ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության խորհրդի ընդլայնված կազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներին:
Նախարարն իր մոտեցումներն է ներկայացրել ընդունված օրենքի և դրա ուղղությունների վերաբերյալ՝ շեշտելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը անընդհատ զարգացող է և պահանջում է ճկուն քաղաքականությունների որդեգրում՝ շուկայի փոփոխություններին համահունչ լինելու համար։ Այդ համատեքստում, նախարարի խոսքով, կարևոր է նաև համարձակ քայլերի գնալը։
Կառուցողական քննարկում է ծավալվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկի և գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների որակման մեխանիզմների շուրջ։ Նախարարը պարզաբանել է ՀՀ կառավարության կողմից փետրվարի 13-ին ընդունված որոշումը, որով սահմանվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը, որի շնորհիվ 32 ուղղությամբ գործող ընկերությունները կկարողանան օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։
Կարդացեք նաև
Քննարկվել է նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների որակման մեխանիզմը։ Ըստ ընդունված կարգի՝ կձևավորվի մասնագիտական հանձնաժողով, որը կսահմանի գիտահետազոտական և փորձարարական ծրագրերի չափանիշները և դրանց որակման կարգը։ Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու գիտահետազոտական աշխատանքները և նպաստելու ոլորտում գիտական հիմքի ամրապնդմանը
ՏՀՏ գործատուների միության ներկայացուցիչները նշել են առկա խնդիրները և առաջարկել են Միության աջակցությունը՝ Միության անդամ ընկերությունների մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խմբի հետ աշխատել կարգավորումների արդյունավետության մոնիտորինգի և բարելավման ուղղությամբ։ ՏՀՏ Միության ներկայացուցիչները ողջունել են նախարարության պատրաստակամությունը նպաստելու ոլորտի զարգացման ջանքերին՝ կարևորելով համագործակցության և փոխգործակցության դերը ոլորտի զարգացման գործում։ Նշվել է, որ Միությունն արդեն իսկ ձևավորել է աշխատանքային խումբ, որը պատրաստակամ է օժանդակել նախարարությանը ոլորտի օրենսդրական կարգավորումների կատարելագործման գործում։
Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ ՏՀՏ գործատուների միությունը միշտ աշխատում է կառուցողական մոտեցում ցուցաբերել նախարարության հետ աշխատելիս և բոլոր խնդիրները լուծել միասին։ Նա նաև առաջարկել է համատեղ իրականացնել տեղեկատվական արշավ՝ ընկերություններին օրենքի մանրամասներին ծանոթացնելու և նրանց մոտ առաջացած հարցերին պարզաբանումներ տալու համար։
Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ նախարարությունը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկների համար և պատրաստ է շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտի երկարատև և կայուն զարգացմանը։
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն