«Չափորոշչի հաստատման մասին խոսք չկա: Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, բայց չունենք հաստատված առարկայական չափորոշիչ: Այսինքն՝ նախարարի հրամանը պատրաստող «գիտակներն» աչքաթող են արել, որ եթե չափորոշիչն ուժը կորցրած են ճանաչել, հետեւաբար՝ նոր չափորոշիչ պետք է հաստատվեր եւ այնուհետեւ` ծրագրերը, արդյունքում մոռացել են չափորոշիչը՝ իրենց անփութության եւ անուշադրության հետեւանքով։ Իսկ չափորոշիչը եւ ծրագրերը միաժամանակ են հաստատվում եւ սովորաբար մի փաստաթղթով են ներկայացվում։ Այսինքն, այնքան են շտապել՝ «Հայոց պատմությունն» օր առաջ անվանափոխելու «Հայաստանի պատմության», եւ չեղյալ համարել նախկին չափորոշիչն ու ծրագրերը, որ մոռացել են հաստատել բուն առարկայական չափորոշիչը ու դա հրամանի մեջ նշել»,- ասում է Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ու ընդգծում, որ, քաղաքական որոշմանը համապատասխան, ԿԳՄՍՆ-ին հաջողվեց գտնել «գրպանային, ծախու պատմաբաններ», ովքեր 7-12-րդ դասարանների «Հայոց պատմություն»-ը դարձրին «Հայաստանի պատմություն»։
«Մյուս փոփոխություններն էլ դրանից բխող փոփոխություններ են, եւ, հավանաբար, նախօրոք խորհրդատվություն են իրականացրել կատարողների հետ»։ Մալոյանն օրինակ է բերում 11-րդ դասարանի «Հայոց պատմությունը»՝ չբացառելով, որ փոփոխություններ արված լինեն նաեւ մյուս դասագրքերում․
««Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5-ի վերնագիրն էր. «Ազատագրական պայքարը եւ հայապահպանության հիմնախնդիրները նորագույն շրջանում»: 11-րդ դասարանի նոր ծրագրում Թեմա 5-ն ունի հետեւյալ վերնագիրը. «Պետության առջեւ ծառացած հիմնախնդիրները նորագույն շրջանում»: Կարող եք ծանոթանալ «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5-ի բովանդակությանը եւ «Հայաստանի պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5-ի բովանդակությանն ու համեմատել: Կտեսնեք սրբապիղծ, սեւահոգի ու վայ պատմաբանների կատարած ազգադավ փոփոխությունները: Նախ՝ «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»: Ապա ծրագրից հանել են հետեւյալ ենթաթեմաները՝ 4. Արցախյան ազատամարտը՝ Հայկական հարցի պատմության շրջադարձային փուլ: 5. Անկախության վերականգնումն Արցախում: Արցախի Հանրապետության կայացման գործընթացը: 6. Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ու Հայկական հարցը: Հայկական հարցի լուծման հեռանկարները: 7. Արցախյան հիմնախնդիրն այսօր: Լուծման հեռանկարները: 8. Համահայկական միասնության անհրաժեշտությունն ու ազգային հիմնարար արժեքների դերը հայապահպանության գործում: 9. Անկախ եւ զորեղ Հայաստանի Հանրապետությունը՝ հայապահպանության ու հարատեւման գրավական։ Հետաքրքիր է, թե կոնկրետ ում ձեռքով է կատարվել այս փոփոխությունը, որովհետեւ այս մասնագիտական ձեւակերպումները դժվար թե ոչ մասնագետին հանձնարարված լինեին, եւ ովքե՞ր են եղել այդ վայ պատմաբաններն ու կատարածուները»,- ասում է պատմաբանն ու նկատում, որ ծրագրային այս նոր թեմաներին, չափորոշիչներին համապատասխան պետք է գրվի 11-րդ դասարանի Հայաստանի պատմության նոր դասագիրքը։
Արցախից հրաժարվելու այս իշխանությունների քաղաքական գիծն ուղղակիորեն նկատելի է նախարարության կողմից սահմանված կրթական չափորոշիչներում․ «Քանի որ Արցախի հարցը լուծեցին, այլեւս կարիք չկա Արցախի հիմնախնդրին անդրադառնալ դասագրքում, այսինքն՝ արեցին այն նույն ձեւով, որ երիտթուրքերը հայտարարեցին․ չկան հայեր՝ չկա հայկական հարց։ Եվ այն, ինչն Աբդուլ Համիդը 30 տարում չկարողացավ անել, իրենք կատարեցին մեկ տարում, Արցախի շուրջ բանակցությունները սկսեցին զրոյական կետից, բանակցեցին այն, ինչ պետք էր, ու արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք հիմա»։