Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։
Թատրոնում այս պահին ճամպրուկային տրամադրություն է․ մի քանի օրից աճեմյանցիները կմեկնեն օվկիանոսից այն կողմ ու ԱՄՆ-ում բնակվող հայ հանդիսատեսի դատին կներկայացնեն տարիներ շարունակ խաղացանկից դուրս չեկող՝ ամենապահանջված երիտասարդական ներկայացումներից մեկը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» և ճանաչված դերասանուհիներ Անահիտ Քոչարյանի, Սուսաննա Բաղդասարյանի մասնակցությամբ «Սիրո Քասթինգ» կատակերգությունը։
Չնայած անտառային հրդեհների պատճառով Կալիֆորնիայի հայաշատ բնակավայրերից մեկը՝ Փասադենիան մեծ վնասներ է կրել․ ամբողջությամբ այրվեց նաև «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը, այդուհանդերձ թատրոնի ստեղծագործական կազմի այցը չի չեղարկվել․ այն փոքր-ինչ հետաձգվեց։
Կարդացեք նաև
Աճեմյանցիները փետրվարի 21-ից սկսած՝ «AGBU PERFORMING ARTS CENTER» սրահում 4 ներկայացմամբ հանդես կգան։ Առաջին ներկայացման տոմսերն արդեն իսկ սպառված են։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց իրենց կատարելիք այցից։
«Գիտեք՝ այս տարի թատրոնի համար հոբելյանական է, թատրոնը պատրաստվում է մեծ շուքով նշել 160 ամյակը, ի սկզբանե որոշվեց, որ ամբողջ տարին է լինելու հոբելյանական, ոչ թե նշվելու է մեկ միջոցառմամբ։
Տարին սկսում ենք ԱՄՆ հյուրախաղերով, նորություն ասած չեմ լինի․ այսօր շատ դժվար է պետական թատրոնի համար մեծ հյուրախաղ իրականացնել ԱՄՆ-ում։ Ի ուրախություն մեզ՝ հրավերը ստացանք, թատրոնը մի քանի ամիս է նախապատրաստվում էր, ընտրվեց երկու ներկայացում՝ մեկը երիտասարդական, մեկը կատակերգություն, որի մեջ խաղում են Գյումրու թատրոնի երևելի դերասանուհիները՝ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, Սուսաննա Բաղդասարյանը, Դիանա Մացոյանը․ «Սիրո քասթինգ» լիրիկական կատակերգությունն է, որը կներկայացնենք մարտի 2-ին։
Իսկ մինչ այդ երիտասարդական ներկայացումն է․ թատրոնի երիտասարդ դերասան Արսեն Միքայելյանը և հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը կներկայացնեն «Երկնագույն շան աչքերը»։
Թատրոնի առաջին խումբը երկու օրից կմեկնի, մյուս խումբը կմիանա մեկ շաբաթից, մոտ 25 օր կտևեն հյուրախաղերը։ Նախնական արդեն երեք ներկայացում դրված են, եթե ամեն ինչ լավ ընթանա, ինչպես անցած անգամ՝ 2019 թվականին, երբ նախատեսված էր 3 ներկայացում, բայց 5-ը խաղացինք, այս անգամ էլ գուցե նույնը լինի»։
Մեր զրուցակիցը նշում է, որ հյուրախաղերի մեկնելը որքան էլ կարևոր լինի թատրոնի համար, հեշտ չէ, եթե չլինի աջակցություն։ Իսկ այս դեպքում, Լյուդվիգ Հարությունյանի տեղեկացմամբ, ԿԳՄՍ նախարարությունն, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամն է աջակցել։
«Հանդիպում ունեցանք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Անդրեասյանի հետ, լսեց խնդիրը ու անմիջապես իր պատրաստակամությունը հայտնեց մեզ աջակցելու։ Անչափ շնորհակալ եմ, որ Գյումրու թատրոնի կողքին է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, հիմնական աջակիցները նախարարությունն ու հիմնադրամն են, մնացած ծախսերը կհոգանք մենք և հրավիրող կողմը»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Թե ինչու է ընտրվել այդ երկու ներկայացումը, թատրոնի գեղարվեստական ղեկավարը պարզաբանում է, որ Գլենդելում բնակվում են մեծ թվով գյումրեցիներ, նրանք ցանկություն են հայտնել դիտել այնպիսի մի ներկայացում, որտեղ կխաղան իրենց սիրած դերասանուհիները։
«Մի մեծ սերունդ կա Գյումրիից Գլենդելում բնակվող, նրանք ճանաչում են Քոչարյան Անահիտին, Սուսաննա Բաղդասարյանին և կուզեին հենց իրենց մասնակցությամբ ներկայացում լիներ, դրա համար էլ ընտրվեց Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ «Սիրո Քասթինգ» կատակերգությունը՝ թեթև, ուրախ, ժամանցային։
Իսկ երկրորդը, բնականաբար, երիտասարդների համար է, որոնք մարկեսյան ոճի սիրահար են, սիրային ու ռոմանտիկ թեմայի կողմնակից են, դրա համար էլ ընտրվեց «Երկնագույն շան աչքերը»։ Զարմանալիորեն այս ներկայացումը մինչև հիմա խաղացանկում է, Հայաստանի տարբեր մարզերում խաղում ենք, շատ հաճախակի մայրաքաղաքում․ ամեն ամիս երկու անգամ Երևանում խաղում ենք։ Նաև շատերն են գալիս Գյումրի՝ այս ներկայացումը դիտելու ու միշտ լեփ-լեցուն է դահլիճը», -ասում է Լյուդվիգ Հարությունյանը։
Բացի այդ, ըստ գեղարվեստական ղեկավարի, թատրոնը վերջին շրջանում հանդես է գալիս մեծամասշտաբ ներկայացումներով, ամենափոքր ներկայացման մեջ անգամ մոտ 30 դերասաններ են ընդգրկված, դրա համար հյուրախաղերի համար ընտրել են ավելի փոքր ծավալի ներկայացումներ։
Լյուդվիգ Հարությունյանը նշում է, ինչպես 2019 թվականի հյուրախաղի ժամանակ, երբ ԱՄՆ-ում ներկայացրեցին «Հարսանիք թիկունքումը», այս անգամ էլ բեմի դեկորացիան ամբողջությամբ պատրաստվել է ԱՄՆ-ում՝ մասնագետների կողմից, թատրոնն իր հետ չի փոխադրում․ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ինքը մի անգամ մեկնել է ԱՄՆ։
Վերադառնալուց հետո թատրոնը կշարունակի իր հոբելյանական միջոցառումները․ մարտի վերջին, ապրիլի սկզբին թատրոնը կունենա երկու նոր առաջնախաղեր, երկուսն էլ նոր ռեժիսորների ձեռամբ՝ Հասմիկ Վիրաբյանի և Մերի Մարգարյանի։
Մերի Մարգարյանը կներկայացնի Ռեյ Բրեդբերի «Վանիլային պաղպաղակի գույնի հրաշալի կոստյումը», իսկ Հասմիկ Սուվարյանը Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին»։
Միջազգային թատերական փառատոնը, որը մշտապես անցկացվում է Գյումրիում, այս տարի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կկայանա սեպտեմբերին ու նվիրված կլինի թատրոնի 160-ամյակին։
«Թատերաշրջանը կբացվի մեծ շուքով՝ նոր ներկայացմամբ, դրա հետ մեկտեղ կլինի տասնօրյա միջազգային փառատոն, որը կիրականացնի հենց Գյումրու թատրոնը, եթե մինչ այդ հյուրընկալում էինք, ապա այս անգամ ամբողջ կազմակերպչական մասն իրականացնելու է Գյումրու թատրոնը։
Կարևոր իրադարձություններից է նաև այն, որ առաջիկայում թատրոնը պատրաստվում է մասնակցելու «Արտավազդ» մրցանակաբաշխությանը։ Որոշել ենք, որ այս տարի նոր ռեժիսորներ բեմադրություններ անեն՝ նոր դերասանների ընդգրկելով»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Լյուդվիգ Հարությունյանը նշում է՝ այս տարին հոբելյանական է ոչ միայն թատրոնի, այլ թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանի համար․ նրա 80-ամյակն է․ պատրաստվում են մեծ շուքով նշել։
«Փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Նիկոլայ Ծատուրյանի ներկայացումը՝ «Սիրո Քասթինգը», որը փետրվարի 25-ին պիտի ներկայացվի ԱՄՆ-ում, կխաղանք Ստանիսլավսկու անվան թատրոնում։ Այն նվիրվելու է իր հոբելյանին, հրավիրված են լինելու իր ընկերները, հարազատները։ Նիկոլայ Ծատուրյանն իր էությամբ այնպիսին է, որ չի սիրում երեկոներ, երբ ինքը կնստի աթոռին ու իր մասին կխոսեն, սիրում է, որ իր ներկայացումները խաղան, ստեղծագործող մարդու կամք է, որը մենք հարգում ենք։ Մի քանի առիթներ կունենանք պարոն Ծատուրյանի հոբելյանին անդրադառնալու։
Պատրաստվում ենք նաև ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանի հոբելյանական երեկոն նշել․ թատրոնը շատ է կարևորում իր արտիստներին»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը։
Նա նաև նշում է, որ անչափ գոհ է թատրոնի նորանշանակ տնօրեն Արամ Կարապետյանից, ճիշտ թեկնածու էին առաջադրել այդ պաշտոնում․ անցնցում կառավարում է։ Նոր տնօրենը ևս նոր ու կարևոր նախաձեռնություններ ունի, որոնք շուտով կհանրայնացնի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ