Լրահոս
Օրվա լրահոսը

120 հազար արցախցիների իրավունքների պաշտպանության հարցով ՀՀ-ն ոչինչ չի անում․ Արթուր Սաքունցը քննադատում է Ալեն Սիմոնյանի մոտեցումը

Փետրվար 14,2025 14:34

44-օրյա պատերազմից եւ 2023 թվականին արցախցիների բռնի էթնիկ զտումից հետո, հայաստանյան օրակարգում չկա այդ ամենի վերաբերյալ այն հայեցակարգային մոտեցումը, որ տեղի է ունեցել ԼՂՀ ժողովրդ իրավունքների ոտնահարում․ այս մասին այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ «Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև» թեմայով հարցազրույցի ժամանակ։

Արցախցիների բռնի տեղահանումը, էթնիկ զտումը, որը պատերազմական հանցագործություններով է ուղեկցվել, ըստ իրավապաշտպանի, փոխարենը հենց իրավունքի տեսանկյունից ձեւակերպվի եւ մոտեցումները հենց դրա հիման վրա ձեւավորվեն՝ ուղղվելով հասցեատիրոջը, որն առաջին հերթին Ադրբեջանի ռեժիմն է եւ նրա ակնհայտ դաշնակիցը՝ ՌԴ-ն, որի խաղաղապահ զորախմբին փաստացի հանձնվեց Արցախի ժողովրդի անվտանգությունը, դառնում է ներքաղաքական բանավեճի մաս՝ մեղավորների փնտրտուքով։

Հիշեցնենք, օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փայլեց արցախցիների նկատմամբ ատելության խոսքի հերթական դրսեւորմամբ՝ մեղադրելով արցախցիներին, որ չեն կռվել իրենց հողի համար եւ չեն մնացել Արցախում։

«Քաղաքական կոմպոնենտը՝ ինչի հետեւանքով դա եղավ, մի կողմ, դրա մեջ ես չեմ էլ ուզում խորանալ, բայց նույնիսկ քաղաքական տեսակետից, եթե կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը զբաղվում էր կոնֆլիկտի կարգավորմամբ, հիմնական ասելիքը պետք է լինի ոչ թե մեղադրել մարդկանց՝ անկախ նրանից, եթե Հյուսիսային պողոտայում բնակարաններ են գնել, շենքեր են կառուցել․․․ խնդիրն այն է, որ առնվազն 120 հազար բնակչությունը, որոնց մեջ չնչին տոկոս են կազմել նման սեփականություն ունեցողները, մնացյալի իրավունքի պաշտպանության մասով մենք չենք տեսնում խոսույթ՝ կապ չունի ընդդիմություն, թե դիմություն։

Եթե խոսում են Ադրբեջանի ռեժիմի պատասխանատվության մասով եւ չեն խոսում ՌԴ-ի պատասխանատվության մասին, որը ուղղակի փաստաթղթով է ամրագրված եւ երկուստեք ուշադրություն չի դարձվում Կրեմլի տարբեր խոսնակների կողմից արված հայտարարություններին․․․ Ըստ էության, ՌԴ-ի աջակցությամբ Ադրբեջանը վերադարձրեցի իրեն այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը։ Եվ հարցեր չեն բարձրացվում, որ միջազգային քրեական դատարանում պետք է բարձրացնենք հարցեր՝ Ադրբեջանի դեմ, այդ պարագլուխների դեմ՝ ՊՆ, անվտանգություն եւ այն բոլոր մարդկանց, ովքեր ասում էին՝ ո՞վ էր ասում, որ խնդիրը ուժային մեթոդներով չի լուծվում, տեսա՞ք, որ լուծեցի։ Ընդ որում, ուժային մեթոդով ոչ միայն լուծեց, այլ հանգեցրեց այդպիսի տեղահանմանը, որը ոտնահարում է Մինսկի խմբի համանախագահության կողմից կոնֆլիկտի կարգավորման բոլոր ճանապարհները՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ուժի կիրառումից հրաժարվելու եւ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։ Փոխանակ սրա մասին խոսեն, սկսում են ներսում ինչ-որ մեղավորներ փնտրել, երբ ակնհայտ է, որ ուժերն անհավասար են եղել»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հակադարձելով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

Ըստ բանախոսի, եթե հիվանդությունը ճիշտ չես ախտորոշում, խուսափում ես ամբողջական եւ անկեղծ ախտորոշումից, սկսում ես այլ մանիպուլյացիաներով զբաղվել, սկսում ես փնտրտուքն արդեն քո ներսում, այո, դա հանգեցնում է պառակտման։ Նրա դիտարկմամբ՝ ներհայաստանյան օրակարգում խոսվում է ամեն ինչից, բայցի հիմնական խնդիրներից ու որ ավելի կարեւոր է՝ անելիքներից։

«Օրինակ, Ադրբեջանն ասում է, որ այսքան բնակչություն եղել է Հայաստանի տարածքում։ Հայաստանի կողմից պետք է նշվի, որ ենթադրենք՝ այսքան էլ բնակչություն եղել է Ադրբեջանի տարածքում, բայց փորձել հավասարեցնել խնդիրները, որոնք վերաբերում են ադրբեջանական բնակչությանը՝ Հայաստանի տարածքում եւ հայ բնակչությանը՝ Ադրբեջանի տարածքում՝ ԼՂ-ի հետ, դա ակնհայտ կեղծիք է, որովհետեւ ԼՂ-ն ինքը միավոր էր։ Բա ինչի՞ համար է Մինսկի խումբը ձեւավորվել։ Այն չի ձեւավորվել Ադրբեջանից հայերի արտաքսման եւ Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման հարցով, այլ հենց կոնֆլիկտի, որը ունի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հետ հարցեր, որոնք պետք է լուծվեն՝ միջազգային իրավական նորմերի եւ մարդու իրավունքների հիման վրա։

Իսկ Հայաստանից եւ Ադրբեջանից տեղահանությունները տեղի են ունեցել ԽՍՀՄ օրոք, այդ ամենի պատասխանատուն ԽՍՀՄ իշխանությունն է ու ոչ ոք այս մասին չի խոսում։ Ես չեմ հասկանում, երբ փորձում են լռել ԽՍՀՄ իշխանության, ՌԴ-ի պատասխանատվության մասին, մի մասն էլ կիսատ է ասում՝ միայն Ադրբեջանին մեղադրելով․․․Շուշիի ներքեւում վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորները դիմադիր կրակել էին անզեն քաղաքացիներին, որոնք վերանորոգում էին անում հենց ռուս զինվորների հսկողության ներքո․․․ռուս զինվորների անմիջական ներկայությամբ են մարդկանց՝ մեկին սպանել, երկուսին՝ վիրավորել․ այդ հարցով ՄԻԵԴ դիմում է ներկայացվել մեր աջակցությամբ, որում մեղավոր է ճանաչվել ոչ միայն ադրբեջանական կողմը, այլ անմիջական հսկողություն իրականացնող ռուս զինվորները, քրեական գործ հարուցեցին, հետո այն անհետեւանք մնաց․․․ սա է իրական մեխանիզմը, որի մասին չի խոսվում»,- ասաց Արթուր Սաքունցը։

Արդյունքում, ըստ նրա, բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմնական մեղավորների նկատմամբ քաղաքական, իրավական, դիվանագիտական միջոցներ չձեռնարկել, այլ փորձել խնդիրը ներքաղաքական գզվռտոցի հարց դարձնել, որտեղ դու ոչինչ չես շահում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արթուր Սաքունցը համամիտ է՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները քաղաքական ոչ կոռեկտ մոտեցում են եւ ընդգծված հակաարցախյան տրամադրություններ։ Նա հիշեցնում է՝ մարդուն իր ծագման վայրի հիմքով խտրական մոտեցումը, ատելության խոսքը, մարդու իրավունքի խախտում է․ «Եվ երբ դու նման մարդուն որպես թեկնածու ես ներկայացնում ԲԴԽ-ում, այսինքն, դու հաշիվ չես տալիս, որ անթույլատրելի է խտրական մտածելակերպով մարդուն առաջադրել ԲԴԽ-ում, նշանակում է՝ քեզ համար թույլատրելի է, որ նման մարդը առաջադրվի, սա անխուսափելի ասոցիացիա է առաջացրել»։

Երեկ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի  երկրորդ հայցն է ներկայացվել՝ Հաագայի դատարան, շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջով, մինչդեռ հայտնի է, որ Երեւանն ու Բաքուն բանակցում են միմյանց դեմ միջազգային հայցերը ետ կանչելու հարցով։

«Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, ճնշումներ կիրառելը՝ անկախ դրանց հիմնավոր լինելուց։ Շրջակա միջավայրի քողի տակ, հիշում եք, ինչպես Լաչինի միջանցքը փակեցին՝ էլի նույն ՌԴ-ի խաղաղապահների ներկայությամբ։ Երկրի վարչապետն ասում է՝ հնարավոր է, որ մենք մեր հայցերից հրաժարվենք եւ Բաքուն ներկայացնում է նոր հայց․․․»,- ասաց Արթուր Սաքունցը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու ՀՀ իշխանության դիրքորոշումը։ Նա պնդում է՝ ագրեսորը պետք է պատասխանատվության ենթարկվի, Իլհամ Ալիեւը պետք է իր պատերազմական հանցագործությունների համար պատժվի։

Արթուր Սաքունցը նաեւ հայտարարեց, որ տուժածների անունից իրենք հայցեր են ներկայացնելու ՄԻԵԴ, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են. անկախ նրանից՝ այդ քայլերը ՀՀ իշխանություններին դուր կգա՞ն, թե՞ ոչ։ Միաժամանակ, բանախոսն այս հարցում ամեն դեպքում կարեւոր է համարում պետության պարտավորությունը, քանի որ վստահ է՝ հանուն խաղաղության հրաժարվելը պատերազմական հանցագործությունների համար պատիժներից, բերելու է նոր հանցագործությունների։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728