Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը փետրվարի 10-ին ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Կատարը միապետական երկիր է՝ «պրոթուրքական, պրոադրբեջանական», Հայաստանի հետ չի ունեցել քաղաքական, տնտեսական կապեր, բայց 2020-ի պատերազմից հետո Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շատ են այցելում Կատար:
«Ոչ առևտուր կա Կատարի հետ, զբոսաշրջություն չկա, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր չկան, բայց 2020 թվականի պատերազմից հետո մեկ էլ այն նախագահը, որը փախել է Հայաստանից՝ Արմեն Սարգսյանը, չորս անգամ այցելել է Կատար: Պատերազմից հետո Կատար գնացել են նաև Վահագն Խաչատուրյանը, երբ դարձավ նախագահ, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը՝ երկու անգամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․․․ Վահե Ղազարյանն էլ էր գնացել, երբ դեռ ՆԳ նախարար էր»,- նշել է Ղազարյանը:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ պաշտոնյաների՝ Կատար կատարած այցերի մասին Ղազարյանի պնդումները և պարզել, որ հայ-կատարական հարաբերությունների սկիզբը դրվել է դեռևս 90-ական թվականներին, և ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, Կատար պաշտոնական առաջին այցը կատարել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Այսպես, Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997-ի նոյեմբերի 5-ին: 2019 թ․-ին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Դոհայում։ 2023 թ․ հոկտեմբերին Կատարի Պետությունը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Երևանում: Դիվանագիտական հարաբերություններ հաստատվելուց ի վեր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մի շարք այցեր են կատարվել Կատար։
Կարդացեք նաև
Նկատենք, որ Արմեն Սարգսյանը, բացի պաշտոնական այցից, ունեցել է նաև երկու աշխատանքային այց՝ 2019 թ․ դեկտեմբերին և 2021թ․ դեկտեմբերին։ Ի դեպ, Էդգար Ղազարյանը սխալվել է՝ հայտարարելով, թե Արմեն Սարգսյանը 4 անգամ է այցելել Կատար․ նախկին նախագահը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, արաբական այդ երկիր այցելել է 3 անգամ։
Կատար այց կատարել են նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ 2009 թ․ հունվարին, 2010-ի մայիսին և 2013-ի մարտին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախկին նախարար Արթուր Գրիգորյանը՝ 2011 թ․ հունիսին, ու ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 2017 թ․ հունիսին։
2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական այցով Կատարում են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թ․ հունիսին, և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 2024 թ․ ապրիլին։ Իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանը (2023-ի մայիսին) և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով են եղել Կատարում։ Ի դեպ, Ալեն Սիմոնյանը՝ երկու անգամ՝ 2022 թ․ դեկտեմբերին և 2023 թ․ հունվարին։
Պատերազմից հետո աշխատանքային այց են կատարել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 2023 թ․ դեկտեմբերին և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ 2024 թ․ մայիսին։
2024 թ․ հոկտեմբերին Կատար են այցելել նաև ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված MILIPOL Qatar 2024 համաշխարհային ցուցահանդեսին, ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ մասնակցելու «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» համաժողովին։
Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»