Լրահոս
Օրվա լրահոսը

Google-ը հարաժարվում է արհեստական բանականությունը ռազմական ու հետախուզական նպատակներով չօգտագործելու խոստումից. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 14,2025 23:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». Տեխնոլոգիական հսկան անցնում է ռազմական նպատակներով արհեստական բանականության զարգացման ծրագրերին։

Google-ը հայտարարել է, թե հրաժարվում է իր քաղաքականությունից, ըստ որի չի զբաղվելու ռազմական նպատակներով կիրառվող արհեստական բանականության մշակմամբ։

«Չարիք մի՛ գործիր» սկզբունքով հիմնադրված տեխնոլոգիական հսկան՝ Google-ը,

տարիներ շարունակ իր կայքում հրապարակում էր պարտավորություն, ըստ որի չի մշակելու սպառազինություն և այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարող են կիրառվել լրտեսման համար:

Սակայն անցած շաբաթ նշված պարտավորությունը հեռացվել է արհեստական բանականությանը վերաբերող ընկերության հայտարարած սկզբունքների բաժնից:

Google-ը, որի սեփականատեր-ընկերությունը, ինչպես հայտնի է, Alphabet-ն է, տակավին անպատասխան է թողել նշված փոփոխության վերաբերյալ հարցերը։

Փոխարենը Google-ի ղեկավարության կողմից վարվող բլոգում նշված է.

«Ընթանում է գլոբալ մրցակցություն արհեստական բանականության ոլորտում առաջնորդության համար՝ բարդացող աշխարհաքաղաքական լանդշաֆտի շրջանակներում: Կարծում ենք, որ ժողովրդավարական [երկրները] պետք է առաջ տանեն արհեստական բանականության զարգացումը»:

Որոշ դիտորդներ նման քայլը համարում են ապացույց, որ ընկերությունն այժմ բացահայտ կերպով առաջ է տանում իր մշակած և արհեստական բանականությանը վերաբերող տեխնոլոգիաները՝ այն ռազմական նպատակով օգտագործելու համար:

Այսօր արհեստական բանականությունն ավելի ու ավելի շատ է օգտագործվում մարտադաշտերում՝ Ուկրաինայից մինչև Գազա, և այդ ֆոնին՝ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ժամանակին հակված չէին, որպեսզի իրենց մշակած գործիքներն օգտագործվեն ռազմական նպատակներով, աստիճանաբար հետ են կանգնում նման մոտեցումից:

Ինչպես հայտնի է, Open AI-ը, Meta-ն և Anthropic-ը ունեն արհեստական բանականությանը վերաբերող նախագծեր ամերիկյան ռազմական ոլորտի ձեռնարկությունների, գործակալությունների հետ:

Արհեստական բանականությունը օգտագործվում է, օրինակ, անօդաչուների հարվածների թիրախները որոշելու համար, և որոշ դեպքերում այն վերածվում է լիովին ինքնավար զենքի:

Արհեստական բանականության ոլորտում առաջատար հետազոտող Ստյուարտ Ռասելը, որը դեմ է նման՝ ինքնավար սպառազինությանը, մասնակցում էր օրերս Փարիզում կայացած AI Action Summit-ին:

«Ուկրաինայում պատերազմի ընթացը գնալով ավելի շատ է ուղղորդվում հեռակառավարվող անօդաչուների կամ լիովին ինքնավար անօդաչուների կիրառմամբ: Սա արմատական փոփոխություն է: Բազմաթիվ ռազմական ստրատեգներ կարծում են, որ առանց նման հնարավորությունների, դուք պարզապես չեք կարող կռվել ժամանակակից պատերազմում»,- ասում է Ռասելը։

Google-ի կապը ամերիկյան ռազմուժի հետ նորություն չէ։ 2017 թվականին, չնայած ընկերության հայտարարած սկզբունքներին, այն օգնեց ստեղծել թիրախավորող համակարգ, որը կոչվում է Project Maven և նախատեսված էր ԱՄՆ պաշտպանության նախարարության համար:

Մեկ տարի անց, հազարավոր աշխատակիցների բողոքից հետո, Google-ը դադարեցրեց պայմանագիրը:

Քննադատների խոսքով՝ Project Nimbus-ը, որը ամպային հաշվողական ծառայություններ է մատուցում, արժեցել է 1,2 միլիարդ դոլար և Իսրայելի կառավարության պատվերով ստեղծվել է Google-ի ու Amazon-ի կողմից, օգտագործվել է Գազայում ռազմական գործողությունների ժամանակ՝ լրտեսման և թիրախավորման համար:

Ռասելի ու ոլորտի այլ ներկայացուցիչների համար Google-ի քաղաքականության փոփոխությունը մտահոգիչ է:

«Պատահական չէ, որ քաղաքականության այս փոփոխությունը գալիս է նոր [ամերիկյան] վարչակազմի հետ, որը չեղարկել է արհեստական բանականության վերաբերյալ բոլոր կանոնակարգերը, որոնք սահմանվել էին Բայդենի վարչակազմի կողմից, և այժմ մեծ ուշադրություն է դարձնում արհեստական բանականության օգտագործմանը ռազմական հզորության ամրապնդման համար»,- ասում է Ռասելը:

Ինչևէ, փաստն այն է, որ արհեստական բանականության արագ զարգացմանը զուգահեռ՝ աճում է կառավարությունների ու բիզնեսի անհանգստությունը, որպեսզի հետ չմնան մրցակիցներից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728