«Փետրվարի 20-ից առաջադրվում եմ Գյումրիի քաղաքապետի թեկնածու: Քարոզարշավ է լինելու մինչեւ մարտի 30-ը: Խնդրում եմ այդ օրերը ազատ թողնել, որպեսզի կարողանամ զբաղվել քարոզարշավով»,-այսօր Հակակոռուպցիոն դատարանում իր եւ իր հետ փոխկապակցված անձանց գործով դատական նիստում նախագահող դատավոր Մերի Մոսինյանին դիմեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Ամենայն հարգանքով ձեր քարոզարշավի նկատմամբ, բայց դա չի կարող հիմք հանդիսանալ դատական նիստեր չնշանակելու հետ կապված»,- արձանագրեց դատարանը եւ պայմանավորված նախապես համաձայնեցված աշխատաժամանակի սպառվելով՝ կողմերի հետ ճշտեց հաջորդ դատական նիստերի անցկացման օրերն ու ժամերը: Ըստ այդմ, հերթական դատական նիստերը կկայանան ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին, ապրիլի 25-ին, ժամը 12:00-ին, ապրիլի 30-ին, ժամը 11:00-ին եւ մայիսի 8-ին, ժամը 12:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ