաձայնություն չկա, ապա խոսակցությունն անիմաստ է դառնում: Մոտավորապես այսպես՝ հարց, «Ի՞նչ հիմնավորումներով են հարկերը բարձրանում», պատասխան. «Բա ի՞նչ էր անում ձեր հայրիկը 1993 թվականին»: Գործադիր իշխանությունը հաշվետու չէ օրենսդրի առջեւ, այն հաշվետու է իրեն երկրպագող զանգվածի առջեւ, որին ոչ մի հարց եւ ոչ մի պատասխան չի հետաքրքրում: Նրան հետաքրքիր է ինչ-որ սուր գնահատական լսել «նախկինների» մասին:

Այդ պայմաններում միակ քիչ թե շատ իմաստալից հարցն է մնում «բա դուք չե՞ք ամաչում» հարցը, որն ընդդիմադիրները հիմնականում եւ տալիս են՝ տարբեր ձեւակերպումներում: Բայց այդ հարցը հռետորական է, որովհետեւ դրա պատասխանը հայտնի է՝ ո՛չ, չեն ամաչում: Եթե այդ մարդիկ ամոթի, պատասխանատվության, մեղքի զգացում ունենային, ապա 2020 թվականի նոյեմբերի  9-ից հետո կաշխատեին որեւէ մեկի աչքին չերեւալ, կհեռանային քաղաքական եւ հասարակական ասպարեզից, ոչ թե կհայտնվեին ԱԺ ամբիոնի մոտ ու կհոխորտային:

Ես գիտեմ, թե դրան ինչ կպատասխանեն նիկոլականները՝ «մեզ ժողովո՛ւրդն է ընտրել, միայն ժողովո՛ւրդը մեզ կարող է հեռացնել ասպարեզից»: Դա ինձ համար փաստարկ չէ՝  նախ այն պատճառով, որ «ժողովրդի մանդատ» ասվածը հեքիաթ է, միֆ, եւ վերջին զարգացումները (ոչ միայն Հայաստանում) դրա ապացույցն են: Բայց ինձ համար ավելի կարեւոր է հետեւյալ հարցի պատասխանը՝ մարդը խիղճ ունի՞, թե՞ չունի, եւ եթե չունի, ապա ԿԸՀ-ի տված ոչ մի թուղթ նրան չի փրկի: Այդ թուղթը հայթայթելու հազար ու մի միջոց կա:

…«Հանդես եկեք ձեր առաջարկներով», – երբեմն ինձ հորդորում են ընթերցողները: Թեեւ ես կարծում եմ, որ դա իմ գործը չի, բայց այս դեպքում, համենայնդեպս, հանդես գամ: Առաջարկում եմ ընդդիմադիր պատգամավորներին ընդհանրապես հարցեր չտալ վարչապետին եւ կառավարության անդամներին: Թող այդ ներկայացմանը մասնակցեն բացառապես ՔՊ-ականները: Ջան կասեն, ջան կլսեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    2018ին, նախորդ տարին ընտրուած ԱԺի պատգամաւորները, իրենք է որ ամենաառաջին անգամ վարչապետ ընտրեցին՝ Փաշինյանը: Ապա մեծամասնութեամբ այդտեղ ենթարկուեցան իրեն, հնազանդեցան իրեն, մինչեւ որ ժողովրդային ընտրութիւններով ամբողջացաւ պետական յեղաշրջումը:

    Հետեւաբար, այդ անձերը, եւ այն կուսակցութիւնները որոնց անունով նրանք դարձած էին ԱԺի պատգամաւորները, առաջին գիծի վրայ պատասխանատու են՝ 2020ին տեղի ունեցած Հայոց Աղէտին:

    Այժմու ԱԺի ընդդիմադիր պատգամաւորները պարզապէս վաւերացնում են, իրաւացի – եւ բնականօն – են դարձնում՝ Փաշինյանի իշխանութիւնը: Ժողովրդավարութեան, օրինականութեան կնիքն են խփում՝ նրա բոլոր ըսածներին եւ ըրածներին:

    Հետեւաբար այս անձերը, եւ իրենց խմբակցութիւններուն – երեւելի եւ աներեւոյթ – շեֆերը, առաջին գիղի վրայ պատասխանատու են՝ դեռ գալիք աղէտներին:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728