«Աչքիս առաջ այս պատկերն եկավ, որ հիվանդ ծնողը պառկած է լինում ու էդ հայացքով իր երեխաներին է նայում, որոնք եկել են իր ունեցվածքը կիսելու: Հիմա պառկած է մեր հիվանդ ծնողը՝ Հայաստանի Հանրապետությունը, ու տեսնում է, թե այն, ինչ իրենից կմնա, ոնց են փորձում կիսել: Ու էդ ծնողը կարող է այնպես նեղանալ իր զավակներից, որոնք դեռ կենդանի ծնողից փորձում են մի բան պոկել: Այդպիսով, ի վերջո բոլորս ենք մնալու առանց ոչնչի»,-«Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Գյումրիում կայանալիք ընտրություններին եւ առհասարակ Հայաստանում տիրող իրավիճակին:
Մուլտիպլիկատորն ի թիվս այլնի անդրադարձավ մանկական խաղեր արտադրող Xaxalove ընկերությանը, որը քարտեզներ էր արտադրել, որոնցում ներառված էր նաեւ Արցախը, հետո հորդորել էր վերադարձնել դրանք՝ առանց Արցախի քարտեզներով փոխարինելու համար. «Այստեղ միայն Նիկոլ, Ալիեւ, Էրդողան հարցը չի, կատարողների հարցն է նաեւ… Այսօր մարդիկ, որոնք հնարավորություն ունեն Արցախի դրոշը պահելու, նրանք էլ են էդ ամեն ինչից հրաժարվում… Մինչդեռ ժամանակին, երբ ազատագրվեց Արցախը, մանուկ հասակից Ադրբեջանը իր հասարակությանը ու աճող սերնդին ներշնչում էր, որ դա մերն է, վերադառնալու ենք, այն դեպքում, որ Արցախը իրենցը չէր: Իսկ մենք այսօր պատրաստ ենք հրաժարվել ամեն ինչից՝ ի շահ ինչի՞, չեմ հասկանում: Խաղալիքներ ստեղծող, ախր դու ինչից ես վախենում, որ ասես՝ էդ հրահանգը չեմ կատարի:
Եթե այդ ֆիրման հրաժարվի կատարել հրահանգը, ես հրաժարվեմ, մյուսը հրաժարվի, բոլորը հրաժարվեն, այս իշխանությունները կնահանջեն, որովհետեւ իրենք վախկոտ են, իրենք միշտ վառված են եղել պայքարող տեսակից:
Ինչու են նրանք միշտ ատել արցախցիներին, որովհետեւ պայքար կար, Արցախն իրենով պայքար էր:
Կարդացեք նաև
Ինչու են ատել նախագահներին, որովհետեւ պայքարող են եղել:
Ինչու են ատել Վազգեն Սարգսյանին, որովհետեւ Վազգեն Սարգսյանը եղել է պայքարող:
Ինչո՞ւ են ատում այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ, որովհետեւ այդ ամենը պայքարի մասին է, իրենք չեն սիրում պայքարել, իրենք հարմարվող են, մի տաք տեղ գտնեն, թարախի մեջ նստեն…
Եթե չլինի պայքար, բոլորիդ դատելու են, ինչպես դատում էին հայտնի տեսանյութը հրապարակած արցախցի տղամարդուն՝ Ղարիբ Բաբայանին: Եթե բոլորդ կատարեք վերեւից եկող դավաճանական հրահանգները, մենք ունենալու ենք այս վիճակը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ