Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում մրգային օղիների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների և ոլորտի առողջացմանն ուղղված հանձնաժողովի առաջարկների քննարկման նպատակով։ Քննարկմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն այս շուկայում ուսումնասիրությունն իրականացրել է ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության առաջարկով` դիտարկելու 2023 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության ազդեցությունը ոլորտում գործող տնտեսավարողների գործունեության վրա։ Իրականացված փոփոխության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով, մրգային օղիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացվել էր՝ հավասարեցվելով այլ տեսակի օղիների համար սահմանված դրույքաչափերին։
Ուսումնասիրության արդյունքներով, հաշվի առնելով, որ մրգային օղիների արտադրությունը հանդիսանում է պետության կողմից պահպանվող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք, հանձնաժողովն առաջարկել է մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել բարեխիղճ տնտեսավարողների համար, որոնք արտադրությունը կիրականացեն՝ խստորեն պահպանելով սահմանված չափորոշիչները։ Ծրագրի շրջանակում կկիրառվեն վերահսկողական խիստ միջոցառումներ։
Քննարկման մասնակիցները հավանություն տվեցին ներկայացված առաջարկին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ էկոնոմիկայի նախարարությունը սեղմ ժամկետներում կմշակի կառավարության որոշման նախագիծ։
Կարդացեք նաև
Քննարկվեցին նաև ոլորտի գործարար միջավայրի բարելավմանն ու անբարեխիղճ մրցակցության դրսևորումների կանխարգելմանն ուղղված այլ հարցեր։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով