«Ապառաժ». 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված՝ ԱԱԾ հատուկջոկատային Ռաֆիկ Հարությունյանի կինը՝ Անահիտը, երկու անչափահաս երեխաների հետ Երևան քաղաքում է հաստատվել։ Բռնատեղահանվելուց հետո տարբեր դասընթացների է մասնակցել, հաշվապահություն ու SMM նորօրյա մասնագիտություններում է հմտացել, բիզնես—դասընթացների հաճախել։ Անահիտն այսօր իր փոքրիկ բիզնեսն ունի։ Նա սվորովսկի և այլ քարերով տարբեր իրեր է զարդարում, դրանց նոր ոճ ու յուրահատկություն հաղորդում և վաճառքի հանում։ Արդեն պատվիրատուներ ունի, բիզնեսը կամաց—կանաց առաջ է շարժվում, սակայն այս պահին զոհվածի կնոջ մտահոգությունները բոլորովին այլ ուղղությամբ են։
Անահիտը չի կարողանում թաքցնել ցավն ու վիրավորանքը
-Ամուսինս ապրիլյան քառօրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից էր։ Նա 2022 թվականից ծառայության է անցել Արցախի հատուկ նշանակության վարչությունում։ 2022-ի սեպտեմբերին ջոկատի տղաների հետ մասնակցել է Ջերմուկի մարտական գործողություններին։ Վերջին օրերին, և ոչ միայն, լսվում են արտահայտություններ, որ արցախցին չի կռվել։
Ինչպես կարող են մարդիկ նման բան ասել, երբ ամեն ինչ ակնհայտ է։ Մի՞թե Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրն ու Երևանի Եռաբլուրը լուռ վկաները չեն մեր տղաների անձնազոհության։ Ռաֆիկը, երբ Ջերմուկում էր, մի անգամ զանգեց ու ասաց, որ տղաների հետ Մայր Հայաստանն են պաշտպանում․ դա իրենց սուրբ պարտականությունն է։ Հոգու խորքում հպարտանում էր, որ այնտեղ է․․․ Ափսոսում էր զոհերի համար․․․
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 19-ին Մարտակերտի շրջանի Կաշենի հանքի դիմաց, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Նոր Կարմիրավան գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում էր։ Երեք օրից պետք է հանձներ հերթապահությունը և տուն վերադառնար։ Ճակատագիրը, սակայն, բոլորովին այլ նախախնամություն ուներ։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին մոտ թշնամին հարձակվեց դիրքի վրա։ Մոտ մեկ ժամ տղաները կատաղի մարտ մղեցին անհավասար ուժերի դեմ։ Խմբի 9 հոգուց 6-ը զոհվեցին, որոնց մեջ էր Ռաֆիկը։ Միայն սեպտեմբերի 23-ին նրա մարմինը փոխանցվեց հայկական կողմին՝ ամբողջությամբ անճանաչելի դարձած։ Ծառայակից ընկերներն ասում են, որ նա մինչև վերջ կանգնել է մարտական դիրքում՝ զենքը ձեռքին։
Կարինե Բախշիյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: