Լրահոս
Օրվա լրահոսը

Երգս կոչ է մարդկությանը՝ առերեսվելու իրականության հետ՝ չդադարելով ճախրել․ Գեւորգ Հարությունյան

Փետրվար 14,2025 13:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Դեպի Եվրատեսիլ» համապետական երգի մրցույթը, որը նաեւ հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Հաղթողն ընտրվելու է միջազգային ժյուրիի Հանրային հեռուստաընկերության ժյուրիի ու ՍՄՍ քվեարկության արդյունքում։ Համատեղ քվեարկության արդյունքում ընտրված մասնակիցը Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ-2025» միջազգային մրցույթում, որը մայիս ամսին կկայանա Շվեյցարիայի Բազել քաղաքում։

Այս տարի, «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ կապանցի երգիչ, 34-ամյա Գեւորգ Հարությունյանը։ Նա 2018 թվականի սեպտեմբերին, Սոչիում կայացած «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում ներկայացրել է Հայաստանը եւ զբաղեցրել 2-րդ տեղը։ 2018 թվականին աշխատել է Կապանի մշակութային կենտրոնի տնօրեն։

Գեւորգ, ինչո՞ւ որոշեցիր մասնակցել Եվրատեսիլին։

-Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելը իմ երազանքն է եղել, ունեի համապատասխան երգ, չնայած մտածեցի նաեւ այլ երգերի ուղղությամբ, բայց նախատեսված ժամկետում նոր բան չէի հասցնի, ուղարկեցի «Hey Man» երգը: Վերջին տարիների իրադարձություններից հետո ստեղծագործական կյանքս հետին պլան էր մղվել, ելույթներս պակասել են։ Մասնակցությունը, կարծում եմ, մի քանի խնդիր կլուծի՝ կրկին համերգային ու մրցութային ռիթմի մեջ։ Ասեմ նաեւ, որ ցանկացած մրցույթը իր ծանրաբեռնվածության հետ մեկտեղ արտիստին տեխնիկապես լավ, բարձր որակի է բերում։

Երկրորդ՝ իմ հանդիսատեսը, բոլոր նրանք, ովքեր իմ յութուբյան կատարումների տակ գրում էին՝ «ո՞ւր է կորել Գեւորգը, ինչու այլեւս չի երեւում», սա կլինի նաեւ նրանց հարցերի պատասխանը։ Իսկ թերեւս ամենակարեւորը՝ ունեմ պատրաստի նոր երգեր, եւ մարդիկ նորից տեսնելով՝ որ ես կա՛մ, դեռ ստեղծագործո՛ւմ եմ, կհետեւեն նաեւ մյուս ստեղծագործական ելույթներին, ու իհարկե գլխավորը՝ արժանանամ այն մեծ պատվին, որ ներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլ-2025»-ում:

Ո՞վ է երգի հեղինակը ու ինչի՞ մասին է այն։ Հնչեցին կարծիքներ, որ երգդ մրցութային ոճի չի։

-Ըստ իս՝ «Hey Man»-ը մրցութային երգ է: Երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է: Թե՛ մեղեդին, թե; գործիքավորումը շատ եմ սիրում, գեղեցիկ ու միստիկ տրամադրություն է ստեղծում: Երգը մենախոսություն է՝ ճշմարտության մասին, ճշմարտությունն անձնապես բացահայտելու եւ վստահ լինելու՝ սեփական ճշմարտացիության մեջ: Երգում բազմաշերտ ենթատեքստեր եւ հակասություններ, բախումներ կան, հատկապես մերօրյա իրականության անմարդկային դժնդակ երեւույթների մասին, որոնց ցավոք՝ մենք բախվում ենք: Երգը կոչ է մարդկությանը՝ առերեսվելու իրականության հետ եւ անկախ ամեն ինչից շարունակել սեփական առաքելությունն ու չդադարել ճախրել: Սիմվոլիկ առումով, այս մրցույթին մասնակցելը նույնպես այդ խորհուրդն ունի, ես էլ չեմ հանձնվել եւ երրորդ անգամ եմ մասնակցում այս մրցույթին, ինչը հոգեբանորեն շատ դժվար է տրվում:

Չեմ թաքցնի՝ մի տեղ էլ ռիսկային է նման երգով ներկայանալը, կամ կլինի շատ լավ, կամ բացարձակ հետաքրքրություն չունենա, բայց մենք գիտենք, որ այս մրցույթում կարեւորը ուղիղ եթերում կատարումն է, գեղեցիկ բեմադրություն, լուսավորություն, լեդ էկրաններ,ամեն դետալի վրա աշխատել ենք, կունենանք գեղեցիկ, օրգանիկ ելույթ:

Գեւորգ ելույթ ես ունենալու 7-րդըասում են՝ 7-ը երջանիկ թվերից է Հավատո՞ւմ ես, որ այն քեզ հաջողություն կբերի։

Առհասարակ, թվերի պահով նախապատվություն չունեմ։ Ի սկզբանե՝ ուզում էի ելույթ ունենալ միջնամասում, քանի որ իմ երգը միակ բալլադն է ներկայացվող երգերի մեջ։ Մտածում էի՝ այդպես ավելի շատ ուշադրության կարժանանամ, երգս կհասնի երկրպագուներիս սրտին ու հոգուն։ Իսկ 7-ը ինձ համար նոր թիվ է, ունեմ հիշարժան ելույթներ կապված 13-ի, 6-ի, 15-ի հետ, սա էլ անկախ արդյունքից, այսուհետեւ 7-ն էլ իմ համար կլինի կառանձնանա մի նոր յուրահատուկ գույնով։

-Սյունեցիները, հատկապես կապանցիները, սոցցանցերում ակտիվ են, հորդորում են քվեարկել քո օգտին։ Ի՞նչ մաղթանք ունես նրանց։

-Ջերմ ողջույններ բոլորին, սյունեցիներին, հատկապես կապանցի հանդիսատեսին։ Վստահ եմ՝ շուտով առիթներ կլինեն ավելի հաճախ հանդիպելու:

-Գեւորգ դու ապրում ես ԱՄՆ-ում, ինչո՞ւ լքեցիր Հայաստանը։

-Ես Հայաստանը չեմ լքել, ԱՄՆ քաղաքացի եմ դարձել, եւ չորս տարի է վերամիավորվել եմ ընտանիքիս հետ։ Կարծում եմ ժամանակակից երիտասարդի համար կարեւոր է այլ տեղերում եւս ապրել, հատկապես արտիստի համար, նոր միջավայրերում ինքնադրսեւորվելը:

 

Զրուցեց Արմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728