Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվո՞ւմ է ՀՀ համապետական և համազգային շահ. ուսանողները հանրագիր են ուղղել ՀՀ նախագահին

Փետրվար 14,2025 16:06

Հայաստանի տարբեր բուհերի մի խումբ ուսանողներ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ Նախագահին: Քանի որ վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հակասական մեկնաբանություններ են անում Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, երիտասարդները հանրագրով նախագահից պահանջում են թվարկել այն համապետական եւ համազգային շահերը, որոնցով նա առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս, հստակեցնել՝ արդյոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվո՞ւմ է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է նախաձեռնության անդամներից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Հակոբ Կուրեղյանի հետ:

«Նախաձեռնությունը ծնվել է այն բանից հետո, երբ իշխանության որոշ ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես իրենց կողմից հնչեցվող հանրային խոսքում բավականին մտահոգիչ եւ անընդունելի հայտարարություններ եւ ձեւակերպումներ հնչեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ՀՀ ցանկացած քաղաքացու մոտ միանշանակ պետք է որոշակի հարցեր ու մտահոգություններ առաջանային դրանից հետո: Այդ քաղաքացիների մեջ է նաեւ ուսանողության մի ստվար հատվածը:

Ինքնակազմակերպվելով, մեկը մյուսին փոխանցելով մտահոգությունները՝ գաղափար հղացանք, որ կարող ենք նաեւ որոշակի իրավական ընթացակարգի ձեռնամուխ լինել: Այդ քննարկումներին մասնակցող ուսանողների մեծամասնությունն իրավաբաններ են՝ տարբեր բուհերի, կուրսերի ուսանողներ եւ շրջանավարտներ: Որոշեցինք Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորված՝ հանրագիր ներկայացնելու հիմնական իրավունքի իրացման գործին ներգրավել: Այդպես կազմվեց հանրագիրը, որն ուղղված է ՀՀ նախագահին:

Ինչո՞ւ նախագահին, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ ՀՀ նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համազգային եւ համապետական շահերով: Իսկ Հայոց ցեղասպանության հարցն անմիջական առնչություն ունի մեր ազգային արժեքների, մեր գաղափարախոսության հետ, անգամ ՀՀ Անկախության հռչակագիրը, որից եւ բխում է մեր Սահմանադրությունը, եւս ամրագրում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է մեր համազգային նպատակներից մեկը եւ միջազգային քաղաքականության անբաժան տարրը լինի:

Այս համատեքստում, որպես համազգային շահերով առաջնորդվող պաշտոնյա՝ հենց ՀՀ նախագահն է, որ պետք է այս իրավիճակում արձագանքի, երբ հակասական եւ մտահոգիչ հայտարարություններ են հնչում հանրային խոսքում՝ ցեղասպանության հետ կապված: Այս տրամաբանությամբ էլ ներկայացվել է հանրագիրը: Դեռ սպասում ենք պատասխանին, ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով եւ կհրապարակվի համապատասխան հարթակում:

Թեման լայն արձագանք է ստացել տարբեր շրջանակներում, հանրային գործունեություն ծավալող անձինք եւս բավականին ողջունելի համարեցին ուսանողների այս նախաձեռնությունը, որը ցույց է տալիս մեր մտահոգությունը եւ պահանջատեր լինելու մեր սահմանադրական իրավունքների իրացումը՝ հանրագրի տեսքով»,- հավելեց Հակոբ Կուրեղյանը:

Մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքում անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային՝ թեական արտահայտություններով, մինչդեռ նրա հետ հանդիպման մասնակցածների մի մասը Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, եւ տասնյակ երկրներ արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Այդ պատմական ոճրագործությունը տեղի է ունեցել մեր հանդեպ, եւ մենք իրավունք չունենք որպես պետություն երբեւէ կասկածի տակ դնելու այդ ողբերգությունը, պատմական այդ իրողությունը: Հակառակ դեպքում մենք միջազգային հարթակներում կասկածի տակ ենք դնում մեր պետության վստահելիությունը, ինչն անընդունելի է: Կարծում եմ այս հարցին պետք չէ անդրադառնալ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից, սա նաեւ բարոյական, գաղափարական լուրջ հարց է, ազգապահպան նշանակություն ունեցող հարց է».

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728