Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորական հայ մարդը վարչապետի աշխատանքը չի տեսնում: Իսկ եթե տեսնում է, ապա միայն վատ եւ ավելի վատ արդյունքով. «Ազգ»

Փետրվար 14,2025 09:30

Բավական ժամանակ է արդեն, որ չի լսվում մեր՝ հատկապես ավագ տարիքի քաղաքացիների հանդիմանական-խրատական խոսքը երկրի վիճակից դժգոհ, հրաժարական պահանջողներին ուղղված՝ «Թողեք մարդն աշխատի»: Մարդը՝ Նիկոլ Փաշինյանն է, աշխատանքը՝ երկրի բարօրությունն ապահովելը, աշխատավայրը՝ կառավարության շենքը՝ ապահովված ամեն գույնի ոստիկաններով, արտաքին որոշ ուժերի հովանոցներով: Սակայն աշխատանքը չի երեւում, բարօրությունը այդպես էլ չի գալիս: Ընդհակառակն՝ ամեն օր վատթարանում է ավելի եւս:

Բողոքի մեծ հանրահավաքներ չկան, անհնազանդության ակցիաները՝ նույնպես: Ընդդիմությունը լռվել-մնացել է մի անհայտ տեղ, բացի Ալիեւի հաչոցներից, Լուկաշենկոյի բարբաջանքներից, խանգարող ոչ մի բան չկա: Վիճակը մնում է նույնը, ավելի վատ: Ինքն այսօր այստեղ, վաղը այնտեղ, ման է գալիս այստեղ-այնտեղ՝ երբ ուզի, ուր ուզի, ում հետ ուզի: Կարեւոր մայրաքաղաքներում հանդիպում է ընտրյալ սփյուռքահայերի հետ, ոգեւորո՜ւմ նրանց Հայկական պետականության հզորացման, կայունության, առաջադիմության հեռանկարով, շփոթեցնո՛ւմ «Պարտությունը հաղթանակ է» եւ նման անստգյուտ տեսություններով:

Մի խոսքով՝ սովորական հայ մարդը վարչապետի աշխատանքը չի տեսնում: Իսկ եթե տեսնում է, ապա միայն վատ եւ ավելի վատ արդյունքով. թանկացում, նորանոր հարկեր, եկամուտների կամայական հայտարարագրում, շրջանառության հարկի վերացում, մանր ու միջին ձեռնարկությունների փակում, գույքահարկի ու տրանսպորտի թանկացում, թոշակների ու նպաստների խոստացված բարձրացման բացակայություն, դպրոցներում եւ այլուր թմրամիջոցների տարածում, արտաքին ու ներքին պարտքեր, մսխումներ, մսխումներ:

Հետեւաբար ավելի քան բնական է, որ մարդիկ այլեւս խորհուրդ չեն տալիս աշխատելու հնարավորություն տալ կառավարության պետին… Որքան աշխատի՝ ա՛յդքան վատ: Այժմ լրիվ փոխվել է մարդկանց վերաբերմունքը, դարձել են ջղային, պահանջկոտ, բայց իրատես:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728