Ermenihaber. Թուրքական «ANKA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ինդոնեզիայի հեռուստաալիքներից մեկի եթերում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ համաշխարհային քննարկումներին:
Էրդողանը մասնավորապես անդրադարձել է այդ հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պլաններին:
Նա նշել է, որ Գազային տիրանալու Թրամփի ծրագիրը և այդ շրջանակներում «Նեթանյահու կոչված»-ի հետ համաձայնության ձեռքբերումը մեծ սպառնալիք է ամբողջ աշխարհի խաղաղության համար:
«Այժմ Գազայի բնակիչներից և պաղեստինցիներից ոչ ոք չի կարող խլել Գազան: Այսպիսի բան անելու հանդգնելն ամենից առաջ տարատեսակ սպառնալիքներ է ստեղծում համաշխարհային խաղաղության համար»,-հավելել է նա:
Կարդացեք նաև
Էրդողանը նաև համեմատական է անցկացրել ԱՄՆ նախկին վարչակարգի գործելաոճի և Թրամփի գործելաոճի միջև:
«Իրականում ես ճիշտ չեմ համարում այս տեսակ հայտարարությունները, որոնք այժմ հարգարժան Թրամփն անում է նախկին վարչակարգի մոտեցումներով ու աշխարհի մի շարք երկրների մարտահրավեր նետում: Իմ կարծիքով, սա լավ զարգացում չէ»:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ նման իրադարձությունները երբեք չեն կարող ընդունվել թե՛ իրենց և թե՛ իսլամական աշխարհի կողմից:
«Դա կտրականապես անհնար է: Մենք, որպես Իսլամական համագործակցության կազմակերպություն, դեմ եք լինելու սրան»:
Բացի այդ Էրդողանն ԱՄՆ-ին համարել է աշխարհին աջակցելու հարցում առաջին պատասխանատուն և անհրաժեշտ համարել, որ Միացյալ Նահանգների պես պետությունը լինի «խաղաղության կողմնակից»:
Թուրքիայի առաջնորդը սակայն չի սահմանափակվել ԱՄՆ նախագահի հասցեին հնչեցրած քննադատություններով և անդրադարձել է նաև Նեթանյահուին:
Իսրայելի վարչապետին մեղադրելով Պաղեստինն ավերելու, դպրոցներն ու հիվանդանոցները գետնին հավասարեցնելու մեջ` նրան անվանել է «Գանգստեր» (զինված ավազակախմբի ղեկավար-խմբ.):
Հիշեցնենք, որ Թրամփի ծրագրում է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան կողմի ձեռքը վերցնել և այնտեղի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխել այլ երկրներ՝ մինչև այն վերակառուցելը:
Ըստ այդմ՝ Գազայի բնակիչները պետք է տեղափոխվեն հարևան երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը: Սպիտակ տունը պարզաբանել էր, որ այս տեղափոխումը կլինի ժամանակավոր, և ամերիկյան զինված ուժերի ներգրավվածություն նախատեսված չէ:
Նրա առաջարկը նաև ներառում է Գազայի վերակառուցումը ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հովանու ներքո՝ ապահովելով, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» խմբավորումը չվերադառնա այդ տարածք։
Այս հայտարարություններն արժանացել էին միջազգային հանրության քննադատությանը։ Նույնիսկ «ՄԱԿ»-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել խուսափել էթնիկ զտումների ցանկացած ձևից և հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։