Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին
Հարգելի ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյան,
Կարծում եմ, որ իրավապահ մարմինների աշխատակիցների սաբոտաժը եւս նպաստում է ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտին, հետեւաբար հարկ եմ համարում բարձրաձայնել, որ քրեական վարույթի փաստերից հետեւում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Դավթաշենի բաժինը եւ Դավթաշենի դատախազությունն իրենց գործողություններով խրախուսում են որոշ անբարեխիղճ քաղաքացիների կողմից հարկեր չվճարելու արատավոր պրակտիկան, օրինակ՝
ՀՀ ՊԵԿ 22.09.2020թ. N 76 իրազեկման թերթիկի հանաձայն`
Կարդացեք նաև
1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով` ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալի համար աշխատանքների կատարումը եւ (կամ) հարկային գործակալին ծառայությունների մատուցումը: Ուստի, գրությամբ նշված դեպքում, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը առանց պետական հաշվառման շինարարական ծառայություններ կարող է մատուցել միայն հարկային գործակալին:
Տեղեկացնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից շինարարական ծառայությունները հարկային գործակալից տարբերվող անձանց մատուցվելու դեպքում կկիրառվեն ապօրինի գործունեությամբ զբաղվելու համար օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները,
2) հարկային գործակալին մատուցվող շինարարական ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում եւ պահում է հարկային գործակալը` օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով,
3) ֆիզիկական անձը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ իրավաբանական անձ կազմավորելու դեպքում կարող է համարվել շրջանառության հարկ վճարող օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ ժամկետներում, որի պարագայում վերջինիս կողմից շինարարական ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկը կհաշվարկվի 5% դրույքաչափով:
Վերոգրյալից հետեւում է, որ շինարարական աշխատանքների կատարումը ենթակա է հաշվառման եւ դրա դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման, սակայն Դավթաշենի քննչական բաժինը եւ դատախազությունը թիվ 10-0122-23 քրեական վարույթով ունենալով նման տեղեկություններ, միջոցներ չեն ձեռնարկել այդ մասով պատշաճ քննություն կատարել, արարքներին տալ իրավական գնահատական, իսկ թաքցված հարկերի չափի հետ կապված հանցակազմի բացակայության դեպքում էլ նշված տեղեկությունը չեն փոխանցել ՊԵԿ-ին՝ համապատասխան վարչական վարույթ հարուցելու համար.
Թիվ 10-0122-23 քրեական վարույթով իմ կողմից բազմիցս ՀՀ քննչական կոմիտեի Դավթաշենի բաժնին եւ Դավթաշենի դատախազությանը բարձրաձայնվել է, որ անձի կողմից կատարվել են շինարարական աշխատանքներ եւ դրա դիմաց վերջինս վարձատրվել է, մինչդեռ նա չունի հարկային հաշվառում եւ խուսափում է հարկեր վճարելուց։ Սակայն ՀՀ քննչական կոմիտեի Դավթաշենի բաժինը եւ Դավթաշենի դատախազությունը վարույթով ունենալով հստակ տեղեկություններ, որ անձն առանց հաշվառման կատարել է շինարարական աշխատանքներ եւ դրա դիմաց վարձատրվել է, այդ մասով իրենց իրավասության շրջանակներում միջոցներ չեն ձեռնարկել համակողմանի քննություն կատարելու եւ արարքին իրավական գնահատական տալու համար, նույնիսկ վարույթով ստացված տեղեկությունները ժամանակին չեն փոխանցել ՊԵԿ-ին՝ համապատասխան վարչական վարույթ հարուցելու համար, արդյունքում պայմաններ է ստեղծվել, որպեսզի տվյալ անձը խուսափի ինչպես հարկեր վճարելուց, այնպես էլ կատարված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց։
Բացի այդ, նշված քրեական վարույթով մեր կողմից բարձրաձայնվել է նաեւ այն մասին, որ կան հիմնավոր կասկածներ, որ շինարարական ապրանքներ վաճառող խանութի կողմից եւս հարկեր են թաքցվել, քանի որ տուժողի կողմից տրված 1.860.000 ՀՀ դրամ կանխիկ գնումը չի ձեւակերպվել եւ ՀԴՄ կտրոն չի տրամադրվել, սակայն վերը նշված մարմինները միջոցներ չեն ձեռնարկել նշված հանգամանքը պարզելու համար, մասնավորապես հստակ չեն տրվել այն հարցերի պատասխանները, թե ի վերջո տուժողի կողմից տրված 1.860.000 ՀՀ դրամ գումարը որեւէ խանութի հաշվին մուտքագրվել է, թե ոչ, այդ խանութի կողմից հաշվապահական ձեւակերպում տրվել է, թե ոչ, եթե նշված գումարը մուտքագրվել է խանութի հաշվին, ապա, երբ եւ ինչ թույլատրելի եւ վերաբերելի ապացույցներով է այդ փաստը հիմնավորվում, իսկ եթե չի մուտքագրվել եւ համապատասխան ձեւակերպում չի տրվել, ապա ինչու չի մուտքագրվել եւ ինչու հաշվապահական ձեւակերպում չի տրվել։
Իրավապահ մարմինների նման ոչ իրավաչափ, անօրինական գործողությունները կամ անգործությունը նպաստում է, որպեսզի անձը շարունակի իր անօրինական գործունեությունը՝ առանց հաշվառման կատարել շինարարական աշխատանքներ եւ չվճարի հարկեր, ինչպես նաեւ պայմաններ է ստեղծվում, որպեսզի նա խուսափի պարտատերերի նկատմամբ պարտավորությունները կատարելուց, քանի որ եթե անձի գործունեությունը չունի հարկային հաշվառում, ապա այդ պայմաններում հնարավոր չի լինելու չկատարված պարտավորության համար նրանից դատական կարգով բռնագանձում կատարել։ Այսինքն՝ գործում է անօրինականության շղթա, որի արդյունքում տուժում է պետությունը եւ բարեխիղճ քաղաքացին, մարդկանց մոտ առաջանում է անարդարության զգացումներ։ Իրավապահ մարմինների նման գործելաոճն անթույլատրելի է, այն վնասում է նաեւ ՀՀ իրավապահ մարմինների հեղինակությանը:
Ղևոնդ ՊԱՊՈՅԱՆ
փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
14.02.2025