«Ադրբեջանը պատրաստվում է մեզ վրա հարձակվել: Հետեւաբար, խաղաղության բոլոր նախապայմաններն առկա են»: Այդպես կարելի է հակիրճ ձեւակերպել Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածի հիմնական գաղափարը: Առաջին պնդումը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը եւ խիստ հակասում է երկրորդին:
Ադրբեջանն իսկապես նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա: Դա կարող է տեղի ունենալ մի քանի ամիս կամ մի քանի տարի հետո, եւ այդ երկրի ղեկավար Ալիեւը դրանից մեծ գաղտնիք չի էլ սարքում՝ փաստացի հայտարարելով, որ չի հանդուրժի իր կողքին «ֆաշիստական պետությունը»:
Այստեղից բխում է, որ այն կանխատեսումները, թե մենք շուտով հարեւանություն ենք անելու, ապրանքներ եւ երաժշտություն ենք փոխանակելու, մեղմ ասած, ժամանակավրեպ է: Մենք գործ ունենք այն Ադրբեջանի հետ, որն այս պահին Արցախում ոչնչացնում է հայկական բոլոր հետքերը, ավերում է մեր գյուղերը, հուշարձանները եւ գերեզմանները: Դա խաղաղության համար նախապայմաններ չի ստեղծում:
Արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ պետք չէ բանակցել: Անշուշտ, ոչ՝ չի նշանակում: Բայց բանակցել որոշակի սկզբունքային դիրքերից: Ինձ, մասնավորապես, հետաքրքիր է՝ Հայաստանի ղեկավարությունը համաձա՞յն է Ադրբեջանի ղեկավարության հետ, որ 1990-ականների առաջին կեսին Արցախի ազատագրումը եւ ԼՂՀ-ի հռչակումը «հանցագործություն» էր: Եթե՝ այո, ապա հասկանալի է, թե ինչու ՀՀ իշխանավորները ձայն չեն հանում հայ ղեկավարների նկատմամբ Բաքվում ընթացող դատավարությունների մասին: Ես հակված եմ մտածելու, որ այդպես էլ կա, քանի որ 1988-1994 թվականի իրադարձությունները չեն տեղավորվում «իրական Հայաստանի» փիլիսոփայության մեջ:
Կարդացեք նաև
Դրա մեջ, ըստ ամենայնի, տեղավորվում է առանց մտածելու եւ քննարկելու ադրբեջանական կողմի բոլոր պահանջների բավարարումը: Ցրե՞նք Մինսկի խումբը: Այո, մեծ հաճույքով: Հրաժարվե՞նք միջազգային դատական ատյաններում հայցերից: Իհարկե: Փոխե՞նք Սահմանադրությունը: Անպայման: Արդյո՞ք այդ ամենը նախապայմաններ է ստեղծում խաղաղության համար:
Ո՞վ կարող է կանխել Ադրբեջանի հարձակումը: Ակնհայտ է, որ Ռուսաստանը, անկախ այսօրվա բոլոր ռուս-ադրբեջանական խնդիրներից, չի պատրաստվում դա անել: Ոմանք հույսը դնում են ԱՄՆ-ի վրա: Բայց ենթադրում եմ, որ Թրամփը սկի Հայաստանի Հանրապետության տեղը չգիտի: Հարձակմանը կարող է դիմագրավել միայն հայկական բանակը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ