Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տեղը կերտվող նոր աշխարհակարգում. Արիական առանցքի ձևավորումը

Փետրվար 15,2025 13:30

«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

-ԱՄՆ-ում Թրամփի նախագահ ընտրվելով` աշխարհը կանգնել է խառնաշփոթ իրավիճակի առջև. Ուկրաինայի պատերազմը չի ավարտվում, Հայաստանի իշխանությունն իր խաղաղության շահարկումով շարունակում է անտեսել հայ ժողովրդի ազգային շահերը՝ առանց դիմադրության կատարում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները՝ ավելի տկարացնում Հայաստանը, հասարակությանը չի նախապատրաստում ապագայում հնարավոր պատերազմական գործողությունների կամ մեծ պատերազմի։ Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի տեղը կերտվող նոր աշխարհակարգում։

-Հարցի պատասխանը լինելու է բավականին երկար, որպեսզի լավ պատկերացնենք հայոց էությունը, որտեղից էլ բխում է մեր տեղն ու դերը ապագա աշխարհակարգում։

Դրա համար պետք է պարզաբանենք մի քանի սկզբունքներ, որոնք այսօրվա աշխարհի առճակատման հիմքն են կազմում, որքան էլ որոշներ փորձեն այն վերագրել ֆինանսական կենտրոնների «քմահաճույքներին»:

Աստված կրկին երեսը դարձրել է դեպի հայ ժողովուրդը, դեպի Հայաստան։ Հայ ժողովրդին չարի տիրույթից հանելու համար մաքրում է նրան շրջապատող արգելքները և բացում այն ճանապարհները, որոնցով ընթանալով Հայաստանը դառնալու է Աստծուն ծառայող, Աստծուն փառավորող և իր փառքը վերականգնող պետություն։

Նշյալ ճանապարհի ամենամեծ խոչընդոտը մեր ժողովրդի մեծ մասի, որը քրիստոնյա լինելով հանդերձ, իրեն քրիստոնյա համարելով հանդերձ, քրիստոնեաբար չապրելու հանգամանքն է։ Այս խնդիրը դանդաղորեն առաջընթաց է գրանցում, եկեղեցիները կիրակնօրյա պատարագներին լցվում են հավատացյալներով՝ հիմնականում երիտասարդներով։

Հաջորդ ամենամեծ պատնեշը դա Ռուսաստանն է եղել և դեռևս մնում է։ Մեր ժողովրդի մեծ մասը հույսեր էր կապում Ռուսաստանի հետ (փոխանակ միայն Աստծու վրա հույսը դներ և գործեր), իսկ Ռուսաստանը ամբողջապես հուսախաբ արեց ժողովրդի այդ հատվածին, առանձնապես վերջին տարիների ակնհայտ, բացահայտ հակահայ գործողություններով։ Ռուսաստանը, իր երկու հարյուր տարվա տիրապետության ժամանակաշրջանում հայոց վրա, ստեղծել է մեծ, ընդգրկուն գործակալական ցանց, որը քաղցկեղի պես պատել է պետական ամբողջ համակարգը և տարբեր կազմակերպություններ, թե Հայաստանում և թե արտասահմանում, որի միջոցով հայ ժողովրդին՝ Հայաստանը  պահել է և դեռևս հաջողվում է պահել իր ուղեծրում, և այդ ցանցի միջոցով միշտ գործել է ի վնաս Հայաստանի շահերի։

Այդ պատճառով էլ Ռուսաստանը որպես չարի մարմնավորում պետք է ոչնչանա և որպես կայսրություն անհետանա պատմության թատերաբեմից։ Դրա իրագործման ճանապարհը իր կամքից անկախ ընտրեց ինքը, Ռուսաստանը, պատերազմ սկսելով Ուկրաինայի դեմ(հանրահայտ ժողովրդական ճշմարտություն է՝ եթե Աստված մեկին ուզում է պատժել, նրա խելքն է առնում)։

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, հանձինս Արևմուտքի, կանգնել է Ուկրաինայի թիկունքին։ Ռուսաստանը սկզբից ևեթ միայնակ էր, սակայն չկարողանալով հասնել արդյունքի և գրեթե ուժասպառ լինելով՝ դիմեց այնպիսի երկրի, ինչպիսին բոլորիս հայտնի է՝ Հյուսիսային Կորեային, քանի որ այլ դաշնակից չուներ, չնայած որ նրա գլխավորությամբ իբր թե գործում է ռազմաքաղաքական բլոկ ՀԱՊԿ անվանումով։ Զավեշտն այն է, որ այդ բլոկի անդամներից միայն Բելառուսն է Ռուսաստանի դաշնակիցը, նա էլ օգնում է Ռուսաստանին այնքանով, որքանով։ Նրա զինվորները չեն մասնակցում պատերազմին։ Այսինքն, ըստ էության, պատերազմի մասնակից չէ իր դաշնակցի կողմից։

Ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի Ռուսաստանի լիակատար ջախջախումով և արևելյան Եվրոպայում մի նոր հզոր պետության՝ Ուկրաինայի ձևավորումով։ Ուկրաինան առաջիկա տարիներին՝ պատերազմի հաղթական ավարտից հետո կդառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ։

Առանց վարանելու կարող եմ ասել, որ ռուս-ուկրաինական պատերազմը մղվում է Աստուծո կամոք, հանուն Հայաստանի, որպեսզի Հայաստանը ազատագրվի ռուսական շուրջ երկու հարյուրամյա գերությունից։

Հայաստանը առաջիկայում կխզի բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, կհեռացնի ռուսական զորքերը Հայաստանից։ Հայաստանում կտեղաբաշխվեն ամերիկյան և ֆրանսիական զորակայաններ։ Նոր դաշնակիցների օգնությամբ արագացված կվերակառուցվի հայկական բանակը։ Հայոց զինված ուժերը կդառնան մարտունակ և արդիականացված, նորագույն զինատեսակներով զինված, և որը մի քանի հաղթանակներով կվերադարձնի մեր բռնազավթված տարածքները։ Շատ համառոտ, այս ընթացքով են տեղի ունենալու իրադարձությունները Հայաստանի շուրջը։

Իսկ խորքային առումով Հայաստանում և Հայաստանի շուրջը տեղի է ունենում. Չարի և բարու պատերազմ, Ազնվականության և արիականության վերականգնում, Մշակույթների բախում՝ հայոց մշակույթի հաղթանակ, Արիական առանցքի ձևավորումը։

     Չարի և բարու պատերազմ

Հայ ժողովուրդը որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ ներկայացնում է բարուն՝ Աստծուն։ Ինչը ցույց է տվել իր հազարավոր տարիների ընթացքի մեջ։ Հավատարիմ լինելով Աստծուն, հանուն Աստծու պահել, պահպանել է իր հավատքը, իր աստվածային լեզուն, իր բարոյական կերպարը, զարգացրել աստվածային պատվիրաններից բխող մշակույթը՝ գիրը և գրականությունը, գիտությունը, ստացել իմաստություն և տարածել՝ դարձրել համայն մարդկության սեփականությունը։

Որպես չարի արտահայտիչ բազմաթիվ ազգեր են եղել պատմության ընթացքում, որոնցից շատերն անհետացել են ասպարեզից և նորերն են առաջացել։ Վերջին հարյուրամյակներում այդ դերում հանդես են գալիս թուրքերը, որոնց բացասական կերպարի մասին արտահայտվել են և եվրոպացիները, և արաբները, չհաշված մեզ, ովքեր իրենց մաշկի վրա են զգացել այդ հանցագործ ազգի ոճրագործությունը, որոնց ձեռքով իրականացվեց Հայոց ցեղասպանությունը և հայազրկվեց հայկական բարձրավանդակի՝ հայոց հայրենիքի գերակշիռ մասը։ Ցավալին այն է, որ այդ չարի առանցք է կազմում նաև իրեն քրիստոնյա հռչակած Ռուսաստանը, որը ձեռք ձեռքի տված թուրքերի հետ, նրանց հետ միասին լծվել է վերացնելու Աստծո ընտրյալ ազգին՝ հայերիս։

Քանի որ չարի և բարու՝ սատանայի և Աստծու պայքարը հարատև է, մինչև աշխարհի վախճանը, հետևաբար, և մեր, հայերիս պայքարը չարի դեմ, չարի տարբեր դրսևորումների դեմ՝ հարատև է։ Եվ քանի որ Աստված մեզ միշտ օգնական է, հետևաբար, և հայ ժողովուրդը միշտ հաղթական է։ Այնպես որ, շուտով ականատես կլինենք չարի՝ ռուսական և թուրքական դրսևորումների ջաջախմանը։

     Ազնվականություն և արիականություն

Պողոս առաքյալը գաղատացիներին ուղղված թղթում գրում է. «Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, 7Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու։ Գաղատացիներ 4. 6»

Իսկ Աստծո ժառանգը չի կարող ազնվական չլինել։ Իսկ ազնվական լինել նշանակում է լինել արի։ Այդ պատճառով էլ արիականությունը հետագա դարերի ընթացքում հատուկ իմաստ և նշանակություն ստացավ՝ աստվածային բոլոր բարեմասնությունները։

Աստված մեզ պսակեց ազնվականությամբ, այդ պատճառով էլ Աստվածաշնչյան Արևելքը հիմնեց հայկական բարձրավանդակում, որտեղ և հիմնեց դրախտն ու ստեղծեց մարդուն և բազմացրեց և տեր կարգեց իր ստեղծածին։ Եվ այդ ամենի ժառանգորդը դարձրեց մեզ՝ հայերիս։

Ազնվականությունը և արիականությունը շաղկապված են միմյանց, դրանք փոխլրացնում են միմյանց։ Առանց մեկի, մյուսը թերի է կամ էլ չի կարող գոյատևել։

Արիականություն. – առաջին հերթին նշանակաում է ազնվականություն: Եվ պատահական չէ, որ Հին աշխարհում այլ ազգերը հայ ժողովրդին գիտեին որպես ազնվական ազգ և ձգտում էին նմանվել հայերին, նրանից ստանալ աստվածային սուրբ օրենքները, և նույնիսկ նմանվել արտաքինով:

Ասվածի հաստատումն է ֆրանսիացի Ժուլ Լեկրեկի ճշգրիտ գնահատականը՝

«Հայերը պատկանում են մեծ արիական ցեղին՝ ներկայացնելով նրա ամենագեղեցիկ տեսակը։ Նրանց լեզուն ձայնային առումով զգալիորեն ավելի նման է եվրոպական լեզվին, քան՝ արևելյան։ Միայն այս ազնվական արիական ծագմամբ կարելի է բացատրել, թե ինչու, ապրելով ասիական բարբարոսների միջև, հայերն առաջինն ընդունեցին քրիստոնեությունը»։ Ժուլ Լեկրեկ, ֆրանսիացի ճանապարհորդ (Աշոտ դպիր Արևշատյան. Արարչագործությունից մինչև երկրորդ Գալուստ։ Հատոր Ա։ 2015, էջ 305

Որքան դիպուկ է ասված: Միայն այս ազնվական արիական ծագմամբ կարելի է բացատրել, թե ինչու, ապրելով ասիական բարբարոսների միջև, հայերն առաջինն ընդունեցին քրիստոնեությունը։ Սակայն, Ժուլ Լեկրեկը, ըստ երևույթին, տեղյակ չէր, որ հայերը Քրիստոսի կենդանության ժամանակ են նրան ընդունել որպես Աստված՝ Աբգար թագավորը հայոց Եդեսիայի և ինչպես Կողբացին է ասում՝ հայերը ընդունելով քրիստոնեությունը, դարձ կատարեցին դեպի Աստված։

Պետք է հայ պատմաբանները և մշակութաբանները լուրջ ուսումնասիրություններ սկսեն և բացահայտեն առ այսօր հիմնավորապես չուսումնասիրված մեր նախնյաց առաքինությունները:

Ճշմարտությունը կարող է ժամանակավորապես անտեսվել, սակայն այն չի կարող չբացահայտվել, երբ հասել է նրա բացահայտման ժամանակը։ Հայաստանն է արիականության հայրենիքը, մենք ենք արիացիները, մեզանից են առանձնացել և տարածվել արիական ցեղախմբերը աշխարհի տարբեր մասերում: Հազարավոր տարիներ հայ ժողովուրդը կրելով Աստծու կողմից իրեն վերապահված շնորհը, երբեք որևէ ազգի, ցեղախմբի նկատմամբ չի դրսևորել իր առավելությունը, այլ ընդհակառակը, այնպիսի միջավայր է ստեղծել, որ ոչ արիական ծագում ունեցող ազգերը ձգտել են նմանվել իրեն՝ արիներին, ազնվականին:

(Արիականությանը Հիտլերը բացասական երանգավորում է հաղորդել, փորձել է ցույց տալ, որ գերմանացիները բացառիկ ազգ են և պետք է իշխեն մնացած ազգերի վրա, իսկ որոշ ազգեր էլ պետք է ոչնչացվեն: Այս բացասական նստվածքը պետք է մաքրվի: Այդ գործը եթե ոչ մենք, ապա ով պետք է անի: Ցանկացած լավ բան կարելի է ի չարը գործադրել։)

Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ և բոլոր բարիքներով, այդ թվում նաև՝ ազնվականությամբ և արիությամբ։

Նոյի զավակներից Հաբեթն է մեր նախահայրը, նրա սերնդից Հայկ Նահապետի հորը՝ Թորգոմին հաստատեց հայկական բարձրավանդակում որպես տեր, այդ պատճառով էլ Հայքը հնում դրացիների կողմից անվանվում էր նաև Հաբեթի տուն, Թորգոմի տուն և իր շնորհած բոլոր բարիքներով օժտեց նրան և նրա սերունդներին՝ մեր նախնիներին։

Դրա վառ ապացույցն է մեր Հայկ Նահապետի կյանքն ու գործը։ Հայկ Նահապետը, որպես մեր Արարչին հավատարիմ, չընդունեց չարի բացարձակ իշխանությունը՝ Բելի մեծարումը և կուռքի վերածումը՝ աստվածացումը, և Բաբելոնից վերադարձավ իր հայրենիք՝ Արևելք՝ մարդկության բնօրրան՝ հետագայում անվանված Հայք, որտեղ դեռևս կենդանի էին Նոյը, Հաբեթը, Հայկի հայրը՝ Թորգոմը։

Ինչպես հայտնի է, Բելը, որը մարմնավորում է չարին, որը ապստամբել էր Աստծո դեմ, չէր կարող հանդուրժել Հայկի վարքագիծը՝ իրեն աստված չճանաչելը, առանց որի իրեն չէր կարող համարել աստված։ Բելը, որը արդեն իրեն էր հնազանդեցրել ամբողջ Միջագետքը, հավաքում է բազմահազարանոց զորք և գալիս Հայկի դեմ՝ հնազանդեցնելու նրան։

Հայկի և Բելի պատերազմը տևել է շուրջ երեք տարի։ Աստված տեսնում է Հայկի հավատարմությունը իրեն, իր Արարչին և նրան տալիս է Բելին հաղթելու զենքը՝ աղեղը և նետը, որով և Հայկը խոցում և սպանում է Բելին։ Այս պատերազմը որոշ գիտնականներ համարում են մարդկության առաջին համաշխարհային պատերազմը (Աշոտ դպիր Արևշատյան. Արարչագործությունից մինչև երկրորդ Գալուստ։ Հատոր Ա։ 2015)։ Կարծում եմ ճիշտ եզրահանգում է։ Պատերազմ հանուն Աստծու, հանուն ճշմարտության։

Հայկը ժառանգել էր Արարչի տված բոլոր բարիքները, այդ թվում նաև ազնվականությունը և արիությունը՝ արիականությունը։

Այդ պատերազմով Հայկը մարդկությանը մի քանի դաս տվեց.

առաջին՝ հավատարմությունը Արարչին,
երկրորդ՝ ազնվական լինելը, երբ Բելի զորքին ոչ թե կոտորեց կամ գերի վերցրեց՝ ստրկացրեց, այլ թողեց, որ վերադառնան իրենց տները և մոռանան Հայաստանի տեղը,
և երրորդ՝ արի լինելը, երբ իր փոքրաթիվ զորքով պատերազմեց Բելի մեծաթիվ զորքի դեմ և հաղթեց, նա գիտեր, որ Աստված իրեն չի լքի և Աստված նրան հաղթանակ պարգևեց։

Աստված տեսնելով Հայկի հավատարմությունն ու իր պատվիրաններով առաջնորդվելու հաստատակամությունը, Նոյից նրան փոխանցեց նաև քահանայությունը։ Այսպիսով, մեր Հայկ Նահապետը դարձավ հայոց պետության ստեղծողը՝ հայոց պետականության հիմնադիրն ու առաջին քահանան։ Պետականությունը միավորեց հոգևորի և աշխարհիկի միասնությամբ։

     Հայկ Նահապետը որպես արիականության հիմնադիր։

Հայկ Նահապետը հավատարիմ մնալով մեր Արարչին և նրա շնորհած բարիքներին, ըստ երևույթին իր կենցաղով և պահվածքով հիմքը դրեց ազնվականության և արիականության։ Եվ պատահական չէ, որ հետագայում դարեր շարունակ հայ ժողովուրդը հարակից ազգերի և ցեղերի կողմից ընդունվում էր որպես ազնվական և արի ազգ։

Դրա վառ ապացույցներից է. ոչ միայն Հին աշխարհի և վաղ միջնադարի մատենագիրների տեղեկությունները, այլև, ընդհուպ ուշ միջնադարի եվրոպացի ճանապարհորդների տեսածը և լսածը. որ հայերը ազնիվ և վստահելի վաճառականներ են և մեծ հարգանք են վայելում մետաքսի ամբողջ երթուղու հարակից բնակիչների կողմից, որի մասին եվրոպացի ճանապարհորդներին պատմում էին մետաքսի ճանապարհի հարակից բնակավայրերի բնակիչները։

Մենք ենք արիականության հայրենիքը, մենք ենք արիացիները, մեզնից են առանձնացել և տարածվել արիական ցեղախմբերը: Հազարավոր տարիներ հայ ժողովուրդը կրելով Աստծու կողմից իրեն վերապահված շնորհը, երբեք որևէ ազգի, ցեղախմբի նկատմամբ չի դրսևորել իր առավելությունը, այլ ընդհակառակը, այնպիսի միջավայր է ստեղծել, որ ոչ արիական ծագում ունեցող ազգերը ձգտել են նմանվել իրեն՝ հայերին՝ արիներին, ազնվականությանը:

Պատմությանը հայտնի են դեպի Եվրոպա, դեպի Հնդկաստան մեր ցեղակիցների՝ արիացիների գաղթի վերաբերյալ տեղեկություններ:

Էդուարդ Շուրեի «Մեծ իմացյալները» գրքում կարդում ենք. երբ արիացիների առաջնորդ Րամը (կամ Րաման) գրավեց Հնդկաստանը, իր ժողովրդի ավանդույթները վերածեց օրենքների և հռչակեց ամբողջ Հնդկաստանում։ Իսկ որո՞նք էին այդ օրենքները։ Առաջին և ամենակարևոր օրենքը հետևյալն էր. հաղթողներն ու պարտվողներն իրավահավասար են։ Սա բացառիկ դեպք էր։ Միայն հայերը կարող էին նման բան անել։

Մենք աշխարհին ցույց ենք տվել, որ հաղթողի և պարտվողի միջև հավասարությունը տիպիկ հայկական մտածելակերպ է։

Իսկ ի՞նչ առնչություն ունի Րաման հայերի հետ։ Կան հետազոտություններ, համաձայն որոնց` Րաման և արիացիները Հնդկաստան են եկել Հայկական լեռնաշխարհից։ Հնդկերեն բառերի մի քանի օրինակներ կան, որոնք հայերեն բառերի ուղղակի տառադարձումն են։ Օրինակ, «արև» բառը հնդկերենում հնչում է «րևա», «Րամա» անունն «Արամ» բառի տառադարձությունն է։ Բացի այդ, հայտնի է, որ Հնդկաստան ներխուժած արիացիները այստեղ են եկել Րասխ սրբազան գետի ափից։ Րասխն Երասխը՝ Արաքսն է։ Կան շատ այլ տվյալներ, համաձայն որոնց, արիացիները եկել են Հայկական բարձրավանդակից, գրավել Հնդկաստանը և այնտեղ զարգացրել մի այնպիսի մշակույթ, որ մինչև հիմա առեղծվածային է իր վեհության մեջ։

Պատմությանը հայտնի է նաև դեպի Եվրոպա հայկական բարձրավանդակից տեղաշարժերի մասին՝ բրիտներ- Անգլիա, բավարացիներ- Գերմանիա, Լեհաստան և այլն։

Արիականության ակունքում պետք է լիներ բնականաբար նաև մեր հարևան Իրանի ժողովուրդը իր ձևավորման փուլից սկսած, որպես դրացի:

     Մշակույթների բախում

Չարի և բարու պայքարը նաև մշակույթների բախում է։ Մի կողմում հայերի միջոցով տրվող աստվածային մշակույթն է տարբեր դրսևորումներով՝ լեզու, գիր- գրականություն, երգ-երաժշտություն, գիտություն, աստղագիտություն-տիեզերքագիտություն, արվեստ, նկարչություն, բժշկություն, ճարտարապետություն-քաղաքաշինություն և հոգևոր կենտրոններ։ Մյուս կողմում այս բոլորը ավերող և լավագույն դեպքում յուրացնող չարը՝ բարբարոսների տեսքով։

Աստծո ամենամեծ պարգևը մեզ, հայերիս, իհարկե, հայոց լեզուն է։ Լեզու, որով Աստված խոսում էր առաջին մարդու՝ Ադամի հետ։

Հայոց լեզվի աստվածային ծագման մասին են հաստատում բազմաթիվ լեզվաբան-գիտնականներ, որոնցից մի քանիսը ներկայացվում է ընթերցողին.

«Ամենասուրբ, ամենաանձեռնմխելի ժառանգությամբ, որով խոսում են հայերը, ինչը միայն հայրը կարող է թողնել իր երեխաներին, դա հայրենական լեզուն է։ Բոլոր ազգերի մեջ միայն հայերը կարողացան այն բերել այսքան հարյուրամյակների ընթացքում Նոյից մինչև մեր օրերը և ամբողջությամբ պահպանել այդ թանկարժեք գրավականը»: («Исторический памятник состояния Армянской области в эпоху ее присоединения к Российской Империи», И. Шопен – 1852 г., Իվան Իվանովիչ Շոպեն (ազգագրագետ, պատմաբան, պետական գործիչ), Պատմական հուշարձան, Սանկ-Պետերբուրգ, 1852, էջ 177Աշոտ դպիր Արևշատյան. Արարչագործությունից մինչև երկրորդ Գալուստ։ Հատոր Ա։ 2015, էջ 301

“Արիական լեզուների մեջ ասիա-արիականը գերակշռում է եվրո-արիականին, իսկ ասիականի մեջ հայկականը վճռականորեն գերազանցում է սանսկրիտին, և հնդկական լեզվական ընտանիքին, նաև պարսկական լեզվին”։ Ռ. Էլլիս, անգլիացի լեզվաբան։ (Աշոտ դպիր Արևշատյան. Արարչագործությունից մինչև երկրորդ Գալուստ։ Հատոր Ա։ 2015 էջ 304

«Այս զարմանալի ազգի միայն լեզվական գանձերը կարող են բանալի դառնալ՝ բացելու մարդկության մշակույթի և քաղաքակրթական գաղտնիքները»։ Նիկողայոս Մառ, ռուս հայագետ։ (Աշոտ դպիր Արևշատյան. Արարչագործությունից մինչև երկրորդ Գալուստ։ Հատոր Ա։ 2015, էջ 306):

Որպեսզի հանրությունը՝ նաև համաշխարհային, ճիշտ պատկերացում կազմի այս երևույթների վերաբերյալ, նպատակահարմար եմ համարում մի փոքրիկ պատմական հետհայացք ուղղել մարդկության անցյալին, որի հիմնական դերակատարներից էր Հայաստանը՝ հայ ժողովուրդը: Սա նաև առիթ է, որպեսզի մարդիկ ծանոթանան մեր համամարդկային մշակութաստեղծ արժեհամակարգին՝ մարդու նկատմամբ, նրա, արարման օրվանից սկսած Աստվածային պատվիրաններով առաջնորդվելու վերաբերմունքին:

Իտալիայում կանգնեցված է հուշարձան, որի վրա գրված է. «Իտալիան ազատագրվել է Ներսես Հայի շնորհիվ»։ Ո՞վ է Ներսես Հայը։ Նա պատմության մեջ հայտնի է նաև Ներսես Պատրիկ անունով, նա 6-րդ դարում Բյուզանդիայի փոխարքան էր կամ արխիստրատեգը՝ սպարապետը։ Ժամանակին, Բյուզանդիայում, որի բնակչության հիմնական մասը կազմում էին հույները և հայերը, ընդունված էր, որ եթե կայսրն ազգությամբ հույն է, ապա արխիստրատեգը պետք է լինի հայ, և հակառակը։ Հայտնի է, որ Բյուզանդիայում 22 հայ կայսր է եղել։ Ըստ էության Բյուզանդիան հունա-հայկական կայսրություն էր։

6-րդ դարում Բյուզանդիայի կայսրը Հուստինիանոսն էր, իսկ արխիստրատեգը՝ Ներսես Պատրիկը։ Այդ ժամանակ Իտալիան գրավել էին գոթերը և ավերում էին Հռոմը՝ հռոմեական մշակույթը։ Հուստինիանոսը զորք է տրամադրում իր արխիստրատեգին և հրահանգում Իտալիան ազատագրել։ Ներսես Հայը կազմակերպում է ռազմական ուժերի արշավը և ջախջախում գոթերին, և, ի պատիվ այդ հաղթանակի, կայսրը նրան նշանակում է Իտալիայի փոխարքա։

Հետաքրքիր է, որ երբ Ներսեսը ջախջախեց գոթական բանակը, հռոմեացիները պահանջում էին խաչ հանել գոթերի ազնվականությանը։ Ներսեսը, սակայն, արգելում է։ Հռոմեացիները շատ են զարմանում, բայց քանի որ դա հաղթողի կամքն էր, ստիպված էին ենթարկվել։ Այնուհետև հռոմեացիները պահանջում են ստրկացնել գոթերին։ Ներսեսը նաև դա է արգելում, ավելին, հռոմեացիների զարմացած հայացքի ներքո իր բանակի պաշտպանությամբ գերեվարված գոթերին մի շարքով ուղարկում է իրենց հայրենիք։ Նա դրանով արտահայտում է հայկական մտածելակերպը՝ պարտված հակառակորդը այլևս թշնամի չէ  ու մարդասիրության աննախադեպ դաս տալիս Եվրոպային։

Նույն մտածելակերպը դրսևորվում է նաև հայկական էպոսում։ Սասունցի Դավիթը հաղթում է Մսրա զորքին և չի ստրկացնում նրանց, հարկ չի դնում նրանց վրա, այլ ուղղակի ասում է՝ դարձեք եկած ճանապարհով։ Էպոսի հերոսների վարքագիծը բյուրեղացված հայկական մտածելակերպն է։

Այսինքն, մեր մտածելակերպի ազդեցությունը Եվրոպայի վրա արդեն 6-րդ դարում հսկայական էր։ Նույն բանը նաև արցախյան պատերազմում էր. հայկական զորքերը մշտապես կանաչ միջանցք էին բացում, որ խաղաղ բնակչությունը կարողանա անվնաս դուրս գալ։

Պատմությանը հայտնի են դեպի Հնդկաստան մեր ցեղակիցների՝ արիացիների գաղթի վերաբերյալ տեղեկություններ:

Ինչպես վերևում արդեն մեջբերեցինք Էդուարդ Շուրեն «Մեծ իմացյալները» գրքում նշում է. երբ արիացիների առաջնորդ Րամը (կամ Րաման) գրավեց Հնդկաստանը, իր ժողովրդի ավանդույթները վերածեց օրենքների և հռչակեց ամբողջ Հնդկաստանում։

Առաջին և ամենակարևոր օրենքը հետևյալն էր. հաղթողներն ու պարտվողներն իրավահավասար են։ Սա բացառիկ դեպք էր։ Միայն հայերը կարող էին նման վեհանձնություն՝ ազնվականություն դրսևորել և չշեղվել Աստծո օրենքներից։ Այս ոսկե օրենքը մեր պատմության ուղեցույցն է եղել հազարամյակներ շարունակ:

Վառ օրինակ է Տիգրան Երկրորդ Մեծը: Տիգրան Մեծը տարածքներ գրավելիս ծանր հարկեր չէր դնում։ Նույնիսկ շատ ժողովուրդներ ու ազգեր իրենք էին խնդրում Տիգրան Մեծ արքային, որ իրենց վերցնի իր հպատակության ներքո, որովհետև շատ մարդասիրական օրենքներ էր հաստատում։

Մենք աշխարհին հազարամյակներ առաջ ենք ցույց տվել, սկսած Հայկ Նահապետից, երբ հաղթեց Բելին, նրա զորքին չգերեվարեց, այլ թույլ տվեց, որ վերադառնան իրենց երկրները: Այո, հազարամյակների ընթացքում մենք աշխարհում հաստատել ենք, որ հաղթողի և պարտվողի միջև իրավահավասարությունը տիպիկ հայկական մտածելակերպ է, և որը պահպանել ենք առ այսօր և որի հիման վրա վերջին հարյուրամյակում ստեղծվել են միջազգային օրենքներ՝ կոնվենցիաներ, պատերազմների ժամանակ պաշտպանելու ռազմագերիներին, խաղաղ բնակչությանը։ Նույնը անում էինք նաև արցախյան առաջին պատերազմում և այդպես շարունակվելու է հետագայում:

Հայկական մշակույթի անբաժանելի մաս է կազմում ժողովրդավարությունը, որը հայոց իրականության մեջ հազարամյակների պատմություն ունի։

Ընդունված է ասել, որ ժողովրդավարությունը ծագել է Հունաստանում, մինչդեռ ժողովրդավարությունը տիպիկ հայկական մտածելակերպ է. Աստծու կողմից մարդուն տրված ազատ կամարտահայտման եզակի միջոց։

Շումերական էպոսում Շումերի Գիլգամեշ արքան որոշում է անմահություն ստանալ։ Նրան հիշեցնում են, որ կա մի երկիր՝ իրենց նախնիների երկիրը, որտեղ մարդիկ գիտեն անմահության գաղտնիքը։ Այդ երկիրը կոչվում է Արատա, որը նշանակում է սուրբ օրենքների երկիր, աստվածների հավաքատեղի։ Գիլգամեշը, անմահություն ստանալու համար, Շումերից ճանապարհ է ընկնում դեպի Արատա։ Էպոսում նկարագրվում է ճանապարհը. Շումերից դեպի Հայաստան։ Ընդ որում, ասվում է նաև, որ նրան հյուրասիրում են գարեջրով։ Հնագույն աղբյուրներից հայտնի է, որ գարեջուր առաջինը պատրաստել են հայերը։ Նկատենք, որ Գիլգամեշի մասին էպոսը գրվել է մ.թ.ա. 2800 թվականներին։ Գիլգամեշը, վերադառնալով, հիացմունքով պատմում է այդ երկրի մասին։ Ըստ Գիլգամեշի՝ արքան Արատայում ընտրվում է չորս տարով։ Նա բացարձակ իշխանություն չունի։ Նրա իշխանությունը սահմանափակում է ծերակույտը, և երբ վիճելի հարց է առաջանում արքայի և ծերակույտի միջև, ապա այն դրվում է համաժողովրդական հարցման։ Ընդ որում, քվեարկում են միայն տղամարդիկ, այն էլ՝ ոչ բոլորը, այլ ընտանիք ունեցող տղամարդիկ։

Այսպիսին էր ժողովրդավարական բարքերը հին Հայաստանում, ներկա հասկացություններով բացարձակ ժողովրդավարություն՝ մարդու կամքի ազատ արտահայտման բացառիկ դրսևորում և պատասխանատվություն ստանձնելու եզակի դրսևորում։

Քրիստոնեությունը և արիականությունը

Հիսուս Քրիստոսը մարդկությանը բերեց Աստվածային բարի լուրը, երկրի վրա ապրել Աստծու պատգամներով՝ առաջին հերթին սիրով։ Աստված մեզ ցույց տվեց լինել ազնվական և արի։

Քանի որ արիականությունը աստվածային պարգև է, հետևաբար, քրիստոնեական ուսմունքում արի լինելը դա Աստծու շնորհն է, ինչպես առաքյալն է ասում.

“Բ ՏԻՄՈԹԷՈՍ 1: 6 Ուստի յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տուի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրայ, 7 որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան։“, հետևաբար, քրիստոնեությունը վախկոտների կրոն չէ այլ արիների։

Գաղատացիներ 3. 26 քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս։ 27 Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք.

Գաղատացիներ 4. 6Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, …
Եթե որդի ենք, ապա եւ ժառանգ Աստծու, ուրեմն և ազնվական ենք ըստ աստվածային ծագման։

Մեր Տէր Հիսուս Քրիստոսը, ինչպես ինքն է ասում. չեկա ջնջելու անցյալը, այլ լրացնելու այն։ Եվ Աստված լրացրեց օրենքը սիրո օրենքով՝ պատգամով, ամեն ինչի հիմքում դնելով սերը։ Սերը, առաջին հերթին Աստծու նկատմամբ, այնուհետև հարազատների, ընկերների և այլն։ Իսկ ինչ է սերը, եթե ոչ ազնվական դրսևորում։ Իսկ ով կարող է սիրել անմնացորդ Աստծուն և այլոց, բնականաբար ազնվականը, որը առաջնորդվում է աստվածային պատգամներով։ Մարդը, որը չի ապրում աստծու պատվիրաններով, երկյուղ չունի Աստծուց, նա չի կարող լինել ազնվական, արի։

Այսպիսով, հաստատակամորեն կարող ենք պնդել մեր նախնիների հավատարմությունը փոխանցվող ավանդույթներին՝ հայ ժողովրդի Աստծուն հավատարիմ մնալու և Աստծու պատգամներով առաջնորդվելու հազարավոր տարիների ընթացքը, որը յուրահատուկ է միայն ազնվական և արի ազգին, որպիսին է հայ ազգը։

Արիական առանցքի երթուղիները

Ինչպես արդեն վերևում նշեցինք հայկական բարձրավանդակից բազմացած ժողովուրդը սկսում է տեղաշարժվել մի քանի ուղղություններով։ Դա անվանենք արիացիների տեղաշարժ դեպի ինչպես հարևան, այնպես էլ հեռավոր տարածքներ։ Գիտական հետազոտությունները ոչ երկիմաստ ապացուցում են այդ տեղաշարժերը և գնահատում որպես հայկական(արիական) մշակույթի տարածում։

Ներկայումս մարդկությունը մտնում է պատմական նոր փուլ, որը բնորոշելու է ապագա հարյուրամյակների մարդկության՝ ազգերի ընթացքը։ Սկսվելու է արիացիների որոշիչ ժամանակաշրջանը, քանի որ գերիշխելու աստվածային օրենքների գերակայությունը։ Այդ նպատակով Հայաստանի դերակատարումը դառնում է առաջնային և կարևորագույն, որպես Աստծո ընտրյալ ազգ, որպես հայկական բարձրավանդակի տեր, որպես աստվածային օրենքներով և պատգամներով առաջնորդվող։

Արիական առանցքի նյութականացման արտահայտությունն է դառնալու առանցքի երկրների ճանապարհների՝ երթուղիների անխափան աշխատանքի և անվտանգության ապահովումը։ Յուրաքնչյուր պետություն իր տարածքներում պատք է ի վիճակի լինի ապահովելու ոչ միայն ճանապարհների անվտանգությունը, այլև ստեղծելու և պահպանելու դրանց բարձր որակը և թողունակությունը՝ անցողունակությունը։

Արիական երթուղիները հետևյալներն են լինելու՝ երեք երթուղի՝ ավտոճանապարհ և երկաթգիծ.

Հնդկաստան-Պարսից ծոց-Իրան՝
-Հայաստան (Տրապիզոն) Սև ծով – Եվրոպա,
-Հայաստան-Հունաստան (Պոլիս) – ցամաքով՝ Եվրոպա,
-Հայաստան-Միջերկրական ծով- Եվրոպա։

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728