Ձախողված կառավարություն տերմինը միջազգային պրակտիկայում օգտագործվում է այն դեպքում, երբ կառավարությունը չի կարողանում արդյունավետ կատարել իր հիմնական պարտականությունները:
Այն քաղաքական ուժը, որը ձեւավորել է կառավարությունը եւ չի կատարում իր նախընտրական ծրագիրը, ինչպես նաեւ իր ձեւավորած կառավարության ծրագրերը, քաղաքականության մեջ կոչվում է «Ձախողված քաղաքական ուժ»:
ՔՊ ուժը նախընտրական շրջանում օգտագործեց ընտրություններին ընտրողներին խաբելու, մոլորեցնելու, շողոքորթելու ամենաբազմազան տեխնոլոգիաները, որի արդյունքում պառլամենտական ընտրություններում ՔՊ-ն հավաքեց ձայների մեծամասնությունը:
Նրա ձեւավորած կառավարությունը ի վիճակի չեղավ կատարելու իր նախընտրական ծրագիրը, նաեւ կառավարության ծրագրերը: Հետեւաբար ՔՊ-ն ձախողված քաղաքական ուժ է, կառավարությունը՝ ձախողված կառավարություն:
Կարդացեք նաև
Ցանկանում եմ ձախողված կառավարության եզրույթը հիմնավորել կառավարության ծրագրի անվտանգության եւ արտաքին քաղաքականության բաժնում նշված առաջնահերթությունների եւ իրականում կառավարության վարած քաղաքականության հակասությունների, ձախողումների կամ անարդյունավետ քայլերի համեմատական վերլուծության արդյունքում, ընդ որում՝ էական չէ, թե որն է ձախողման պատճառը՝ դիլետանտիզմը, անհավասարակշիռ վարքագիծը, ներքին քարոզչության մակարդակով արտաքին քաղաքական հարցերին մոտենալը, հաճախ նաեւ՝ դատարկ մեծամտությունը, նախորդ իշխանությունների կուտակած կառավարման փորձի անտեսումը, կառավարման համակարգից փորձառու ղեկավարների հեռացումը եւ այլն: Անկախ այն հանգամանքից, դա դիլետանտության արդյո՞ւնք է, թե՞ դիտավորություն, դրանից կառավարության գնահատականը, որպես ձախողված կառավարություն՝ չի փոխվում:
Ըստ կառավարության ծրագրի՝ ՀՀ-ն անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի:
Իրականում՝ ՀՀ բանակը այժմ հիմնականում կազմավորված է պարտադիր ժամկետային զինծառայողներից, եւ մինչ օրս կառավարությունը քայլեր չի ձեռնարկել պրոֆեսիոնալ բանակի ստեղծման համար:
Ըստ ծրագրի՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ներգրավվածությունը ՀՀ պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի:
Իրականում՝ պարբերաբար կասկածի տակ դնելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կատարած աշխատանքի արդյունավետությունը, ի հակառակ կառավարության ծրագրի, Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հուլիսի 31-ից «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցրեց ՌԴ սահմանապահ զորքերի ծառայությունը, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ Մեղրիի անցակետում:
Ըստ կառավարության ծրագրի՝ ՀՀ-ն շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ՀԱՊԿ-ին, նրա աշխատանքներին ու աշխատել պայմանագրային եւ փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի եւ կսպասարկի անդամ պետությունների շահերը եւ համատեղ նպատակները:
Իրականում՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ բացասական եւ մերժողական վերաբերմունքը նկատվեց դեռ 2018 թվականից, երբ քրեական հետապնդման ենթարկվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, գեներալ Խաչատուրովը: Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից, ինչպես նաեւ դրան հաջորդող ռազմական գործողություններից հետո, բազմիցս հայտարարել է ՀԱՊԿ-ի անդամակցության անարդյունավետության եւ կառույցը լքելու մտադրության մասին:
Ըստ կառավարության ծրագրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եւ ԼՂՀ վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, եւ Հայաստանը նպաստելու է այս ձեւաչափի արդյունավետ գործունեությանը: ՀՀ-ն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետ գործունեությունը, որը էական գործոն է տարածաշրջանային կայունության եւ անվտանգային ապահովման համար:
Իրականում՝ 2025 թվականի հունվարի 9-ին Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում «խաղաղություն հաստատելու համար» Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ է արել։
Ըստ կառավարության ծրագրի՝ Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով՝ ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել եւ ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցական հարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը: Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցության օրակարգը եւս ընդգրկում է մի շարք կարեւոր ուղղություններ, այդ թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար եւ մշակութային ոլորտները:
Ըստ կառավարության եւ իմ կարծիքով՝ մեր ազգային շահը ենթադրում էր, որ Հայաստանը տարածաշրջանում ազդեցիկ, գերհզոր ուժային կենտրոնների հետ հարաբերություններում պետք է առաջնորդվի նրանց շահերի համադրման գաղափարով:
Այս բոլոր ուղղություններով համագործակցությունները ոչ միայն պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այլեւ ձեւավորի տարածաշրջանային դինամիկա, որտեղ Հայաստանը պետք է բարելավի իր դիրքերը եւ շահերը: Ծրագիրը երկու երկրների համար հավասարաչափ նախատեսում է հարաբերությունների զարգացման գործընթաց:
Իրականում՝ Հայաստանը դարձավ գերտերությունների մրցակցության, փորձարկման, շահերի հակադրման կենտրոն: Արեւմուտքը եւ Ռուսաստանը Հայաստանում մրցակցում են, ՀՀ-ի արտաքին քաղաքականության վրա թողնելով բացասական հետեւանքներ: Արեւմուտքի եւ Հայաստանի հարաբերությունների ամրապնդումը կատարվեց ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների:
Ըստ ծրագրի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի ՀՀ անվտանգության երաշխիքի ամրապնդմանը եւ սա լինելու է կառավարության առաջնահերթությունների ցանկում:
Իրականում՝ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ միջազգային հանրության առջեւ կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության իրողությունը, եւ այս քայլով մեկ անգամ եւս վտանգի տակ դրեց ՀՀ-ի անվտանգության ամրապնդման նպատակը, որի կարեւորությունը շեշտում էր կառավարության ծրագրում: Իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը մեծ հարված հասցրեց ինչպես հայ ժողովրդի պատմական արդարության հասնելու ձգտումներին, այնպես էլ անարգեց այն 34 երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ նպաստել են հայ ժողովրդի պատմական արդարությանը հասնելուն:
Սամվել ՆԻԿՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.02.2025