«Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին, ես ուզում եմ մի քանի կոնկրետ շեշտադրումներ անել: Սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածում 4 ուղղությամբ խոսվում էր ադրբեջանական ագրեսիայի, Ադրբեջանի կողմից ագրեսոր մոտեցումներով լեցուն քաղաքականության, հռետորաբանության, Արեւմտյան Ադրբեջանի վերականգնման, որն ըստ Ալիեւի՝ Հայաստանի Հանրապետությունն է: Այս ուղղություններով Նիկոլ Փաշինյանն ինքն իր ձեռքով գրել է, որ նման սպառնալիքներ կան:
Եվ մենք տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանը որեւէ բան չի անում այդ սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, ընդամենը ջղաձգումներով ելույթներ է ունենում: Այս իշխանությունները փորձում են կրկին ինչ-որ մեղավորներ փնտրել, մարդկանց անհարկի մեղադրել՝ իրենց սեփական սխալները, բացթողումները բարդելով այլոց վրա»,- «Հայելի» ակումբում նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը մի քանի փաստեր բերեց Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ մյուսների խոսույթից ու հակաթեզեր ներկայացրեց . «Եթե ասում եմ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյաններին էլ նկատի ունեմ, քանի որ նրանք ինձ համար միանման են…Ալեն Սիմոնյանն արցախցի լրագրողին ասում էր ՝ պետք էր մնալ եւ կռվել: Սա նույն Ալեն Սիմոնյանն է, որը դրանից կարճ ժամանակ առաջ, երբ որ մեր հայրենակիցների կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակվել էր, ասում էր՝ Լաչինի միջանցքի փակ լինելն ավելի վնաս է տալիս քաղաքական առումով Ադրբեջանին, քան Հայաստանին:
Հիմա հռետորական հարց է առաջանում՝եթե վնաս էր տալիս Ադրբեջանին, եւ դուք փափուկ բարձ էիք դնում մեր հայրենակիցների գլխի տակ, ինչու այդ ժամանակ չէիք ասում՝ ժողովուրդ ջան, միակ այլընտրանքը կռիվ անելն է: Ինչու էիք տարիներ շարունակ այդ հռետորաբանությունը որդեգրել՝ զիջելու, պարտվողական քաղաքականությունը վարելու, նոր տարածքներ տալու եւ վերջում Արցախը սկուտեղով Ադրբեջանին հանձնելու, ու այդ քաղաքականության ներքո մեր հայրենակիցներին ցեղասպանության շեմին հասցնելու եւ էթնիկ զտման տանելու արդյունքում ունենալ հազարավոր զոհեր տալու, Արցախի ամբողջական հայաթափում անելու: 3000 տարվա պատմության մեջ հայը նման բան չի տեսել, որ Արցախում այլեւս հայ չմնա: Սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքն է:
Կարդացեք նաև
Իհարկե, Նիկոլ Փաշինյանը փորձում է կեղծ թեզեր շրջանառել, բայց նրա մոտ դա չի ստացվի, որովհետեւ մենք բացահայտելու ենք իրականությունը եւ խոսելու ենք ճշմարտության մասին»:
Հենրիխ Դանիելյանի խոսքով. «ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ արդյոք Արցախում կար զենք, ասում է ՝անթիվ, անհամար զենքեր կային Հայաստանի Հանրապետության կողմից թողնված: Ալեն Սիոմնյանն էլ է լրագրողի հարցին պատասխանել եւ ասել է՝ մեծաքանակ զենք էր թողնված, թող կռվեին: Հիշեցնեմ, որ նույն Ալեն Սիմոնյանները տարիներ առաջ հայտարարում էին, որ Հայաստանի Հանրապետությունը զենք չի ունեցել, բանակ չի ունեցել, սպառազինություն չի ունեցել, իսկ այսօր ասում են՝ մենք ձեզ զենք ենք տվել, այն էլ մեծ քանակությամբ: Սրանց այսօրվա խոսքը երեկվա խոսքին հակասում է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ