Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի ունենանք գիտական ​​առաջընթացին նպաստող միջավայր. Բրյուս Պողոսյան

Փետրվար 14,2025 17:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սույն թվականի փետրվարի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» թեմայով համաժողովը, որը կազմակերպել է «Գիտուժ» նախաձեռնությունը։

Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները` տեխնոլոգիաների և ֆորմալ, բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ստեղծած արդյունքների միջոցով։

Համաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը։ «Գիտուժը շատ կառուցողական կերպով համախմբել է կառավարությանը,  ակադեմիային, մասնավոր ոլորտին՝ ամուր գիտական ​​էկոհամակարգ ստեղծելու նպատակով։ Հայաստանը չունի այդ շքեղությունը՝ ժամանակը, և պետք է արագ դառնա անվտանգ, գիտելիքի վրա հիմնված երկիր։ 21-րդ դարում սա ազգային գոյատևման և զարգացման միակ ճանապարհն է։ Մեզ անհրաժեշտ են բարձրակարգ գիտնականներ և ինժեներներ՝ զինված նորագույն գիտելիքներով։ Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի ունենանք գիտական ​​առաջընթացին նպաստող միջավայր», – ասաց Բրյուս Պողոսյանը։

Համաժողովի առաջին օրվա թեմաները նվիրված էին հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտին։ Հայաստանի մարտահրավերները և զարգացման տեսլականը քննարկեցին Մյունստերի համալսարանի, Մաննհայմի եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի, Հայկական տնտեսագիտական միության պրոֆեսոր Զարեհ Ասատրյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հրանուշ Խառատյանը,  հայերենագետ (Վանաձոր-Լեյդեն-Վյուրցբուրգ) Հրաչ Մարտիրոսյանը,  պատմաբան-ցեղասպանագետ (ՀՑԹԻ, ՀԱՀ, ԵՊՀ) Սուրեն Մանուկյանը, ՀԱՀ Հայ մատենագիտութեան թուանշային գրադարանի գիտական ղեկավար, մատենագետ Մերուժան Կարապետյանը։

«Մենք չունենք հստակ ձևակերպում՝ որոնք են մեր առաջնահերթությունները։ Մեր գիտնականներն՝ իրենք, են որոշում առաջնահերթությունները, իսկ դրանք այսօր հաճախ դառնում են քաղաքական կյանքի թելադրանքով ստեղծված իրավիճակի վերլուծություններ», – ասաց Հրանուշ Խառատյանը։

«Պետությունը չի ձևակերպել պատվեր և այդ պայմաններում մեզանից ինչ-որ բան է ակնկալում, քննադատում գիտնականներին այն դեպքում, երբ համապարփակ ռազմավարություն չի մշակել, թե դեպի ուր պետք է  շարժվի մեր հասարակագիտությունը։ Պետության և գիտնականների մտքի միջև խզում կա։ Ես կցանկանայի ավելի ամուր տեսնել այդ կապը՝ պետություն և գիտական համայնք», – նշեց Սուրեն Մանուկյանը։

Հրաչ Մարտիրոսյանը կարևորեց Հայաստանի ներսում քննադատական մտքի զարգացումը և գիտական արդյունքների միջազգայնացումը։ «Գիտական ուսումնասիրությունները պետք է միջազգային լեզվով սփռվեն աշխարհով և ծառայեն ակադեմիական և գոյութենական մարտահրավերներին», –  նշեց Հրաչ Մարտիրոսյանը։

Զարեհ Ասատրյանը շեշտեց գիտնականներին երկրում պահելու, նաև հանրային քննարկման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը․  «Խորը քննարկումները կբերեն նրան, որ հասարակությունը կձևավորի միասնություն շատ դժվար բարեփոխումների շուրջ, և պետությունը խթան կունենա ավելի խորը մտածելու»։

Խոսնակները նաև քննարկեցին հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում կիրառականության խնդիրները։ Իսկ գիտական քաղաքականության հարցերը քննարկեցին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տվյալների հավաքագրման և վերլուծությունների բաժնի պետ Սմբատ Հակոբյանը, ԵՊՀ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, ԵՊՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Մանուսյանը,  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

Միջազգայնացման հարցերը քննարկեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀԱՀ դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանը,  ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, ՀԱՀ դասախոս Նարեկ Սուքիասյանը։

Մտքի կենտրոնների գործունեությանն անդրադարձան «ԱՊՐԻ Արմենիա»-ի հաղորդակցության հարցերով ղեկավար Գրետա Ավետիսյանը, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող, ԵՊՀ դասախոս Աննա Գևորգյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը,  Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Հայկ Քոչարյանը։

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն փետրվարի 15-ին։ Կքննարկվեն ֆորմալ և բնական գիտությունների և տեխնոլոգիայի ոլորտները, դրանց ռազմավարական նպատակները և իրականացման ճանապարհները, ինստիտուտների, համալսարանների և մասնավոր հատվածի դերը, պաշտպանական անվտանգության հարցեր։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728