«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսի տարածած հաղորդագրության համաձայն այսօր փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիները, երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանում և կողմերի միջև աճող երկկողմ առևտուրը։
«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն և միասնական Սիրիային, որը չպետք է սպառնալիք հանդիսանա ԱՄՆ-ի, Թուրքիայի կամ տարածաշրջանի համար։ Պետքարտուղարն ընդգծել է Թուրքիայի առաջնորդությունը ԴԱԻՇ-ին դեմ պայքարում գլոբալ կոալիցիայում, Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու համատեղ ջանքերը և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ընդհանուր նպատակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ AP գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումը ԱՄՆ պետքարուղար Մարկո Ռուբիոյի հետ առաջին դեմ առ դեմ հանդիպումն է երկու պաշտոնյաների միջև:
Կարդացեք նաև
Ըստ գործակալության՝ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ հարցեր։
Թուրքական կողմը հայտնել է, որ պաշտոնյաները գնահատել են Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայում զարգացումները և ռուս-ուկրաինական պատերազմը։
Ֆիդանն ընդգծել է Գազայում մշտական հրադադարի անհրաժեշտությունը և կոչ արել կարգավորել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը՝ տարածաշրջանային խաղաղությանը հասնելու համար: Նա Ռուբիոյին տեղեկացրել է, թե «ինչ քայլեր կարող են ձեռնարկել տարածաշրջանի երկրները «Իսլամական պետության» դեմ պայքարում։