Ադրբեջանական «Baku TV»-ն ռեպորտաժ է պատրաստել փետրվարի 13-ին կայացած՝ Ռուբեն Վարդանյանի հերթական կեղծ դատավարության և նրան ներկայացվող անհեթեթ մեղադրանքների մասին: Ի թիվս այլ մեղադրանքների՝ հայ բարերարը մեղադրվում է Բաքվի կողմից ահաբեկչական հռչակված ՈՄԱ ՌՀԿ-ին ֆինանսավորելու մեջ:
ՈՄԱ ՌՀԿ-ի հիմնադիր նախագահ Վովա Վարտանովն անդրադարձել է հնչած մեղադրանքներին՝ պաշտոնապես հերքելով Բաքվի հերթական ցնդաբանությունը:
ՈՄԱ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործը շինծու է, որը պետք է դիտարկել թուրք ջարդարար, բռնապետ Ալիևի ու հայության միջև եղած հակամարտության կոնտեքստում:
Հիշեցնենք, որ Բաքվում ժամանակին ձերբակալվել և արտաքսվել է 7-8 տարեկան ազգությամբ հայ երեխա, ձերբակալվել և մինչ օրս պահվում է հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի, որն անգամ հայերեն խոսել չգիտեր և Բաքու էր եկել զուտ բիզնես նպատակով:
Կարդացեք նաև
ՈՄԱ-ն, երբեք չլինելով ահաբեկչական կառույց, երբևէ չահաբեկելով ոչ մեկին՝ ի տարբերություն Բաքվի Հանրապետության ահաբեկիչ դիկտատոր Իլհամ Ալիևի, երբեք իրեն թույլ չի տվել ահաբեկչական հայտարարություն անել՝ քաջ գիտակցելով, թե թուրքերի հատուկ ծառայություններն ինչքան ուշադիր են հետևում ազգ-բանակ հայեցակարգի ջատագով կառույցների ոչ միայն գործունեությանը, այլև հայտարարություններին:
Բաքվի Հանրապետության բռնապետի շահերը սպասարկող կառույցները քաջ գիտակցում են, որ միայն Հայաստանում ձևավորված ազգ-բանակն է ի վիճակի կանգնեցնելու Բաքվի բռնապետին, ուստի նման կառույցների դեմ պայքարը շարունակվում է նաև անուղղակիորեն, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի շինծու դատի միջոցով:
Ինչ վերաբերում է ՈՄԱ-ի հետ Ռուբեն Վարդանյանի կապին, ապա հարկ է նշել, որ Ռուբեն Վարդանյանը մեկ անգամ մասնակցել է կուրսանտների համար ՈՄԱ-ի կազմակերպած գոյատևման դասընթացին, որի էությունը հետևյալն էր. մասնակիցները պետք է անտառային պայմաններում կրակ վառեին, կենցաղ ապահովեին, բուժպատրաստություն անցնեին, ալպինիզմով զբաղվեին, այսինքն՝ դասընթացի նպատակը զուտ կենսունակությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ տալն էր: Ընդ որում՝ Ռուբեն Վարդանյանը, հավատարիմ մնալով զենք չբռնելու իր պացիֆիստական գաղափարին, նախապես ճշտել էր դասընթացի բնույթը և ընտրել հենց այն հավաքը, որը միտված էր ընդամենը գոյատևման ունակությունների ձեռքբերմանը: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ֆինանսական միջոցներ հատկացնելուն, Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն, նա պարզապես վճարել է հիշյալ դասընթացի շրջանակում իր կենցաղն ապահովելու համար անհրաժեշտ գումարը՝ մոտ 100.000 դրամ:
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին առաջադրված անհեթեթ մեղադրանքներին, ապա հայտնի մեկենաս, մարդասեր, «Ավրորայի» հիմնադիր-ղեկավարին ահաբեկիչների սպասարկող հայտարարելը չափազանց է: Ռուբեն Վարդանյանի դատն ինքնին անմարդկային է և ուղղված է ոչ միայն հայերի դեմ, այլև ամբողջ մարդկության: Թեպետ զարմանալի չէ, քանի որ ՀՀ-ի ու հայ ազգի դեմ թուրքերի պայքարը երբևէ չափ ու սահման չի ճանաչել, և այս դատավարությունը դրա վառ ապացույցն է:
ՈՄԱ՝ Ողջ մնալու արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն