Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է՝ կառավարության սոցիալական բլոկի պատասխանատուն հատուկ է անում, որ տեղահանված արցախցիների բնակապահովման հարցը լուծում չստանա»

Փետրվար 14,2025 17:35

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունները։ Մասնավորապես, ըստ այդմ, սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն։


Արցախցիները, սակայն, շարունակում են պնդել, որ կառավարության ծրագիրն ամբողջությամբ չի լուծում իրենց խնդիրները։

«Մեր կողմից բազմաթիվ անգամներ ներկայացված բոլոր առաջարկներում եղել է այն, որ պետք է լինի բազային գումարի ընդհանուր վերանայում` անկախ բնակավայրերից, ինչը տրամաբանական է, բարոյական է և բխում է ընդհանուր բոլոր տեղահանվածների կարիքներից։ Սակայն նոր ընդունված որոշումով 1 մլն դրամով ավելանում է միայն 295 բնակավայր` դառնալով 4 մլն դրամ՝ մեկ անձին տրվող։ Այս բնակավայրերում բնակվում են տեղահանվածների միայն 30 տոկոսը, պլյուս 10 տոկոս հավանական ավելացում ներքին տեղաշարժի արդյունքում ստացվում է, որ ծրագրով բարելավում է կատարվում առավելագույնը 40 տոկոսի համար։ Հաշվի առնելով, որ տեղահանվածների մինչև 15 տոկոսն ունեն բնակարան կամ տուն Երևանում կամ նրա հարակից տարածքներում, ապա ստանում ենք 45 տոկոս տեղահանված անձինք, ում այս փոփոխությունը վերաբերելի չէ։ Հաշվի չի առնվել նաև մինչև 3 հոգանոց ընտանիքի կազմ ունեցողների խնդիրը, որը կազմում է ընդհանուր տեղահանվածների 20 տոկոսը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի գործիչ Լիաննա Պետրոսյանը։

Լիաննա Պետրոսյան

«Առավոտի» հետ զրույցում Լիաննա Պետրոսյանն ասաց, որ եթե գնահատենք այս ծրագրի ֆինանսական բաղադրիչը, ապա այս փոփոխությունները տեղահանվածների 40 տոկոսի համար են բարելավում ենթադրում։ Նրա խոսքով՝ տեղահանվածների մոտ 70 տոկոսը, ըստ պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալների, կենտրոնացած են Երեւանում եւ հարակից բնակավայրերում։ «Այսինքն՝ այդ 3 մլն դրամը, որը դառնալու է 4 մլն դրամ, չի տարածվելու այն ընտանիքների վրա, ովքեր նախընտրում են շարունակել ապրել Երեւանում ու երեւանամերձ բնակավայրերում, օրինակ, Մասիսի, Աբովյանի տարածաշրջանում, որտեղ հիմնականում կենտրոնացված են տեղահանվածները»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն այսքան ձգձգվում է եւ արդյունք չի տալիս այն պատճառով, որ ծրագիրը գրվել է, որից հետո միայն սկսել են քննարկել խնդիրները։ Այսինքն՝ ի սկզբանե համապարփակ վերլուծություն չի կատարվել, որ հնարավոր է այսպիսի խնդիրներ ի հայտ գան։ «Արագացված կարգով ընդունվել է ծրագիրը, որը, ցավոք սրտի, տեղահանվածների համար չի կարելի գնահատել որպես երկարաժամկետ կարիքի ապահովում։ Եվ արդյունքում ստացվում է, որ արդեն որերորդ անգամ իրենք փոփոխություն են անում։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարության սոցիալական բլոկի պատասխանատուն հատուկ այս մոտեցումն է ցուցաբերում, որպեսզի մշտապես այս խնդիրը լինի արդիական, եւ տեղահանվածների բնակապահովման հարցը լուծում չստանա»,- հավելեց Լիաննա Պետրոսյանը։

Արցախից բռնի տեղահանված անձինք սոցիալական ցանցերում իրենց վրդովմունքն են հայտնել կառավարության այս փոփոխությունների վերաբերյալ։ Ոմանք կոչ են անում բոյկոտել ու չօգտվել այս ծրագրից։ Լիաննա Պետրոսյանն ասաց, որ ի սկզբանե այդ տարբերակը եղել է, որ ծրագիրը պետք է ընդհանրապես բոյկոտել։ Եվ եթե այս պահին գոնե 100 իրացված հավաստագիր չկա, ինչը փաստում է պաշտոնական վիճակագրությունը, ստացվում է, որ մարդիկ բոյկոտում են ծրագիրը։

Հարցին, թե ի՞նչ քայլեր կանեն, հնարավո՞ր է բողոքի ցույցեր անեն՝ հաշվի առնելով, որ նախկինում նման փորձեր եղել են, Լիաննա Պետրոսյանը պատասխանեց․ «Ոչինչ բացառել հնարավոր չէ, որովհետեւ մենք պարբերաբար ողջամիտ ժամկետներն օգտագործել ենք, որպեսզի քննարկումներ լինեն, տարբեր խմբերի, անհատների, հասարակական միավորումների կողմից լինում են առաջարկներ կառավարությանը, որպեսզի այս ծրագրին հիմնավոր ու նորմալ լուծում տան։ Բայց արդյունքում ստացվում է, որ կառավարությունն ամեն անգամ վերանայում է ծրագիրը, եւ այդ վերանայված տարբերակը նորից չի արդարացնում բոլոր տեղահանվածների պահանջները»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728