Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի փաստաբան. «Ո՞վ է այդքան միամիտ, որ հանցագործություն կատարի ու դրա մասին նախապես մամուլով հայտարարի»

Փետրվար 14,2025 19:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ ընթացող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց գրավոր ապացույցների հետազոտումը, որը ներկայացնում էր հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը: Այսօր հետազոտվեցին մի շարք գույքերի կադաստրային զննությունների արձանագրությունները:

Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս զննությունների մեջ մեկ էական հանգամանք կա: Կար մի գույք, որի գրանցումը կադաստրը չէր կատարել այն պատճառով, որ իր մոտ եղած էլեկտրոնային քարտեզով գույքի կատեգորիան այլ էր՝ գյուղատնտեսական արոտավայր: Դրանից բխում է, որ եթե Վարդան Ղուկասյանի համայնքապետ եղած ժամանակաշրջանում օտարված գույքերը 60-րդ հոդվածով սահմանափակումների մեջ էին ըստ Գյումրիի գլխավոր հատակագծի, ապա նույն տվյալը ուներ նաեւ Կադաստրային կոմիտեն: Այսինքն, եթե դրանք լինեին սահմանափակումների տակ, Կադաստրային կոմիտեն ուղղակի չպետք է գրանցեր այդ գույքերը: Եվ եթե այդ գույքերը գրանցել է, հետեւաբար, դրանց 60-րդ հոդվածի տակ լինելու մասին տեղեկություններ առհասարակ չեն եղել: Տեղեկացնեմ, որ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով կան որոշակի հողամասեր, որոնք օտարման ենթական չեն: Օրինակ, զբոսայգիներ, ճանապարհներ, պատմա-մշակութային արժեքներ եւ այլն:

Հիմա իմ պաշտպանյալին ասում են, թե ձեր համայնքապետ եղած ժամանակաշրջանում օտարված գույքը այդ 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից մեկի տակ է: Մենք էլ ասում ենք՝ եղբայր, ահա ձեզ ապացույց, որ Կադաստրային կոմիտեն մեկ գույքով գրանցում չի կատարել, որովհետեւ ասում է, որ բերել եք գույք, որը սահմանափակման տակ է: Իսկ մյուսները կատարել է: Հետեւաբար, Կադաստրային կոմիտեն էլ է գտել, որ դրանց հետ կապված սահմանափակումներ չկան: Հիմա հարց: Այդ ինչպե՞ս եղավ, որ Վարդան Ղուկասյանը հանցագործություն է կատարել:

Մի օրինակ էլ «ԱրցախԲանկ» ՓԲԸ-ի հետ կապված: Տվել են հատակագիծ, հետո տեսել, որ այդ հատակագիծը սխալ են տվել: Եվ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեփական նախաձեռնությամբ ինքը իր որոշումը վերացրել է, նոր հատակագիծ են տվել՝ նոր հատակագծով գրանցումը շարունակվել է: Այսինքն, ինքն է հայտնաբերել խախտումը ու ապօրինությունը կանխել:

Նիստի ընթացքում դուք լսեցիք նաեւ անուններ, որոնց հետ Վարդան Ղուկասյանն ընդհանրապես կապ չունի: Այսինքն, պարոն Ղուկասյանը պետք է այդքան հանցագործություններ կատարեր, որ իրեն անծանոթ մեկը գույքի՞ տիրանար:

Կամ այդ գույքերը իրենց հատակագծով Վարդան Ղուկասյանը, համայնքը թերթերով հրապարակել է: Աճուրդ է եղել, որպեսզի ով ցանկանա, մասնակցի, որպեսզի երեւա, թե ինչ գույք է, որտեղ է գտնվում: Մի նրբություն էլ. Գույքի մասին պատկան մարմիններին էլ են տեղյակ պահում, որ այն աճուրդային հանձնաժողովը հանել է վաճառքի: Այսինքն, պատկան մարմինները բացի թերթից, նաեւ ի պաշտոնե են տեղեկացված եղել, որ այս-այս գույքերը աճուրդով վաճառքի են հանվել: Եթե խնդիրներ լինեին, դրանք աճուրդի չէին հասնի միանշանակ: Ո՞վ է այդքան միամիտ, որ հանցագործություն կատարի ու դրա մասին նախապես հայտարարի:

Մենք միջնորդել էինք քննիչին, որպեսզի Վարդան Ղուկասյանի ղեկավարման բոլոր ժամանակաշրջանի աուդիտները, ստուգումները, արդյունքները բերեն, որ տեսնենք՝ այդ պատկան մարմինները ստուգել եւ ի՞նչ են հայտնաբերել, կամ ինչո՞ւ չեն հայտնաբերել: Քննիչը չի բերել, որովհետեւ պատկան մարմինների ստուգումներում ֆիքսվելու էր, որ ամբողջ գործընթացը եղել է օրինական: Ու հատկանշական է, որ հենց Վարդան Ղուկասյանի կառավարման տարիների իմ ասած  փաստաթղթերը համայնքապետարանում չեն պահպանվել: Իրենից հետո եղած քաղաքապետինը կա, իրենը՝ չկա: Ինչո՞ւ, ողջամիտ հարց չի՞ առաջանում՝ ինչո՞ւ»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728