«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներն այսօր տրանսպորտի նոր սակագները բոյկոտելու իրազեկման ցույցերի շրջանակում այցելել են բուհեր, զրուցել ուսանողների հետ:
Ավագանու անդամ Սամվել Հակոբյանը լրագրողներին ասաց, որ բոյկոտը հաջողվել է, բայց ունեն բոյկոտի տեմպը պահելու խնդիր. «Անընդհատ ստանում ենք տեղեկատվություն, որ վարորդները սկսել են իրենց ագրեսիվ պահել, մեքենաները կանգնեցնում են, մարդկանց սադրում են կոնֆլիկտների: Կոստանյան Հայկը խոսել է, որ անթույլատրելի է, որ քաղաքացիները գնում են ագրեսիայի, բայց լավ կլիներ, որ ինքը լիներ օբյեկտիվ: Օրինակ` վարորդը իրավունք չունի մեքենան կանգնեցնի, ասի՝ մեքենան չեմ վարելու, սպասեք՝ հեսա քաղաքապետի աշխատողները կգան, ձեզ կասեն՝ որը, որից հետո է: Մաշտոցում ունենք այդպիսի դեպք»:
Կարդացեք նաև
Ավագանու անդամն ասաց, որ տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ ուսանողների դրական վերաբերմունքն են այսօր արձանագրել բուհերում ու հավելեց, որ ուսանողները պետք է չմոռանան, որ այս գործընթացի շարժիչ ուժը իրենք պետք է լինեն. «Մենք կոչ չենք անում օրենք խախտել, կոչ ենք անում այս տարիքից լինել իրազեկված ու պաշտպանել ձեր իրավունքները: Սա այն տարիքն է, որ յուրաքանչյուր տղա ու աղջիկ որոշում է՝ ինքն իր կյանքում լինելու է ասող, թե լսող»:
Սամվել Հակոբյանը քաղաքացիներին հորդորեց չտրվել մանիպուլյացիաների, թե ինչպիսի լավություն են քաղաքային իշխանություններն արել, որ գազելները փոխարինել են ավտոբուսներով. «Այդ ավտոբուսները վերցրել են վարկերով, իսկ այդ վարկերի համավարկառուները դուք եք, ձեր ծնողները»:
Ավագանու անդամ Արշակ Սարգսյանն էլ անդրադառնալով այսօր քաղաքային իշխանությունների կողմից հայտնած տեղեկությանը, թե ուղեւորները վիճաբանության ժամանակ բռնության են ենթարկել երկու ավտոբուսի վարորդի նկատմամբ, ասաց, որ վարորդների 99 տոկոսը ըմբռնումով է վերաբերում բոյկոտին: Ըստ նրա՝ սակայն կան մեկ- երկու վարորդ, որոնք փորձում են բոլոր վարորդների անունն ու պատիվը նսեմացնել: Նա ասաց, որ քաղաքացիներն իրեն պատմել են, որ եղել է վարորդ, որը լկտիաբար է խոսել քաղաքացիների հետ, եղել է դեպք նաեւ, որ վարորդը նույնիսկ ավագանու անդամների հետ է փորձել վատ պահելաձեւ դրսեւորել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ